Դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ «Հայկական Կարիտաս»-ի 2024 թվականի տարեկան ամփոփիչ հանդիպումը, որին ներկա էին «Հայկական Կարիտաս»-ի նախագահի լիազոր ներկայացուցիչ Գերպ. Հայր Նարեկ Վրդ. Մնոյանը, «Հայկական Կարիտաս»-ի տնօրեն Գագիկ Տարասյանը, Կազմակերպական զարգացման պատասխանատու Անահիտ Գևորգյանը, ինստիտուցիոնալ զարգացման պատասխանատուները, ֆինանսական բաժնի և ծրագրերի ղեկավարները:
Մինչ տարվա ձեռքբերումների, բացթողումների և գալիք մարտահրավերների մասին խոսելը, Գերպ. Հայր Նարեկ Վրդ. Մնոյանը ներկաներին փոխանցեց «Հայկական Կարիտաս»-ի նախագահ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարք Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս Մինասյանի երախտագիտությունն ու Հայրական օրհնությունը «Հայկական Կարիտաս»-ի աշխատակազմին:
«Ուզում եմ ոչ միայն խոսենք արդյունքների մասին, այլ նաև փոխանցեմ Հոգևոր Տիրոջ ողջույններն ու երախտագիտությունը: Չնայած իր բազմազբաղ լինելուն, վստահ եղեք, որ միշտ կարող եք Հոգևոր Տիրոջ աջակցությունը զգալ: Փոխանցելով Հոգևոր Տիրոջ խոսքերը, վստահեցնում եմ՝ Հայկական Կարիտասն իր սրտի մեջ է, իսկ եկեղեցին՝ Կարիտասի կողքին: Ուզում եմ փոխանցել նաև նախագահի շնորհակալությունը Կարիտասի անձնակազմից՝ այն բանի համար, որ միշտ անում եք ավելին, քան այն պարտականությունները, որ պետք է իրականացնեք: Մեկ անգամ չէ, որ Հոգևոր Տերը նշել է՝ դուք առաքյալներ եք: Այն ամենը, ինչ անում եք, պարզապես թվեր չեն, այլ այդ ամենի հետևում Հոգևոր Տերը տեսնում է անձերին, և այդ անձերից յուրաքանչյուրը, որ կարիքի մեջ է, դուք իբրև առաքյալներ հասնում եք օգնության՝ երանի ենք տալիս Ձեզ, քանի որ եթե ի սրտե ու անկեղծ եք անում այդ առաքելությունը, ձեզանից յուրաքանչյուրը այդ կարոտյալին մեջ հանդիպում է Տիրոջը՝ համաձայն իր Տերունական խոսքի: Եւս մեկ անգամ փոխանցում եմ Հոգևոր Տիրոջ օրհնությունն ու շնորհակալությունը»,- նշեց Հայր Նարեկ Վրդ. Մնոյանը, Հոգևոր Տիրոջ անունից շնորհակալություն հայտնելով նաև Գագիկ Տարասյանին ու Անահիտ Գևորգյանին կատարած աշխատանքի ու նվիրվածության համար:
Կարևորելով թիմային աշխատանքը, «Հայկական Կարիտաս»-ի նախագահի լիազոր ներկայացուցիչ Գերպ. Հայր Նարեկ Վրդ. Մնոյանը վստահեցրեց, որ այդպես ավելի երկար ճանապարհ է անցնելու կազմակերպությունը՝ աջակցելու ու արձագանքելու այն խնդիրներին, որոնց լուծման կարիքը կա:
«Հայկական Կարիտաս»-ի տնօրեն Գագիկ Տարասյանը նշեց, որ չնայած որոշակի դժվարություններին, արհեստավարժ թիմի շնորհիվ կազմակերպությունը կարողացավ հաղթահարել խոչընդոտները: Տնօրենը հույս հայտնեց, որ հաջորդ՝ 2025 թվականը, որը հոբելյանական է՝ «Հայկական Կարիտաս»-ը նշելու է գործունեության 30-ամյակը, կլինի նոր ձեռքբերումների տարի:
«Սիրով ու սրտացավությամբ ծառայել տարբեր խոցելի խմբերի՝ հարգելով յուրաքանչյուրի արժանապատվությունը»: Սա է առաքելությունը, որ իրականացնում է «Հայկական Կարիտաս»-ը: Վերջինիս տեսլականն է լինել հզոր և կարևոր դերակատար Հայաստանի Հանրապետությունում սոցիալական արդարության և սոցիալական պաշտպանության հարցում:
«Հայկական Կարիտաս»-ն ունի 4 հիմնական ուղղություն.
- ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
- ՄԻԳՐԱՑԻԱ ԵՎ ԻՆՏԵԳՐՈՒՄ
- ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՉԱՓ ԶԱՐԳԱՑՈՒՄ
- ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ
Կազմակերպական զարգացման պատասխանատու Անահիտ Գևորգյանը անդրադարձավ 2022-2026թթ-ի Ռազմավարական Ծրագրին և Կազմակերպական Զարգացման գործընթացին և առկա իրավիճակին, 2024թ-ի Հայկական Կարիտասի ֆինանսական պատկերը ներկայացրեց ֆինանսական ղեկավար Զվարդուհի Ալեսանյանը: Վերջում ծրագրերի ղեկավարներ՝ Ա. Թումասյանը, Հ. Գասպարյան, Գ. Նորիկյան, Զ. Աղանյանը և Լ. Ստեփանյանը ներկայացրեցին ոլորտային գործունեության ամփոփագիրը: