Ընդհանուր տեղեկություններ

ՀԿԿԿ/ Հայկական Կարիտասի Կամավորական Կորպուս Պատմություն` Հայկական Կարիտասի (ՀԿ) կամավորը կազմակերպության առաքելության և գաղափարախոսության հիմնական կրողն է, քանզի կազմակերպության հիմնադրումից ի վեր կամավորները ընդգրկված են եղել կազմակերպության գործունեության տարբեր ոլորտներում: Տեսնելով միավորված կամավորների ներուժը՝ 2009 թվականից ի վեր Հայկական Կարիտասը ձեռնամուխ եղավ Հայկական Կարիտասի Երիտասարդական Խորհրդի (ՀԿԵԽ) ստեղծմանը, որը ներկայիս և պոտենցիալ կամավորներին կմիավորի ընդհանուր հետաքրքրություների և խնդիրների շուրջ: 2014թ-ից այն վերանվանվեց Հայկական Կարիտասի Կամավորական Կորպուս: Ներկայումս մոտավորապես 80 կամավոր ներգրավված է Հայկական Կարիտասի տարբեր ծրագրերում: Նրանք աշխատում են տարեցների, հաշմանդամ երեխաների, սոցիալապես անապահով ընտանիքների պատանիների հետ, ինչպես նաև կատարում են ադմինիստատիվ աշխատանք Հայկական Կարիտասի գրասենյակներում և կենտրոններում:

Մեր Շանթը

Շանթ Դեմիրջեանը սիրիահայ կամավոր է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության երեւանյան գրասենյակում, ընդգրկված է փախստականներին, միգրացիային եւ թրաֆիքինգին առնչվող ծրագրերում: Շանթը Քեսաբից Հայաստան է տեղափոխվել Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետեւանքով: Քեսաբի հայաբնակ շրջանը (կենտրոնը՝ Քեսաբ գյուղաքաղաք) տեղակայված է Սիրիայի հյուսիս-արեւմուտքում, Հալեպ գավառում, որտեղ բացի բուն Քեսաբից, շրջանի 13 գյուղերից հայաբնակ էին 9-ը: Քեսաբի շրջանում գործում էր 8 հայկական եկեղեցի՝ իրենց դպրոցներով: Քեսաբում Շանթի կյանքը լի է եղել հայկական շնչով՝ հաճախել է հայկական դպրոց, հայկական եկեղեցի եւ հայկական մշակութային կենտրոն: Քեսաբի վրա հարձակումների հետեւանքով՝ հետեւում թողնելով հայրենի քաղաքը, թալանված տունը, ընկերներին ու հարազատներին, մանկության ու պատանեկության հիշողությունները, Շանթը նոր կյանքի սկիզբ դրեց հայրենիքում:

“Էմիլի Արեգակ”-ը պետք է լիներ իմ կյանքում

“Էմիլի Արեգակ”-ը պետք է լիներ իմ կյանքում Ամեն անգամ դժվարանում եմ հիշել ու պատմել զվարճալի դեպքեր ու պատմություններ իմ կամավորության 4 տարիներից. դրանք շատ-շատ են: Իմ յուրաքանչյուր օրն «Արեգակ»-ում մի հետաքրքիր, ավարտուն պատմություն է՝ լի զվարճալի դրվագներով ու կյանքի դասերով: Ինձ համար ավելի հեշտ կլինի պատասխանել այն հարցին, թե ի՞նչ է տվել ինձ կամավորությունը: Դրա համար մի քանի բառով պատմեմ՝ ինչպիսին էի մինչև «Արեգակ»-ի կամավոր դառնալը. ամաչկոտ էի, նույնիսկ բարևելիս կարմրում էի, չէի սիրում շփվել մարդկանց հետ, ինքնամփոփ էի: Կարող էի ժամերով նստել և ոչ մի բառ չարտասանել: