«Քաղաքացիական ակտիվություն խոշորացված համայնքում» ծրագրի շրջանակներում օգոստոսի 15-ին Գյումրիում կայացավ «Սարապատ խոշորացված համայնք. զարգացման հնարավորություններ և մարտահրավերներ» խորագիրը կրող ֆորումը: Ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“STRONG CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում «Հայկական կարիտաս» ԲՀԿ, «Կանայք հանուն զարգացման» ՀԿ և «Բիոսոֆիա» ՀԿ կոնսորցիումի կողմից իրագործվում է «Քաղաքացիական ակտիվություն խոշորացված համայնքում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Կարիտաս Ֆրանսիայի կողմից:
Միջոցառմանը, բացի մարզային իշխանությունների ու գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներից, ներկա էին խոշորացված համայնքների բնակիչները: Ֆորումին Սարապատի օրինակով ներկայացվեցին խոշորացված համայնքների խնդիրներն ու արդեն խոշորացումից հետո իրականացված աշխատանքները: 2011 թվականից հանրապետությունում իրականացվում է համայնքների խոշորացման ծրագիրը՝ որպես համայնքների միավորման միջոցով տնտեսապես ուժեղ և ֆինանսապես կայուն համայնքների ձևավորմանն ուղղված գործընթաց:
Սակայն, շատ դեպքերում միավորվող համայնքների բնակչությունը պասիվ, երբեմն խիստ բացասական վերաբերմունք ունի միավորման գործընթացների նկատմամբ: Կառավարման համակարգի նոր փոփոխությունների պայմաններում անհրաժեշտություն է առաջացել բարձրացնել միավորված համայնքների բնակչության իրազեկության մակարդակը կատարված փոփոխությունների վերաբերյալ, շարունակական հանրային երկխոսություն սկսել տեղական մակարդակում որոշում կայացնողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև, խթանել քաղաքացիական ակտիվությունը և զարգացնել նրանց հանրային մասնակցության, վերահսկողության ու շահերի պաշտպանության ներուժն ու կարողությունները:
2017 թվականի հոկտեմբերից «Հայկական Կարիտաս» բարեգործական հասարակական կազմակերպությունը «Կանայք հանուն զարգացման» և «Բիոսոֆիա» ՀԿ-ների հետ սկսել է իրականացնել «Քաղաքացիական ակտիվություն խոշորացված համայնքում» ծրագիրը, որի ընդհանուր նպատակն է խթանել քաղաքացիական ակտիվությունը խոշորացված համայնքներում:
«Այս միավորումներն ինչ-որ չափով պարտադրվեցին համայնքներին՝ հաշվի չառնելով մի շարք խնդիրներ, այդ թվում՝ նաև կառավարման հետ կապված: Հուսանք՝ երեք կազմակերպությունների միջոցով իրականացվող ծրագիրն ինչ-որ չափով մեղմեց Սարապատում միավորման արդյունքում առաջ եկած խնդիրները»,- ֆորումի ողջույնի խոսքում նշեց «Հայկական Կարիտաս»-ի ծրագրերի ղեկավար Անահիտ Գևորգյանը: «Համայնքների խոշորացման գործընթացն ուներ մի բացասական կողմ՝ ծրագիրը քննարկվեց համայնքների հետ, բայց համայնքների կարծիքը հաշվի չառնվեց: Սա բացասական գործընթաց է, և ինչ-որ չափով բացասական արձագանքը համայքներից հենց սրանով է պայմանավորված: Կարող եմ նաև ասել՝ համայնքների միավորումը դինամիկ ու շարունակական գործընթաց է, մենք ունեցանք նաև հաջողություններ, դրանք դեռ արձանագրվում են: Կարող եմ այդ իմաստով արձանագրել ավագանու ինստիտուտի կայացումը՝ առավել ևս գյուղական համայնքների պարագայում: Այստեղ մենք ունեցանք մրցակցային ավագանիներ»,-ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ նշեց Շիրակի մարզպետի տեղակալ Արա Մելիքջանյանը՝ կարևորելով հասարակական ոլորտի դերը:
