Ընդհանուր տեղեկատվություն
«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր հիմնադրամը «Դիմակայունություն Covid-19-ին Հայաստանում և Վրաստանում ու արձագանք Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը» ծրագրի (CoNaKa) շրջանակներում 2020թ․-ի 44-օրյա պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված և պատերազմի հետևանքով տուժած տեղացի ձեռնարկատերերին առաջարկում են բիզնեսի աջակցման ամբողջական շղթա՝ ներառյալ դասընթացներ, քոուչինգ, մենթորինգ, ինչպես նաև ֆինանսավորում՝ դրամաշնորհների և փոխառությունների միջոցով:
Ծրագրի շրջանակներում Հայկական Կարիտասի և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի նպատակն է նպաստել 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված և տեղացի ձեռնարկատերերի տնտեսական ինտեգրմանը և բարձրացնել Հայաստանի տնտեսության մրցունակությունը՝ խթանելով նորարարությունն ու ձեռնարկատիրությունը։
CoNaKa-ն Ավստրիական Կարմիր խաչի, Ավստրիական Կարիտասի և Հիլսվերկ Ինթերնեյշընըլի համատեղ ծրագիրն է, որը ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից և իրականացվում է Հայկական Կարմիր խաչի ընկերության, Վրացական Կարմիր խաչի ընկերության, Հայկական Կարիտասի, ԻԴՊ կանանց ասոցիացիա «Քոնսենթ» ՀԿ-ի կողմից։
ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ստեղծվել է 2019-ին «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի և «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից՝ «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի (ԻՐԻՍ ծրագիր) շրջանակում:
Հայտադիմումների ընդունում
Հայկական Կարիտասը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը CoNaKa ծրագրի շրջանակում հայտարարում են հայտադիմումների ընդունման առաջին փուլը, որն ուղղված է ծրագրի թիրախային խմբերի, մասնավորապես՝ 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված և տեղացի անձանց բիզնես նախաձեռնությունների աջակցությանը Հայաստանի Հանրապետության տարածքում։
Ծրագրի 1-ին փուլի մասնակիցների ընտրությունն իրականացվելու է Հայտադիմումների ընդունման սույն հայտարարության միջոցով։ Հայտադիմումների ընդունման 1-ին փուլի հայտարարությունը գործում է 2023 թ. փետրվարի 06-ից, հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը 2023 թ․ մարտի 01-ն է։
Հայտադիմումները հասանելի են առցանց Facebook սոցիալական ցանցի ԻՐԻՍ ԲԻ-ի https://www.facebook.com/IRISBusinessIncubator և Հայկական Կարիտասի https://www.facebook.com/ArmenianCaritas էջերում, ինչպես նաև երկու կառույցի պաշտոնական կայք-էջերում՝ www.irisbi.am, www.caritas.am։
Թիրախային խմբերի սահմանումներ
ԻՐԻՍ ԲԻ-ի ծրագիրը նախատեսված է հետևյալ թիրախային խմբերի համար․
Լեռնային Ղարաբաղի 2020թ․-ի պատերազմի հետևանքով տուժած՝ տեղահանված և տեղացի անձինք, ովքեր հանդիսանում են․
Ինքնազբաղված․ ինքնազբաղված են համարվում ՀՀ օրենքով սահմանված տնտեսական գործունեություն իրականացնող ռեզիդենտ ֆիզիկական անձինք կամ անհատ ձեռներեցները։
Ստարտափ․ ստարտափ են հանդիսանում դեռևս պետական գրանցում չունեցող բիզնես նախաձեռնությունները կամ անհատ ձեռներեցները, ինչպես նաև «Փոքր և միջին ձեռնարկության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված գերփոքր և փոքր ձեռնարկությունները, որոնց պետական գրանցման պահից չի անցել 3 տարի։
Ծրագրին կարող են դիմել 18 տարին լրացած անձինք։
Առաջնային ոլորտներ
ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն իր ծառայությունները նախատեսում է ավանդական ՓՄՁ ոլորտի համար՝ առաջնայնություն տալով հետևյալ ուղղություններին՝
- Բիզնեսներ, որոնք նորարար են եւ սոցիալական ազդեցություն ունեն (դրական փոփոխություններ են բերում մարդկանց մտածելակերպի, մշակույթի, կրթական մակարդակի, շրջակա միջավայրի պահպանության մեջ, աշխատելու հնարավորություն են ընձեռում հաշմանդամություն ունեցող անձանց, միգրանտներին, փախստականներին, հայրենադարձներին և խոցելի այլ խմբերի ներկայացուցիչներին, կամ իրենց բիզնեսից ստացված եկամտի մի մասը սոցիալական նպատակների իրականացման համար ներդնելու միտում ունեն)։
- Բիզնեսներ, որոնք նպաստում են ՓՄՁ ոլորտի զարգացման՝ ՀՀ կառավարության ռազմավարության իրականացմանը (գյուղատնտեսություն, արդյունաբերություն և վերամշակում, տուրիզմ)։
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի ստարտափները չեն հանդիսանում առաջնային թիրախային խումբ, քանի որ երկրում արդեն իսկ գործում են մի շարք նախաձեռնություններ՝ ուղղված դրանց աջակցությանն ու ֆինանսավորմանը։ Այնուամենայնիվ, եթե տեխնոլոգիական լուծումները միտված են՝ նպաստելու վերոնշյալ առաջնային ոլորտների բիզնես գաղափարների իրականացմանը, այդ ստարտափները ևս կդիտարկվեն։
Մասնակցության պայմաններ
Ընդունելության բոլոր փուլերում բոլոր դիմորդների և մասնակիցների համար կգործեն հետևյալ պայմանները.
