Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ նախաձեռնող հիմնադիր, խորհրդատու եւ խորհրդի անդամ Զվարթ Նաջարյանին: Հյուրերի կազմում եղել են նաև Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ տնօրեն Գագիկ Տարասյանը, ծրագրերի ղեկավար Անահիտ Գևորգյանը, հանրային կապերի պատասխանատու Արմենուհի Մխոյանը:
Վարդգես Սամսոնյանն իր խոսքում ողջունել է հյուրերի այցը Գյումրի, ապա կարևորել «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի գործունեությունը և տարաբնույթ սոցիալական ծրագրերի իրականացումը Գյումրիում, որոնք միտված են եղել հարյուրավոր անհատների/ընտանիքների սոցիալական վիճակի բարելավման, խնամքի և հոգածության:
Զվարթ Նաջարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, խոսել իր գործենության, Հայաստանում և, մասնավորապես, Գյումրիում իրականացված ծրագրերի մասին: Զվարթ Նաջարյանը նաև կարևորել է համայնքապետարան-«Հայկական Կարիտաս» համագործակցությունը՝ բազմաթիվ ծրագրերի շրջանակներում:
Հայաստանում «Հայկական Կարիտասի» գրասենյակի ստեղծման, անցնող տարիների ընթացքում Գյումրիում տարաբնույթ ծրագրերի միջոցով անհատների/ընտանիքների սոցիալական վիճակի բարելավման, խնամքի և հոգածության գործում ներդրած ջանքերի համար Գյումրի համայնքի ղեկավարը շնորհակալագիր է փոխանցել «Հայկական Կարիտաս» ՀԿ նախաձեռնող հիմնադիր, խորհրդատու եւ խորհրդի անդամ Զվարթ Նաջարյանին: