2017-2021թթ. «ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ»-Ի ԾՐԱԳՐԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հիմնական նվաճումները (2014-2016թթ.)
Հիմնական նվաճումները, որոնք հանգեցրել են Հայկական Կարիտասի երկարաժամկետ կայունությանը և ազդեցությանը, առնչվում են տարբեր ոլորտների և ձեռք են բերվել «Հայկական Կարիտաս»-ի աշխատանքներում համատեղ ջանքերի ու տքնաջան աշխատանքի շնորհիվ՝ թե՛ տեղական ու թե՛ ազգային մակարդակներում:
Առնվազն վերջին 3-5 տարիների ընթացքում «Հայկական Կարիտաս»-ն ընտրել ու ապացուցել է իր մոտեցումների հաջողությունն ու արդյունավետությունը Կարիտասի համաշխարհային ցանցում: Ռազմավարական վերջին պլանի իրագործման համապարփակ, բազմակողմանի մոտեցումը հնարավորություն է ընձեռել կազմակերպությանն աջակցելու ժողովրդի կյանքի ոչ միայն նյութական խնդիրներում (ծառայությունների մատուցում, օգնության տրամադրում, ծանր պայմանների մեղմացում), այլև նրանց վերաբերմունքի ու վարքի որոշակի փոփոխության (տեղեկատվության տրամադրում, իրազեկվածության բարձրացում, հմտությունների զարգացում և այլն): Վերոնշյալ բազմակողմանի մոտեցումն ազդում է նաև այն համակարգերի ու կառույցների վրա, որոնք կարող են խանգարել փոփոխությունների ու զարգացման գործընթացների իրականացումը և՛ տեղական, և՛ ազգային մակարդակներում (շահերի պաշտպանություն եզրույթի լայն իմաստով): Հիշյալ մոտեցումը համակարգային է և կարող է նույնքան արդյունավետ լինել կազմակերպության գործունեության այս կամ այն ոլորտում. լինի հանրային առողջապահություն, սոցիալական պաշտպանություն, համայնքային զարգացում և այլն:
Թիրախային ոլորտ. «Հայկական Կարիտաս»-ը հաջողությամբ շարունակում է ծրագրեր իրականացնել՝ ուղղված երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, երիտասարդների և կանանց կենսակերպում երկարաժամկետ դրական փոփոխությունների ձեռքբերմանն ու հաստատմանը: Վերջին 3 տարիների ընթացքում «Հայկական Կարիտաս»-ն օգնություն է տրամադրել 1589 երեխայի, 1890 տարեցի, համախմբել է 52 համայնքի 540 երիտասարդի, բժշկական ծառայություններ է մատուցել շուրջ 3000 կարիքավոր անձի, աջակցել է 1583 փախստականի և հայրենիք վերադարձող 287 անձանց ինտեգրմանը:
2016թ.-ին ՀԿ-ն Արարատի մարզի Արտաշատ քաղաքում բացեց երեխաների ու տարեցների խնամքի կենտրոններ՝ այսպիսով, իր ներկայությունն ապահովելով երկրի չորրորդ մարզում: «Փոքրիկ իշխան» ցերեկային խնամքի սոցիալական կենտրոնը (թվով հինգերորդ) և Տարեցների տնային խնամքի կենտրոնը (թվով վեցերորդ) նախորդների օրինակով ու փորձով ընտանիքակենտրոն աջակցություն է տրամադրում ծայրահեղ պայմաններում հայտնված երեխաներին ու դեռահասներին, ինչպես նաև Արտաշատ քաղաքում բնակվող միայնակ տարեցներին: Այս կենտրոնների օգնությամբ ՀԿ-ն ձգտում է հասնել անապահով երեխաների, երիտասարդների ու տարեցների ինտեգրմանը՝ սոցիալ-հոգեբանական աշխատանքների, առողջ ապրելակերպի խթանման և կրթական ու կյանքի հմտությունների ձեռքբերմանն ուղղված դասընթացներով: Հիշյալ կենտրոնները կարևոր կառույցներ են, որոնք կարող են շարունակաբար գործել՝ տրամադրելով նմանատիպ աջակցություն: ՀԿ-ն ըստ էության ձգտում է կառավարության ուշադրությունը հրավիրել այս ծառայությունների կայունության ապահովմանը:
2015թ.-ին ՀԿ-ն բացեց «Էմիլի Արեգակ» կենտրոնի դռները. այն հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության և ռեսուրս կենտրոն է Գյումրիում, որն առաջարկում է բազմակողմանի ծառայություններ բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների ու երիտասարդների համար: Կենտրոնն ապահովում է բազմաթիվ ծառայություններ, որոնք կենսականորեն անհրաժեշտ են այստեղ հաճախող երեխաների ու երիտասարդների ինտեգրալ զարգացման համար: Կենտրոնը ոչ միայն ազգային, այլև տարածաշրջանային մակարդակում մոդելային եզակի հաստատություն է: Այստեղ իրականացվող խնամքի մեթոդաբանությունը յուրօրինակ է և վերարտադրելի՝ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի սոցիալական մոդելի վրա հիմնված: Ներկայումս ՀԿ-ի կողմից ֆինանսավորվել է 3 ծրագիր կենտրոնի կայուն գործունեությունն ապահովելու նպատակով:
Համայնքային աշխատանքն իրականացվում է համապարփակ ծրագրավորմամբ՝ թիրախային խմբում ունենալով Շիրակի, Գեղարքունիքի ու Լոռու 52 համայնքում բնակվող կանանց, երեխաներին ու գյուղատնտեսներին: Աշխատանքի արդյունքում զգալիորեն բարելավվել է նրանց կենսակերպը:
«Արամազդ» ծրագրի շրջանակում ամրապնդվել է խոցելի համայնքներում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը նպաստող առնվազն 12 տեղական ՀԿ-ների դերը շնորհիվ կարողությունների զարգացման ու քաղաքացիական ներգրավման մի շարք նախաձեռնությունների: Ձեռնարկատիրական գործունեությունը, որը նպատակաուղղված է եկամուտների ու զբաղվածության հնարավորությունների հաստատմանը, նպաստել է համայնքներում բնակչության եկամուտների ավելացմանը, ինքնավստահության ձեռքբերմանն ու կենսամակարդակի բարձրացմանը:
«Հայկական Կարիտաս»-ի ներգրավումն աղետների ռիսկի կառավարմանն ուղղված գործողություններին նոր խթան է հանդիսացել հատկապես 2016թ.-ի ապրիլին՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հակամարտության սրման ժամանակ:
«Կաթողիկե օգնության ծառայություններ» կազմակերպության փորձառության ու խորհրդատվության շնորհիվ «Հայկական Կարիտաս»-ի աշխատակազմն առավել է հզորացել՝ կարիքների գնահատում անցկացնելով և կարճ ժամկետում իրավիճակային հաշվետվություններ ներկայացնելով: Դրան հաջորդել են դրամաշնորհների տեսքով մարդասիրական օգնության տրամադրումը Մարտակերտի շրջանի 73 տնային տնտեսությունից 362 անձի, ինչպես նաև սննդամթերքի 200 փաթեթի բաժանումը հակամարտության սրման առաջին իսկ օրերին: Մի շարք համայնքներում ՀԿ-ն իրականացրել է նաև աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումներ:
Շահերի պաշտպանություն
Կազմակերպության գործունեության առաջնահերթություններից են հաշվետվողականությունը և շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը:
Առաջ շարժվելու մեծ վճռականությամբ, 2015թ.-ին առաջնորդվելով շահերի պաշտպանության ռազմավարությամբ, ՀԿ-ն ապացույցների վրա հիմնված շահերի պաշտպանություն ու լոբբինգ իրականացնելու գործառութային կարողությամբ արդեն իսկ ճանաչվել է պետական մի շարք կառույցների ու միջազգային շահագրգիռ կազմակերպությունների կողմից:
«Հայկական Կարիտաս»-ը Հայաստանում առաջինն էր, որ նախաձեռնեց «Տարեցների պաշտպանության հայկական ցանց»-ի ստեղծում՝ ներգրավելով տեղական, միջազգային և մասնավոր հատվածի ոլորտային կազմակերպություններին: Ներկայումս ցանցը գործում է ավելի քան մեկ տարի և արդեն կայացած կառույց է, որի գործունեությունը քննարկվում է պետական ռազմավարության մակարդակում և տարեցների խնամքի միասնական չափորոշիչների շրջանակում:
Տեղական, ազգային ու տարածաշրջանային մակարդակներում հաստատված գործընկերային փոխհարաբերությունները ՀԿ-ի առավելություններն են` հեղինակությունն ու ծրագրերի ունեցած ազդեցության մակարդակը բարձրացնելու համար: ՀԿ-ն միասնական ջանքերով սկսել է համագործակցել գաղափարակից բոլոր կազմակերպությունների հետ ծրագրերի մշակման և շահերի պաշտպանության ոլորտում:
ՀԿ-ի՝ 2015-2016թթ. ռազմավարական պլանի գնահատումը և կառավարական, տեղական ինքնակառավարման ու ՔՀԿ-ների իր գործընկերների հետ քննարկումները ցույց տվեցին, որ կազմակերպությունն ունի ոլորտային հստակ կենտրոնացվածություն և կարողացել է ուրույն տեղ զբաղեցնել հասարակական ոլորտում:
Կազմակերպության խորհուրդը, գործադիր թիմը և աշխատակազմը նախագծերի ստեղծման ու կառավարման ոլորտում գործընկերների կողմից ճանաչվել են որպես բարձր որակավորում ունեցող և վստահելի: 2015թ. մարտին ՀԿ-ի և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր շահերի ընդհանուր ոլորտների վերաբերյալ: Շահերի պաշտպանության ոլորտում ՀԿ-ի աճող դերի շնորհիվ 2015 թ.-ին տեղի է ունեցել լոբբիստական 14 հանդիպում, իսկ 2016-ին՝ 20:
ՀԿ-ն 2015թ.-ին ներկայացրել է մեկնաբանություններ ու առաջարկներ երկու օրենքների ու մեթոդական առաջարկների վերաբերյալ, իսկ չորսի համար՝ 2016թ.-ին: ՀԿ-ն ակտիվորեն ներգրավվել է պետական թափանցիկ համաֆինանսավորման և համադրման մեխանիզմների մշակման գործընթացում և 2016թ.-ի մայիսին միացել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից նախաձեռնված «Սոցիալական աջակցության ցանցը ազգային մակարդակում» նախագծին:
ՀԿ-ի տարածքային գրասենյակները միացել են «Տեղական մակարդակում սոցիալական աջակցության ցանցեր»-ին Հայաստանի չորս համայնքներում: 2016թ.-ի հունիսին ՀԿ-ի շահերի պաշտպանության պատասխանատուն դարձավ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հանրային խորհրդի անդամ:
2015թ.-ին տարբեր մակարդակների որոշումներ կայացնողների ուսումնական 6 այց է կազմակերպվել ՀԿ-ի կենտրոններ, 4 այց էլ՝ 2016թ.-ին:
Համընդհանուր գաղափարի ու գործունեության մաս դառնալու համար ՀԿ-ն ընդլայնել է իր ներկայությունը ՔՀԿ միավորումներում: Այն արդյունավետորեն աջակցել է «Տարեցների պաշտպանության ցանց»-ի և «Գյումրու հաշմանդամություն ունեցող անձանց ցանց»-ի ստեղծմանն ու գործունեությանը:
Ակտիվորեն նախաձեռնել է աշխատանքային խմբի ստեղծումը, որը բաղկացած է «Տարեցների պաշտպանության ցանց»-ի ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների բաժանմունքի անդամներից: 2016թ.-ի դեկտեմբերից մինչև 2017թ.-ի փետրվարը միացել է 2017-2021թթ.-ի՝ ծերացմանն ուղղված պետական ռազմավարության մշակմանը:
Միջազգային համագործակցությունն ու ներդրումները նպաստում են «Կարիտաս Եվրոպա» միջազգային ցանցում ակտիվ մասնակցության ապահովմանը: 2016թ.-ին ՀԿ-ի անձնակազմի անդամներից 4-ն ընտրվել են «Կարիտաս Եվրոպա»-ի աշխատանքային չորս խմբերում, մասնավորապես՝ Կազմակերպական զարգացման, Ինստիտուցիոնալ շահերի պաշտպանության, Սոցիալական ներառման և ինտեգրման, Միգրացիայի ու ապաստանի, ինչպես նաև Մարդասիրական գործողությունների կազմակերպման:
Փոխըմբռնման հուշագրեր են կնքվել ՀՀ տարածքային կառավարման զարգացման նախարարության Միգրացիոն պետական ծառայության և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության /ԶՊԳ/ հետ: ԶՊԳ-ի և Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում ՀԿ-ն կահավորել է Զբաղվածության պետական գործակալության կողմից ղեկավարվող ու գործող միգրացիոն շարժական ռեսուրս կենտրոնը՝ նախատեսված անկանոն միգրացիայի ռիսկերի վերաբերյալ պոտենցիալ միգրանտների և համայնքի բնակիչների շրջանում իրազեկության բարձրացման քարոզարշավների ու վերապատրաստման դասընթացների անցկացման համար:
ՀԿ-ի կազմակերպական կարողություններն աճում են իրականացրած յուրաքանչյուր ծրագրի հետ: Նոր ծրագրերը, նոր աշխատակազմը և նոր մարտահրավերները կազմակերպությանն ապահովում են գիտելիքների ու փորձի հարուստ պաշարով՝ բարելավելով նրա վարչական, ֆինանսական, մարդկային ռեսուրսները և նպաստելով հարակից ընթացակարգերի զարգացմանը: Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր նոր դոնորի հետ հարաբերվելիս կայուն արդյունքների հասնելու համար անձնակազմը վերանայում և վերաձևակերպում է փաստաթղթերն ու ընթացակարգերը:
Ռազմավարական նշանակության վերջին փաստաթղթերը, որոնք նպաստել են թիմային ներուժի նպատակային օգտագործմանն ու ռազմավարական միջամտությունների պլանավորմանը, ընդգրկում են ՀԿ-ի 2016-2018թթ.-ի Շահերի պաշտպանության ու հաղորդակցության ռազմավարությունը (փետրվար, 2016), ինչպես նաև ՀԿ-ի Երեխաների պաշտպանության և անվտանգության ապահովման քաղաքականությունը և ՀԿ-ի Աղետների ռիսկի կառավարման ռազմավարությունը:
Մասնագիտական կարողությունների զարգացումը ներառել է 3 ուսուցողական դասընթացների շարք՝ կազմակերպված «Կարիտաս Եվրոպա»-ի կողմից 2 տարի ժամկետով: Դրանք են՝ Կազմակերպական զարգացում, Շահերի պաշտպանության ուսուցում և Կաթողիկե սոցիալական ուսմունքի դասընթացի կրթական մոդուլներ (2016-2017թթ.):
Երեխաների ցերեկային խնամքի կենտրոնների 15 աշխատակիցների համար անցկացվել է տեղական մակարդակի շահերի պաշտպանության աշխատանքային հանդիպում: 2016թ.-ի նոյեմբերին Թբիլիսիում «Կարիտաս Գերմանիա»-ի աջակցությամբ վարչական հինգ աշխատողների համար կազմակերպվել է Շահերի պաշտպանության քարոզարշավի պլանավորման միջազգային դասընթաց, եղել են նաև փոխանակման ու ուսուցման նպատակային մի շարք այլ հնարավորություններ:
Տեսլականը, արժեքները և առաքելությունը
Տեսլականը
Սուրբ Գրքով և Կաթողիկե եկեղեցու սոցիալական ուսմունքի գաղափարներով ոգեշնչված՝ մենք ստեղծում ենք այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ միայնակ չեն իրենց կարիքների հետ, որտեղ հարգվում է անձի արժանապատվությունը, պաշտպանված են նրա հիմնական իրավունքները, և գերիշխում են արդարությունն ու սերը:
Մեր տեսլականն է՝ մարդկանց կյանքում տևական դրական փոփոխությունների հաստատումը սոցիալական արդարության խթանմամբ ու Հայաստանում կայուն զարգացման հնարավորությունների ապահովմամբ:
Արժեքները
Միշտ չէ, որ հնարավոր է մեղմել տառապանքն ու նվազեցնել կարիքը: Մենք հավատում ենք, որ քրիստոնեական, եղբայրական սիրո արտահայտություն է նաև աջակցել այն մարդկանց, որ, իրենց տառապանքին դիմակայելուց բացի, այլընտրանք չունեն: Մենք կողմ ենք «Կարիտաս Ինտերնացիոնալիս»-ի և «Կարիտաս Եվրոպա»-ի ռազմավարություններում ամրագրված արժեքներին ու սկզբունքներին, որոնք ուղղորդում են մեր ներկայությունը, պարտավորությունների իրականացումն ու գործունեությունը Հայաստանում:
Արդարություն և ազնվություն. Արձագանքելով հավատքի կանչին՝ ձգտում ենք ստեղծել բարոյական արդար կարգեր, ճիշտ հարաբերություններ մեր կյանքում և մեր կազմակերպություններում ու համայնքներում, որտեղ աշխատում ենք: Մենք ուղեկցում ենք, ծառայում, փորձում հասկանալ ծայր աղքատության մեջ գտնվողներին՝ օգնելով նրանց փոխակերպելու այն հասարակությունը, որտեղ ապրում են, և այն կառուցվածքները, որ ստիպում են նրանց աղքատ մնալ:
Համընդհանուր բարեկեցություն. Մարդկային արժանապատվության վայելքը և համայնքում զարգանալու հնարավորությունը ներազդում են մեր կողմից հասարակության կազմակերպման վրա սոցիալապես, էկոլոգիապես, կրոնամշակութային, տնտեսական, իրավաքաղաքական առումներով: Մենք աշխատում ենք Կաթողիկե եկեղեցու համընդհանուր համայնքի, ինչպես նաև կրոնական այլ ավանդույթներ ունեցողների, քաղաքացիական հասարակության, կառավարությունների և իշխանությունների հետ՝ պաշտպանելու մարդկային արժանապատվությունը, հետևելու անհատական ու սոցիալական իրավունքների, պարտավորությունների իրականացմանը և նպաստելու համընդհանուր բարեկեցությանը:
Որպեսզի մարդկանց վստահեցնենք, որ տեղյակ ենք իրենց հուզող խնդիրներին և անդրադառնում ենք յուրաքանչյուրի կարիքին, մեծ պատասխանատվություն ու պատրաստակամություն ենք ցուցաբերում՝ արձագանքելով նրանց կարիքներին, հաշվի առնելով նրանց դիտարկումները և ըստ էության այդ ուղղությամբ աշխատանք տանելով:
Մարդկային ինտեգրալ զարգացում. Մենք զարգացումը դիտարկում ենք՝ ելնելով անձի բնության լիարժեք ընկալումից ընտանեկան ու ավելի մեծ համայնքների փորձի համատեքստում, որը ներառում է հոգևոր, հոգեբանական, ֆիզիկական, նյութական և տնտեսական տարրեր:
Որտեղ էլ որ աշխատենք, ձգտում ենք հասնել անձի ու համայնքի ընդհանուր զարգացմանը և փոխել անարդար սոցիալական համակարգերը: Մեր աշխատանքում ապահովում ենք կայուն ու հետևողական կապեր օգնության, վերականգնման և զարգացման բաղադրիչների միջև:
Արհեստավարժությունը (պրոֆեսիոնալիզմ) անձի ու համայնքի ընդհանուր զարգացման անբաժանելի մասն է կազմում: Մենք պարտավորվում ենք ներդնել մեր բոլոր ջանքերը և կատարել բոլոր առաջադրանքները արհեստավարժ ու հմուտ՝ ի նպաստ աջակցության կարիք ունեցող անձանց ու համայնքների:
Սեր և կարեկցանք. Միավորված լինելով մեկ ընդհանուր մարդասիրական ընտանիքում՝ հաշվի ենք առնում մյուսների տառապանքը և բարոյական պատասխանատվություն կրում մարդկանց կարիքներին արձագանքելու համար: Այս պարտականության իրականացումը կարևոր է թե՛ մեր ինքնության համար՝ որպես կաթողիկե կազմակերպություն, թե՛ մեր՝ համամարդկային ընտանիքի անդամ լինելու առումով: Ուստի մենք՝ որպես միջազգային համայնքի ներկայացուցիչներ, ճանաչում ենք մեր պարտավորությունը մարդասիրական օգնություն տրամադրելու գործում, ինչպես նաև մյուսներինը՝ մեր առաքելության իրականացումը չխոչընդոտելու առումով:
Կարեկցանքն ապրումակցման (էմպաթիա) հետ՝ որպես միասնական արժեք, աշխատավայրում նպաստում է պատասխանատվության զգացման բարձր մակարդակի և փոխհամագործակցության հաստատմանը: Հիմնական արժեքները, ինչպիսիք են բարությունն ու սերը, առաջնային են վերևում թվարկածների մեջ:
Ընտրության արտոնյալ տարբերակ աղքատների ու ճնշվածների հետ և նրանց համար. Համաձայն Հիսուս Քրիստոսի Ավետարանի՝ մենք նախընտրում ենք ուղեկցել նրանց, ովքեր աղքատ են, մեկուսացված կամ ճնշված: Պարտավորվում ենք պայքարել անմարդկային աղքատության դեմ, որը մարդկանց զրկում է արժանապատվությունից: Առաջնորդվում ենք Սուրբ Գրքի պատվիրաններով՝ աշխատելով ճնշվածների ազատության վերականգնման և երկրի բարիքների արդարացի ու հավասար բաշխման ուղղությամբ, իսկ մեկուսացածներին սովորեցնելով պատասխանատվություն կրել անհատական զարգացման համար: Մենք աղքատների խնդիրները դիտարկում ենք ինչպես մերը՝ վերաբերվելով նրանց հավասարը հավասարի պես: Այս աստիճանում, անտարակույս, կկարողանանք կանգնել կարիքի մեջ գտնվող մարդկանց կողքին՝ դիմադրելով անարդարությանը, որին նրանք անընդհատ հանդիպում են:
Հարգանք. Մենք հարգում ենք կրոնական ավանդույթները, մշակույթը, համակարգերն ու սովորույթները, քանի որ դրանք բարձրացնում և պաշտպանում են անձի արժանապատվությունը:
Հանդուրժողականություն ենք ցուցաբերում ընդունելու և հասկանալու բոլոր իրավիճակները՝ դրանց լուծման համար չխնայելով ջանք ու եռանդ:
Համերաշխություն. Մենք համերաշխորեն աշխատում ենք աղքատ ու մեկուսացված մարդկանց հետ՝ այսպիսով, ճաշակելով խաղաղության, արդարության ու մարդկային արժեքների զարգացման պտուղները: Համերաշխությունը մեզ միավորում է ընդհանուր տեսլականի մեջ ստեղծելու այնպիսի աշխարհ, որտեղ մարդիկ արդարացիորեն ստանում են այն, ինչն իսկապես պատկանում է իրենց՝ Աստծո որդիներին ու դուստրերին:
Կորպորատիվ պատասխանատվություն. Մենք կարևոր դերակատարում ունենք համընդհանուր պատասխանատվության հարցում: Ըստ էության, պատասխանատու ենք մեր գործողությունների և առաքելության մեջ դրական փոփոխությունների հասնելու համար:
Համընդհանուր կորպորատիվ արժեքները, ինչպիսիք են հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, հավասարությունն ու ներառականությունը, առավելագույնս պահպանվում են ՀԿ-ի ծրագրերի ու գործողությունների իրականացման ընթացքում:
Առաքելությունը