Ծրագրի շրջանակներում մշակվել է վերլուծական փաստաթուղթ, որը ներկայացնում է Շիրակի մարզի Սարապատ խոշորացված համայնքի 15 բնակավայրերի իրավիճակային գնահատումը, ինչպես նաև սոցիալական ու տնտեսական զարգացման հնարավորությունների վերլուծությունը: Վերլուծությունն ուղղված է Սարապատ խոշորացված համայնքի 15 բնակավայրերի (Գոգհովիտ, Ցողամարգ, Ձորաշեն, Բաշգյուղ, Կաքավասար, Փոքր Սարիար, Սարապատ, Հողմիկ, Արփենի, Հարթաշեն, Վարդաղբյուր, Սալուտ, Մուսայելյան, Թորոսգյուղ, Լեռնագյուղ) մարդկային և նյութատեխնիկական ներուժի գնահատման միջոցով գյուղատնտեսական և ձեռնարկատիրական արտադրության կազմակերպման հնարավորությունների ու նպատակահարմարության բացահայտմանը և Սարապատ համայնքի ոլորտային զարգացման գործողությունների ծրագիրը կազմելուն՝ գյուղական զբոսաշրջության ոլորտի օրինակով: Աշխատանքի շրջանակներում գնահատվել է իրավիճակը Սարապատ համայնքի կազմում գտնվող գյուղերում առկա ռեսուրսների տեսանկյունից՝ գյուղատնտեսություն, ձեռնարկատիրություն, էներգետիկ, ջրային ռեսուրսներ, ենթակառուցվածքներ և այլն:
Ծրագիրը նախաձեռնողները նշեցին, որ համայնքային հանդիպումների միջոցով, մասնակցային սկզբունքով բացահայտվել և դասակարգվել են համայնքային հիմնախնդիրները՝ ըստ առաջնահերթությունների, նախանշվել են լուծման հիմնական ուղիներն ու զարգացման հնարավոր ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները: Հավաքված տեղեկատվության հիման վրա կազմվել է զարգացման առաջնահերթությունների ռազմավարություն և որպես օրինակ ընտրված ոլորտի զարգացման գործողությունների եռամյա (2018-2021 թթ.) և տասնամյա պլան, որոնք պետք է քննարկել համայնքի բոլոր բնակավայրերը ներկայացնող ակտիվ խմբերի և համայնքային իշխանությունների ներկայացուցիչների հետ: Փորձագիտական ուսումնասիրության գործընթացն ընդգրկում է Սարապատ համայնքի բոլոր բնակավայրերը:
«Որպեսզի գյուղական զբոսաշրջությունը կարողանա կարևոր դեր խաղալ տարածաշրջանի տնտեսական և սոցիալական աճող կարիքների բավարարման համար, անհրաժեշտ է, որպեսզի ցուցաբերվի բազմակողմ գիտական մոտեցում, որում կինտեգրվի տուրիզմի, պատմության և մշակույթի, կենսաբանների, ինժեներների, ավանդական գյուղատնտեսության ու խոհանոցային գործի, ինչպես նաև որոշ սպորտաձևերի, վերականգնվող էներգետիկայի և այլ ոլորտների փորձագետների ու քաղաքականության ոլորտի մասնագետների գործունեությունը։ Որպես բարձր արդյունավետություն ունեցող զբոսաշրջային ծառայությունների իրականացման լրացում՝ անհրաժեշտ է բարելավել կենսառեսուրսների բոլոր օբյեկտների պահպանությունը և խնամքը։
Պահանջվում է հիմնարար հետազոտություններ զբոսաշրջային բոլոր ենթակառուցվածքների բարելավման համար , ներառյալ` գովազդը, տեղեկատվության տարածումը, ծառայությունների տրամադրման և սպառման ամբողջ շղթան), որպեսզի զբոսաշրջության զարգացումը լինի հնարավորինս կայուն»,- ներկայացնելով ծրագրի վերջնական փուլի գործողությունները՝ նշեց «Բիոսոֆիա» կազմակերպության ղեկավար Համլետ Ղազարյանը:

41d5b315-0a3e-4e43-9c30-ea1799ac80b37aa19553-d2ee-4d77-a529-9b111d1b37d4

9c15f734-4138-415d-8cab-706ac3cb5793
 
  
 

41d5b315-0a3e-4e43-9c30-ea1799ac80b37aa19553-d2ee-4d77-a529-9b111d1b37d4

9c15f734-4138-415d-8cab-706ac3cb5793