- Նախքան հայտադիմումի հանձնումը յուրաքանչյուր դիմորդ ծանոթանում է սույն փաստաթղթին և առանց բացառության ընդունում փաստաթղթում ներկայացված բոլոր պայմանները։
- ԴԻմորդը հանդիսանում է ծրագրով սահմանված թիրախ խմբի ներկայացուցիչ՝ 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած՝ տեղահանված կամ տեղացի անձ։
- Հայտադիմումով ներկայացված բիզնես նախաձեռնությունը հստակ ձևակերպված է, պատկանում է դիմորդին:
- Դիմորդը հաստատում է, որ որևէ երրորդ կողմ հայտադիմումով ներկայացված բիզնես նախաձեռնության հանդեպ չունի որևէ իրավունք, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ դրա իրականացմանը. հակառակ դեպքում թեկնածուն դուրս կմնա ծրագրից:
- Դիմորդը պատրաստ է պայմանագիր կնքել՝ համաձայնելով, որ Հայկական Կարիտասի և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի թիմը հետևի և վերահսկի դիմորդի բիզնես նախաձեռնության զարգացման ընթացքը բոլոր փուլերում։
- Ֆինանսավորման փուլ մտած ինքնազբաղված անձինք և ստարտափ թիմերը պարտավորվում են գրանցել իրենց բիզնես նախաձեռնությունը Հայաստանի Հանրապետության տարածքում՝ որպես անհատ ձեռներեց կամ շահույթ հետապնդող այլ կազմակերպաիրավական ձևով, եթե դեռևս գրանցված չեն։
- Ծրագրում ընդգրկված մասնակիցը պարտավորվում է մասնակցել ծրագրային բոլոր պարտադիր բաղադրիչներին, այլապես դուրս կմնա ծրագրից։
- Ցանկացած պահի դիմորդը և/կամ ծրագրի մասնակիցը կարող է որակազրկվել և դուրս մնալ ծրագրից, եթե որևէ կերպ մեղավոր ճանաչվի մասնագիտական խարդախության, կոռուպցիայի, հանցավոր կապերի, փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման, անչափահասների վարձու աշխատանքի կամ մարդկային թրաֆիկինգի այլ ձևերի մեջ։
Դիմորդի կողմից հետևյալ հմտություններին տիրապետելը պարտադիր է՝
- Հայերենի իմացություն,
- Համակարգչից օգտվելու հմտություններ, ինչպես նաև Microsoft Word, Excel, Power Point ծրագրերի իմացություն,
- էլեկտրոնային փոստով հաղորդակցվելու հմտություն։
Ընտրության փուլերը եվ ընտրության չափանիշները
Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետի ավարտից հետո Հայկական Կարիտասի և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի թիմը կիրականացնի հայտադիմումների նախնական ուսումնասիրություն և ընտրություն։ Նախնական փուլի համար կընտրվի առնվազն 65 դիմորդ՝ ոչ ուշ, քան դիմումների ընդունման վերջնաժամկետի ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Նախնական փուլ անցած բոլոր դիմորդները կստանան հաջորդ փուլ անցնելու մասին հավաստող էլեկտրոնային ծանուցում։ Այն դիմորդները, ովքեր չեն անցնի հաջորդ փուլ, կստանան այդ մասին էլ. ծանուցում ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի կողմից՝ դիմումների ընդունման վերջնաժամկետից հետո ոչ ուշ, քան 4 շաբաթվա ընթացքում։
Ընտրության չափորոշիչներ․ Հայտադիմումների ընտրությունը կիրականացվի հետևյալ հիմունքներով՝
ա․ Դիմումների մեջ արտացոլված բիզնես գաղափարները պետք է լինեն բիզնես ուղղվածությամբ, այլ ոչ ծրագրային։ Հաջորդ փուլ կանցնեն այն բիզնես նախաձեռնությունները, որոնք բիզնեսի ստեղծման հստակ նպատակ ունեն, այլ ոչ ժամանակավոր ծրագրեր են։
բ. Պատասխանատվություն. մրցունակ կհամարվեն այն ձեռներեցները, որոնք հանդես կգան հստակ բիզնես գաղափարներով և առավել պատրաստակամ կլինեն դրանք հաջողությամբ իրագործելու։