Գերագույն հովվապետ Բենեդիկտոս XVI-ի «Աստված սեր է» (DEUS CARITAS EST) պապական նամակի՝ եպիսկոպոսներին, քահանաներին, սարկավագներին, հավատացյալ տղամարդկանց ու կանանց և Քրիստոսի սիրուն ապավինած բոլոր մարդկանց ուղղված հատվածում ասվում է. «Սերը, որ Կարիտասի գործունեության հիմքում է, եղել է և կլինի միշտ: Ուստի սերն այն ծառայությունն է, որ Եկեղեցին մշտապես իրականացնում է՝ մեղմելով մարդկանց տառապանքները և ինչ-որ չափով բավարարելով նրանց նյութական կարիքները: Մենք նպաստում ենք աշխարհի ավելի լավը դառնալուն՝ անսահման նվիրվածությամբ կատարելով բարի գործեր: Սերն այն լույսն է, որ միշտ կարող է լուսավորել աշխարհում աճող խավարը և տալ մեզ քաջություն շարունակաբար ապրելու և աշխատելու»:
Այս խոսքերից է բխում «Հայկական Կարիտաս»-ի առաքելության հիմքը, որում ասվում է. «Սիրով ու սրտացավությամբ ծառայել տարբեր խոցելի խմբերին՝ հարգելով յուրաքանչյուրի արժանապատվությունը»:
Լինելով «Կարիտաս Ինտերնացիոնալիս»-ի անդամ՝ «Հայկական Կարիտաս»-ը համամիտ է Քրիստոնեական Եկեղեցու Սուրբ առաքելությանը: Ի հավելումն սրան՝ պետք է նշել, որ հասարակության լայն շերտերի հետ ներգրավված լինելով գործընկերական բաց հարաբերությունների ոլորտ՝ «Հայկական Կարիտաս»-ը համամիտ է բոլոր այն կազմակերպությունների ու պետական մարմինների առաքելությանը, որ իրենց բոլոր ջանքերը ներդնում են մարդկանց ընդհանուր զարգացման, աղքատության մակարդակի վերացման և անհատների ընդհանուր բարօրության ապահովմանը հասնելու գործում:
«Հայկական Կարիտաս»-ը ծառայում է բոլոր կարիքավորներին առանց ազգային, դավանանքային, կրոնական, ռասայական, քաղաքական, սոցիալական կամ այլ խտրականությունների:
Բաժին 2. Ռազմավարական ուղղություններ
ՀԿ-ն իր ռազմավարական ծրագրերը կառուցել է յոթ ռազմավարական ուղղությունների շուրջ, որոնք մասնավորապես անդրադառնում են բացահայտված հիմնախնդիրներին և հանգեցնում են կայուն փոփոխությունների մեր անմիջական շահառուների կյանքում:
Այս ուղղությունների ընտրությունը կատարվել է՝ նկատի ունենալով ՀԿ-ի անցյալում իրականացրած և ներկայիս գործողությունները, կարիքների գնահատումը, ինչպես նաև դոնորների, գործընկերների և կառավարության հետաքրքրությունը ծրագրային զարգացումների հանդեպ: Հիշյալ ռազմավարական ուղղությունների տարբեր նախագծերի միջև կա սերտ համագործակցություն, որը հնարավորություն է ընձեռում արդյունավետ պլանավորում կատարելու:
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ 1. ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Նպատակ՝ ստեղծել կայուն հնարավորություններ դժվար իրավիճակներում ապրող երեխաների և նրանց ընտանիքների սոցիալական ներառման համար:
Հայաստանում երեխաների պաշտպանությունը բազմաթիվ մարտահրավերների առջև է կանգնած, քանի որ երկրում երեխաների իրավիճակը խնդրահարույց է: Իրական խնդիրները ներառում են աղքատության ու գործազրկության, ինչպես նաև միգրացիայի բարձր մակարդակ` կնոջ կողմից ղեկավարվող ընտանիքների քանակի աճով, երեխաների խնամքի լիարժեք համակարգի և այլընտրանքային խնամքի ծառայությունների բացակայություն, խնամքի հաստատություններում մեծ թվով երեխաների առկայություն, քաղաքացիական թույլ հասարակություն և այլն: Երեխաները՝ որպես հասարակության առավել խոցելի խումբ, տառապում են այս հանգամանքների պատճառով: «Հայկական Կարիտաս»-ը հիշյալ մարտահրավերներին արձագանքում է միասնական մոտեցմամբ՝ նպաստելով երիտասարդ սերնդի առողջությունն ու կրթությունը, օժանդակելով ընտանիքներին/ծնողներին ամենօրյա կյանքում, ինչպես նաև ավելի լայն մասշտաբով աջակցել քաղաքացիական հասարակության զարգացմանը և համայնքներում ինքնակազմավորվող ներուժի ձևավորմանը:
Հիմնվելով սոցիալ-մանկավարժական, հոգեբանական աշխատանքի վրա՝ «Հայկական Կարիտաս»-ն աջակցում է Կառավարությանը երկրում երեխաների պաշտպանության համակարգի բարելավման հարցում:
Ներդրումներ կատարելով երիտասարդ սերնդի կրթության ու առողջության հիմնախնդիրների լուծման համար՝ «Հայկական Կարիտաս»-ը երկարաժամկետ ազդեցություն կունենա իր անմիջական շահառուների կյանքում:
Մասնագիտական կողմնորոշման դասընթացները, կյանքի հմտությունների ձեռքբերման ու արհեստագործական վերապատրաստումները, նաև սոցիալ-մանկավարժական ու հոգեբանական աշխատանքը հնարավորություն կտան երեխաներին ապրելու անկախ կյանքով և դառնալու հասարակության լիիրավ անդամներ: Դեռ ավելին, նրանց առջև հետագայում կբացվեն աշխատանք գտնելու լայն հնարավորություններ:
Սոցիալական տարածքն ու համայնքային աշխատանքն ազդեցություն ունեն ոչ միայն թիրախային խմբի՝ երեխաների, այլև ավելի մեծ համայնքի վրա, քանի որ այն պատասխանատվության զգացում է ձևավորում շրջակա միջավայրի հանդեպ և քաջալերում է նրանց բարելավել անձնային կյանքը՝ ավելի լավ ապագա ունենալու երաշխիքով: Հետևաբար, դա նպաստում է ակտիվ քաղաքացիական հասարակության զարգացմանը:
2017-2021 թթ.-ի ընթացքում Երեխաների պաշտպանության ուղղության հիմնական նպատակը կլինի շահերի պաշտպանությունը, լոբբինգն ու համացանցի ստեղծումը՝ որոշակի դրական ազդեցություն ունենալու ոչ միայն ՀԿ-ի՝ դժվար իրավիճակներում ապրող երեխաների, այլև ապագայում Հայաստանի բոլոր երեխաների վրա, որոնք նմանօրինակ իրավիճակներում կարող են հայտնվել: Հայաստանում երեխաների պաշտպանության կայուն համակարգի ապահովման համար «Հայկական Կարիտաս»-ի երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող թիմը կմշակի երեխաների պաշտպանության կանոնակարգ, մեթոդաբանություններ և որակի չափորոշիչներ, կմասնակցի Կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունների մշակման ու բարեփոխումների գործընթացներին՝ դրդելով պետական մարմիններին համապատասխան գործողություններ իրականացնելու:
Արդյունք 1.1. Դժվար իրավիճակներում ապրող երեխաներն ու ընտանիքներն ունեն համապարփակ սոցիալ-հոգեբանական, կրթական ու մշակութային զարգացման հնարավորություններ:
Սոցիալ-հոգեբանական խմբային ու անհատական աշխատանքների ոլորտ ներգրավվելու, ոչ ֆորմալ կրթության ու կյանքի հմտությունների ձեռքբերման, իրավաբանական խորհրդատվության միջոցով երեխաներն ու ծնողները կկարողանան ձեռք բերել ինքնավստահություն և օգտագործել անհատական ռեսուրսները՝ բարելավելու իրենց սոցիալ-հոգեբանական վիճակը: Մասնագիտական կողմնորոշման և արհեստագործական հմտությունների վերապատրաստման դասընթացները կաջակցեն երեխաներին ու ծնողներին ձեռք բերելու ընդհանուր գիտելիքներ ու հմտություններ ապագա հնարավոր մասնագիտությունների ընտրության ոլորտում: Այսպիսով՝ նրանք կունենան մասնագիտական կողմնորոշման ունակություններ, որոնք կնպաստեն աշխատաշուկայում թե՛ իրենց կողմնորոշմանը և թե՛ ունեցած հնարավորությունների աճին: Մենք կնպաստենք երեխաների ու երիտասարդների ֆիզիկական առողջության բարելավմանը` սպորտային պարապմունքների, առողջ ապրելակերպի դասընթացների, նաև նրանց համար հիգիենիկ դաստիարակության կազմակերպմամբ: Դպրոցների, համայնքահեն կազմակերպությունների ու հասարակության լայն շերտերի համագործակցությամբ երեխաները հնարավորություն կունենան պլանավորելու, կազմակերպելու և իրականացնելու մշակութային ու ժամանցային միջոցառումներ, որոնք էլ կապահովեն նրանց մասնակցությունը հասարակական կյանքում:
Արդյունք 1.2. Դժվար իրավիճակում ապրող երեխաների ու ընտանիքների՝ հասարակությանն ինտեգրվելու համար ստեղծված է բարենպաստ միջավայր:
Սոցիալական տարածքին առնչվող նախագծերի շնորհիվ երեխաները սովորում են վերլուծել տարբեր խնդիրներ իրենց անմիջական միջավայրում, համագործակցել համայնքի մյուս անդամների հետ և միասին իրականացնել բարեփոխումներ: Սա նպաստում է ինքնահարգանքի բարձրացմանը և համայնքում իրենց դերի ճանաչմանը՝ ներգրավելով համայնքի մյուս անդամներին սոցիալական տարածքների բարելավման գործում: Երեխաների ու երիտասարդների ներգրավվածությունը համայնքահեն ու շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված գործողություններում սոցիալական տարածքների բարելավման նպատակով կխթանի նրանց սոցիալական կարողությունները և քաղաքացիական մասնակցությունը: Սոցիալական տարածքների բարելավման գործընթացի իրականացումը կհանգեցնի հասարակության մեջ խոցելի խմբերի երեխաների նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորմանը, իսկ համայնքում՝ սեփականության և սոցիալական պատասխանատվության զգացման ավելացմանը:
Արդյունք 1.3. ՀՀ-ում դժվար իրավիճակներում ապրող երեխաների խնդիրների լուծմանն առնչվող քաղաքականությունը (իրավական շրջանակ) բարելավված են:
ՀԿ-ն դժվար իրավիճակներում ապրող երեխաների ու ընտանիքների համար իրականացնում է շահերի պաշտպանության ու հաղորդակցության համապարփակ ռազմավարություն՝ բարձրացնելով սոցիալական պաշտպանության որակական ծառայությունների հասանելիությունը նրանց համար և հզորացնելով կայուն զարգացման հնարավորությունները: Այս կերպ մենք ջանում ենք առանձնահատուկ ուշադրություն դարձնել մեր համագործակցությանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Արարատի մարզերի երեխաների, ընտանիքների, կանանց բաժինների, «Երեխաների պաշտպանության ցանց»-ի և շահագրգիռ այլ կողմերի հետ:
ՔՀԿ-ների կողմից մատուցվող ծառայությունների համար պետական համաֆինանսավորման թափանցիկ մեխանիզմների ընդունումը և իրականացումը, ինչպես նաև երեխաների սոցիալական խնամքի միասնական մոտեցումները/նվազագույն չափորոշիչներն այս ուղղությամբ ՀԿ-ի շահերի պաշտպանության հիմնական նպատակներն են: Ազգային, տարածաշրջանային և տեղական մակարդակներում տեղի ունեցող հանդիպումները կհանգեցնեն ցերեկային խնամքի կենտրոններում երեխաների պաշտպանությանը նպատակաուղղված աշխատանքների ընդհանուր մոտեցումների, որակի չափորոշիչների և մեթոդաբանության ձևավորմանը: Դժվար իրավիճակներում ապրող երեխաներին ՀԿ-ի կողմից տրամադրվող ծառայությունների ֆինանսական կայունությունը վերջին հաշվով հնարավոր կլինի ապահովել իրականացվելիք գործողությունների ծախսերի 35%-ը Կառավարության կողմից ստանալու և մնացած 65%-ի համար կայուն ֆինանսական աղբյուրներ գտնելու միջոցով:
ՀԿ-ի ցերեկային խնամքի 6 կենտրոնների երեխաներից նվազագույնը 35%-ի համար նախատեսված ծառայությունները պետք է ֆինանսավորվեն պետության կողմից մինչև 2021 թվականը: Դրամաշնորհների հայթայթման համակարգված քաղաքականության իրականացման շնորհիվ ՀԿ-ն կդիվերսիֆիկացնի նաև դժվար իրավիճակում ապրող երեխաների ծրագրերի ֆինանսական միջոցների աղբյուրները:
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ 2 . ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՈՒՄ
Նպատակ՝ հզորացնել հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունները և նրանց համար ստեղծել հասանելի միջավայր:
Հաշմանդամություն ունեցող անձինք, հատկապես երեխաներն ու նրանց ընտանիքները, այն խոցելի խմբերից են, որ աջակցություն են ստանում ՀԿ-ի կողմից: Հիշյալ անձինք ու նրանց ընտանիքները շատ հաճախ առանձնացված ու մեկուսացված են հասարակությունից, քանի որ նրանց համարում են թույլ օղակ ողջ հասարակության համար: Շատ դեպքերում ընտանիքի մեկ անդամի ուսերին է դրվում հաշմանդամություն ունեցող անձի հոգածության ամբողջ պարտասխանատվությունը: Մյուս խնդիրն այն է, որ հասարակության անդամները հիմնականում լավ տեղեկացված չեն հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին: Հասարակության մեջ անհատները դժվարություն ունեն ընդունելու հաշմանդամություն ունեցող անձանց (հատկապես բազմակի հաշմանդամություն ունեցողների), և միայն մի քանի կազմակերպություններ կան, որոնք կրթում են հասարակությանը կամ համախմբում այդ մարդկանց: Ներառման գործընթացը հնարավոր դարձնող միջավայր ունենալու համար ՀԿ-ն կշարունակի որակյալ ու աջակցող ծառայություններ տրամադրել հաշմանդամություն ունեցող անձանց, ջանքեր կգործադրի նրանց աշխատաշուկա ներգրավելու և երկրում ուժեղ իրավական դաշտ ստեղծելու համար:
Ռազմավարական այս ուղղության ամբողջական իրականացման համար ՀԿ-ն հետևում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիային՝ խթանելու, պաշտպանելու և ապահովելու մարդու իրավունքների լիարժեք ու հավասար պայմանները և հաշմանդամություն ունեցող անձանց հիմնարար ազատությունները՝ չվնասելով նրանց արժանապատվությունը: Ուղղությունը կունենա մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցում՝ խթանելով հաշմանդամների՝ որպես հասարակության լիիրավ անդամների իրավունքները:
Արդյունք 2.1. Հաշմանդամություն ունեցող անձանց ու երեխաների համար մատուցվում են որակյալ ու աջակցող ծառայություններ:
Հաշմանդամություն ունեցող անձինք առօրյայում զգում են որակյալ աջակցող ծառայությունների մատուցման կարիք, որը կօգնի ինտեգրվելու սոցիալական, մշակութային, կրթական ու տնտեսական միջավայրին և օգտվելու ֆիզիկական հարմարությունների հասանելիությունից: Այսպիսի ծառայությունները բարելավում են հաշմանդամություն ունեցող երեխաների կարողությունները ինքնորոշված կյանք վարելու առումով: Թերապևտիկ ծառայությունները նպաստում են երեխաների ֆիզիկական ու մտավոր զարգացմանը, նաև աջակցում նրանց ինքնարտահայտման կարողությունների բարելավմանը:
«Էմիլի Արեգակ» կենտրոնը կշարունակի իրականացնել սոցիալական միջոցառումներ` նպատակ ունենալով հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ ձևավորել դրական վերաբերմունք: Հաշմանդամություն ունեցող երեխաները հասարակության մյուս անդամների հետ կշարունակեն մնալ կենտրոնում կազմակերպվող հասարակական միջոցառումների անբաժանելի մասը՝ ձևավորելով հասարակության պատկերացումներն այն մասին, թե ինչպե՛ս պետք է ստեղծվի բարենպաստ միջավայր, ի՛նչ պատասխանատվություն պետք է կրի հասարակությունն այդ գործընթացն իրականացնելիս՝ ընդգծելով դրանց կարևորությունը: Այսպիսի միջոցառումները կներառեն (բայց չեն սահմանափակի) ֆիլմերի շնորհանդեսներ, տարբեր ցուցահանդեսներ, խորհրդակցություններ ու ներկայացումներ: Նման հասարակական միջոցառումների նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ու «ներառականություն» հասկացույթի (կոնցեպտ) մասին իրազեկվածության մակարդակի բարձրացումն է: «Էմիլի Արեգակ» կենտրոնի արտթերապիան, անշուշտ, կընդլայնվի՝ մասնավորապես ներառելով թերապևտիկ բնույթի ձեռքի աշխատանք:
Ձեռքի փոքր ու հասարակ աշխատանքները, օրինակ՝ ամանորյա բացիկներ, խեցեղեն կամ փոքր մոմեր, կպատրաստվեն կենտրոնի շահառուների հետ ձեռագործ աշխատանքների ժամանակ իրականացվող թերապիայի շրջանակում: Այս ամենի դրական կողմն այն է, որ Գյումրիում հասարակությունն ավելի տեղեկացված կլինի հաշմանդամություն ունեցող անձանց կարողություններին:
