Նոյեմբերի 8-ին “Հայկական Կարիտաս” բարեսիրական հասարակական կազմակերպությունը հրավիրել էր մամլո-ասուլիս ժուռնալիստների Ասպարեզ ակումբում ՀՀ Կրթության և Գիտության նախարարության հետ անհամաձայնությունների և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հղված նամակի առնչությամբ:
Նոյեմբերի 8-ին “Հայկական Կարիտաս” բարեսիրական հասարակական կազմակերպությունը հրավիրել էր մամլո-ասուլիս ժուռնալիստների Ասպարեզ ակումբում ՀՀ Կրթության և Գիտության նախարարության հետ անհամաձայնությունների և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հղված նամակի առնչությամբ:
Խնդիրը առաջացել էր 5 ամիս առաջ, երբ ԿԳ նախարարությունը լուծարեց “Գերմանական Բարեկամություն” ծրագրի շրջանակներում, Գերմանիայի Բոնն քաղաքի Կարդինալ Ֆրինգզի անվան Գիմնազիայի հովանավորությամբ վերանորոգված Գյուղատնտեսական Ակադեմիայի Ախուրյանի Հենակետային Վարժարանը: Հայկական Կարիտասը բազմիցս փորձեր կատարեց հանդիպել Կրթության եւ Գիտության Նախարարի հետ` որոշակի պարզաբանումներ ստանալու նպատակով, բայց ավաղ: Հանդիպումը այդպես էլ չկայացավ տարբեր պատճառաբանումներով` “նախարարը զբաղված է”, “տեղում չէ”, “մեկ ուրիշ անգամ” և այլն: Գերմանիայի Բոնն քաղաքի Կարդինալ Ֆրինգզի անվան Գիմնազիան ստիպված եղավ դադարեցնել իր ծրագրերը Հայաստանում, ՀՀ Կրթության եւ Գիտության Նախարարության անտարբեր վերաբերմունքի պատճառով: Բարերարը հրաժարվեց այսուհետ հովանավորել որևէ բարեսիրական ծրագիր Հայաստանում, համարելով անընդունելի այն, որ պետության կողմից չի դրսևորվում համապատասխան վերաբերմունք այն կազմակերպությունների հանդեպ, որոնք, ըստ էության, նպաստում են պետական հոգածության խնդիրների լուծմանը:
Հայկական Կարիտասի ներկայացուցիչները նշեցին, որ նրանք վրդովված են ոչ այդքան այն փաստից, որ դպրոցի լուծարումը կատարվել էր առանց կազմակերպությանը տեղյակ պահելու, այլ նրանից, որ նախարարության հետ 5 ամիսների ընթացքում չկայացավ երկխոսություն: Ներկայացուցիչները համոզված են, որ օբյեկտիվ պատճառաբանումների դեպքում բարերարը գուցե հասկանար իրավիճակը և չընդուներ կտրուկ որոշումներ` զրկելով բազմաթիվ մանուկների բարվոք պայմաններում կրթություն ստանալու հնարավորությունից, իսկ աղքատ ընտանիքներին` հումանիտար օգնությունից:
Լրագրողների հարցին,թե ինչ քայլեր է ձեռնարկելու կազմակերպությունը վարչապետից անբավարար պատասխան ստանալու դեպքում, կազմակերպության գործադիր տնօրեն Անահիտ Մխոյանը պատասխանեց, “Կփորձենք նամակ հղել նաև հանրապետության նախագահին` Սերժ Սարգսյանին… իսկ եթե դա էլ չօգնի, համապատասխան եզրահանգումների կգանք,կդադարենք իրականացնել բարեգործական ծրագրերն այն ոլորտներում, որտեղ հայտայտված ֆոնդերը վտանգում են չծառայել նախատեսած նպատակին:”
Հարկ է նշել, որ Գիմնազիան Հայաստանում բարեսիրական ծրագրեր է իրականացնում սկսած 2003թ-ից և մինչ օրս այս կառույցի հովանավորությամբ բարելավվել են Հայաստանի գյուղական եւ քաղաքային 23 դպրոցների ուսումնական պայմանները /վերանորոգում եւ/կամ գույքի տրամադրում/` օգտակար լինելով ավելի քան 5000 աշակերտների, տրամադրվել են գրենական պարագաներ 500 երեխաների և հումանիտար օգնություն` 152 ծայրահեղ անապահով ընտանիքների: Նվիրաբերվող գումարները հավաքագրվում են գիմնազիայի աշակերտների,ծնողների և ուսուցիչների կողմից ամենամյավազքի մարաթոնի ընթացքում:”Մենք պատասխանատու ենք յուրաքանչյուր գերմանացի աշակերտի դիմաց,ով մասնակցելով վազքին և նվիրաբերելովգումար, համոզված է եղել, որ օգնում է իր հայ հասակակիցներին”, նշեց ասուլիսի ժամանակ ծրագրի ղեկավար Անահիտ Գևորգյանը:
Հայաստանում ընդհանուր առմամբ մոտ 150 հազար եվրոյի համարժեք ծրագրեր իրականացրած Կարդինալ Ֆրինգզի անվան Գիմնազիան որոշել է այսուհետ բարեգործական ծրագրերը Հայաստանի փոխարեն Հնդկաստանում իրականացնել:Հայկական Կարիտասը մտավախություն ունի,որ այս նախադեպը անպատասխան թողնելու դեպքում Հայաստանի վարկանիշը միջազգային կազմակերպությունների մոտ լուրջ վնասներ կկրի`հանգեցնելով բնակչության գոյատևման աղբյուր հանդիսացող բազում միջազգային բարեսիրական ծրագրերի նվազեցմանը:
Մամլո ասուլիսի լուսաբանումներին կարող եք ծանոթանալ այստեղ`
«Հայկական Կարիտասի» Գյումրիի գրասենյակը պատրաստվում է նամակ հղել Սերժ Սարգսյանին
«Հայկական կարիտաս»-ն ընդդեմ ՀՀ նախարարության
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը «քցե՞լ» է «Հայկական Կարիտաս»-ին
ԿԳՆ-ը լուծարել է Գյուղատնտեսական ակադեմիայի Ախուրյանի հենակետային վարժարանը
Բարեգործական ծրագրերը փակվում են, իսկ կրթության և գիտության նախարարությունը լռում է