«Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի համագաղափարակիրները ոչ միայն ակտիվ մասնակցում են կազմակերպվող բազմաբնույթ միջոցառումների, այլ նաև իրենց գիտելիքներով, փորձով և ներաշխարհի փոփոխություններով կիսվում են այլ ուսանողների հետ: «Իմ հաջողված պատմությունը» խորագրի ներքո կներկայացնենք համագաղափարակիրների հույզերը եւ ապրումները՝ առ այն, թե ինչպես է ներառումը դարձել ապրելակերպ:
Ես Իյոլանտան եմ` ծրագրի համագաղափարկիր-կամավոր։
Դպրոցական տարիքում «ներառական կրթություն» ասելով հասկանում էի միայն հատուկ կարիքներ ունեցող անձանց կրթություն և այն էլ նրանց անվանում էի «ներառականի երեխաներ», «ներառական կրթության երեխաներ»։ Այս ամենը այն բանի ապացույցն էր, որ դպրոցում, շրջապատում բոլորը դա էին հրամցնում և հատուկ կարիքներ ունեցող երեխաներին կարծրատիպորեն քարացած բառերով անվանում։
Ներառականության մասին ընդհանրապես գաղափար չկար, քանի որ անընդհնատ լսում էինք միայն «ներառական կրթություն» արտահայտությունը և «ներառականություն» ասելով էլ հասկանում էինք միայն հատուկ կարիքներով անձանց կրթություն։
Դպրոցն ավարտելուց հետո ընտրածս մասնագիտությունը շատ սերտ կապ ուներ կրթության ու ներառականության հետ։ Համալսարանում իմացա «Ներառականությունը մտածելակերպ է» խորագրով ծրագրի մասին, գրանցվեցի, սկսեցի մասնկացել ծրագրի տարբեր միջոցառումներին և հիմա նոր եմ հասկանում թե ինչքան է փոխվել մտածելակերպս։ Ես հասկացա ներառականության գաղափարը, դրա տարբեր կողմերը և առանձնահատկությունները։ Հիմա «ներառականություն» ասելով հասկանում եմ, որ բոլորս ունենք ներառվելու կարիք և որ այն բոլորիս համար է։ Հիմա փորձում եմ բառերս զգուշորեն ընտրել և ճիշտ խոսել ու արտահայտվել, որպեսզի չվիրավորեմ ոչ ոքի։ Երբ ինչ-որ մեկը խոսում է ներառականության մասին, անտարբեր չեմ կարողանում անցնել, զրույցների ընթացքում, երբ կարծրատիպային արտահայտություններ են օգտագործում անհանգստանում եմ և փորձում եմ նրանց բացատրել ճիշտ խոսելու և ներառականության գաղափարի կարևորության մասին։ Մենք բոլորս պետք է հարգենք միմյանց, բոլորի տարբերություններն ու առանձնահատկությունները։ Պետք է կարևորել այն,որ հենց մենք ենք այս գաղափարի տարածողը և եթե տարածենք այս գաղափարն ու մտածելակերպը ապա կունենանք ներառող հասարակություն։
Ծրագրում ակտիվ լինելը և գաղափարը կիսելը այսօր ինձ դարձրել է ծրագրի կամավոր։ Ծրագիրը փոխել է իմ մտածելալերպը ներառականություն հասկացության վերաբերյալ, բացի դրանից ես ստացել եմ նաև մասնագիտական գիտելիքներ ու անձնական աճ, ես սկսել եմ հարցերին նայել տարբեր կողմերից։ Ծրագրի բաղադրիչները և անձնակազմը հնարավորություն է տվել ինձ աճելու, արժևորված և ներառված զգալու։
Արդյունքի հասնելու համար կարևորը սկսելն է։ Մենք արել ենք առաջին քայլը, պետք է շարունակենք տարածել այս գաղափարը և դառնալ ներառական հասարակության հիմնաքարերից մեկը։