Նախնական ընտրությունը կիրականացվի՝ հիմք ընդունելով հետևյալ բաղադրիչների գնահատումը՝
- բիզնես գաղափարի իրատեսականությունը,
- մասնակցի մոտիվացիան,
- հայտադիմումի ամբողջականությունը։
Հետագա փուլեր
Նախնական փուլը հաղթահարած դիմորդները կհրավիրվեն՝ մասնակցելու ԻՐԻՍ ԲԻ Ակադեմիային, որը ներառում է դասընթացներ, քոուչինգ, մենթորություն, և կազմելու իրենց բիզնես պլանը։ ԻՐԻՍ ԲԻ ինկուբացիոն փուլի ավարտին մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց բիզնես պլանները Ժյուրիին։
Ժյուրին բաղկացած կլինի հետևյալ 5 անդամից՝
- ԻՐԻՍ ԲԻ-ի աշխատակազմից մեկ ներկայացուցիչ
- Հայկական Կարիտասի մեկ ներկայացուցիչ
- Զարգացման կառույցի մեկ ներկայացուցիչ
- Երկու անկախ փորձագետ (ձեռներեցության, բիզնեսի աջակցության կամ բանկային/ֆինանսական ոլորտի ներկայացուցիչներ)
Այն մասնակիցները, ում բիզնես պլանները կհաստատվեն ժյուրիի կողմից, կստանան ֆինանսավորում և հնարավորություն կունենան՝ շարունակելու մասնակցությունը ԻՐԻՍ ԲԻ-ի քոուչինգի և մենթորինգի ծրագրերին՝ 4 ամիս տևողությամբ։ Այն մասնակիցները, ում բիզնես պլանները չեն հաստատվի, դուրս կմնան ԻՐԻՍ ԲԻ ծրագրերի հետագա փուլերից։
Ֆինանսավորման փուլ
CoNaKa ծրագրի շրջանակում ֆինանսավորում կտրամադրվի ընտրված մասնակիցներին՝ հետևյալ նպատակներին հասնելու համար․
- նպաստել 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված և տեղացի անձանց տնտեսական ինտեգրմանը.
- նպաստել ստարտափների հիմնադրմանը և կայացմանը.
- նպաստել ինքնազբաղված անձանց կայուն եկամտի ապահովմանը և բիզնես նախաձեռնությունների զարգացմանը.
- աջակցել ՓՄՁ-ների զարգացմանը.
- ներդրում ունենալ ՀՀ բիզնես միջավայրի զարգացման գործում՝ նորարար մոտեցումների միջոցով աջակցելով ձեռներեցներին։
Ընտրված մասնակիցները կստանան դրամաշնորհ մինչև 800․000 ՀՀ դրամի չափով։ Յուրաքանչյուր մասնակցի համար դրամաշնորհի չափը կախված կլինի ներկայացված բիզնես պլանից և դրանում արտացոլված ֆինանսական կարիքներից։
Ֆինանսավորում ստանալու նպատակով Հայկական Կարիտասը յուրաքանչյուր մասնակցի հետ կնքելու է ֆինանսավորման պայմանագիր։
Մասնակիցները նաև հնարավորություն կստանան օգտվելու ԻՐԻՍ ԲԻ փոխառությունների ֆոնդից՝ անհրաժեշտության դեպքում։
Աճի եւ զարգացման փուլ
Ֆինանսավորում ստանալուց հետո ԲԻ-ի ռեզիդենտները ևս 4 ամիս հնարավորություն կունենան օգտվելու քոուչինգի և մենթորության ծրագրերից։ Նրանք նաև հնարավորություն կունենան՝ օգտվելու գործընկերային լայն ցանցից։
Ծրագրերի հայտադիմումների ընդունման հղումը ստորև՝
https://bit.ly/CoNaCa_Application-Form_1stCall
Հետադարձ կապ
ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր
Հեռ․՝ 011 474724; 044 474724
Էլ․ հասցե՝ info@irisbi.am
Հայկական Կարիտաս
Հեռ․՝ 043 057201
________________________________________________________________________________
CoNaKa-ն Ավստրիական Կարմիր խաչի, Ավստրիական Կարիտասի և Հիլսվերկ Ինթերնեյշընըլի համատեղ ծրագիրն է, որը ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից և իրականացվում է Հայկական Կարմիր խաչի ընկերության, Վրացական Կարմիր խաչի ընկերության, Հայկական Կարիտասի, ԻԴՊ կանանց ասոցիացիա «Քոնսենթ» ՀԿ-ի կողմից։