Արդյունք 2.2. Հաշմանդամություն ունեցող անձինք ինտեգրված են աշխատաշուկայում:
Հայաստանում աշխատաշուկան հաշմանդամություն ունեցող անձանց կանգնեցնում է մի շարք մարտահրավերների առջև: Այդ մարտահրավերները ներառում են աշխատաշուկայում անհավասարություն և աշխատանքի անհասանելի տեղաբաշխում: Հետազոտություններն ու ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում հարկավոր է աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց հմտությունների զարգացմանն ու արհեստագործական կրթության ձեռքբերմանը: «Էմիլի Արեգակ» կենտրոնն աջակցելու համար այն շահառուներին, որ ցանկանում են զարգացնել իրենց հմտություններն ու գիտելիքները և ձեռք բերել աշխատանք, պատրաստ է համագործակցելու արտաքին ուսումնական կենտրոնների հետ, քանի որ նրանք հնարավորություն ունեն կազմակերպելու լրացուցիչ դասընթացներ: Շահառուները կմասնակցեն այս դասընթացներին և ձեռք կբերեն հմտություններ, որոնք կօգնեն նրանց մուտք գործելու աշխատաշուկա:
Գյումրիում կստեղծվի սահմանափակումներից ազատ սրճարան-փուռ, որ միտված կլինի հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ծնողներին աշխատանքով ապահովելու հիմնախնդրի լուծմանը: Սրճարան-փուռը՝ որպես առաջին ներառական աշխատավայր, նրանց համար թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես կլինի մատչելի: Բացի այդ՝ այն Գյումրիում կծառայի որպես հասանելի պայմաններ ունեցող աշխատավայրի մոդել, որը կբարձրացնի արտադրողականությունը, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց կօգնի գիտակցելու իրենց ներուժը:
Արդյունք 2.3. Հաշմանդամություն ունեցող երեխաներն օգտվում են կրթություն ստանալու իրավունքից:
Մինչև 2022 թ. Կառավարությունը պարտավորվում է դպրոցական ողջ համակարգը դարձնել ներառական: Սակայն ներկայումս ակադեմիական կրթության ձեռքբերման նկատմամբ անհատական մոտեցման բացակայության, ինչպես նաև դպրոցներում ու համայնքներում ֆիզիկական անհասանելիության պատճառով պարզ է դառնում, որ Հայաստանում հաշմանդամություն ունեցող որոշ երեխաներ ընդհանրապես կրթություն չեն ստանում: Մյուսները, ովքեր ընդգրկված են, այսպես կոչված, «ներառական» համայնքային դպրոցներում, դպրոց ի վիճակի են հաճախելու օրական ընդամենը մի քանի ժամով կամ շաբաթական մի քանի օր: Հաշմանդամություն ունեցող երեխաները հաճախ չեն մասնակցում դասերին մյուս երեխաների հետ, իսկ եթե նույնիսկ նրանք գտնվում են դասասենյակում, չեն ստանում այնպիսի ծառայություններ, որոնք պետք է նրանց ակադեմիական ուսումնական ծրագրին մասնակցելու համար: Փոխարենը՝ նրանց զբաղեցնելու համար տալիս են ասեղնագործության, նկարչության դասեր կամ առաջարկում ժամանցի այլ միջոցներ: Այսպիսով՝ հաշմանդամություն ունեցող շատ երեխաների համար ուսուցումը հիմնականում սահմանափակվում է ընդամենը մեկ ժամով կամ շաբաթական մեկ կամ մի քանի անգամյա հաճախականությամբ անհատական կարճատև պարապմունքներով: Համայնքի դպրոցները հաճախ չունեն համապատասխան մասնագետներ և մասնավորապես՝ օգնականներ, որոնք կարող են անմիջական աջակցություն ցուցաբերել մեկ կամ ավելի երեխաների: Որոշ դեպքերում ծնողը, հատկապես երեխայի մայրը, մնում է դասասենյակում՝ երեխային անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերելու համար: Հաշմանդամություն ունեցող որոշ երեխաներ ստանում են ոչ ստանդարտ տնային ուսուցում: Ուսուցիչները, տնայցեր կատարելով, երեխաներին միայն սովորեցնում են տարրական գրագիտություն և հաշվել:
Միջազգային չափորոշիչների համաձայն՝ դպրոցը պետք է ամբողջովին հասանելի լինի և տրամադրի մատչելի հարմարություններ` աջակցելու աշակերտներին՝ անկախ հաշմանդամության տեսակից: Հաշմանդամություն ունեցող երեխաներին տրամադրվող աջակցության միջոցները պետք է լինեն անհատականացված՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երեխայի ուսուցման հատուկ կարիքները և ապահովելով նրա լիարժեք մասնակցությունը դասերին:
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ 3. ՏԱՐԵՑՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՈՒՄ ԵՎ ԽՆԱՄՔ
Նպատակ՝ ապահովել դժվար իրավիճակներում ապրող տարեցների համար սոցիալական կարիքների բավարարման մեխանիզմները, համայնքային կյանքին նրանց ինտեգրման ու ակտիվ կենսակերպ վարելու հնարավորությունները:
Համաձայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ ծնելիության նվազումն ու միգրացիայի աճը հանգեցրել են մի իրավիճակի, որտեղ 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ աշխատունակ բնակչությունը (16-62 տարեկան) կազմում է ՀՀ բնակչության ընդհանուր թվի 66.3%-ը (2995,1 միլիոն): Աշխատանքային տարիքից ցածր (0-15 տարեկան) բնակչությունը կազմում է 20.8%, իսկ 63-ից բարձր տարիքի մարդկանց թիվը՝ բնակչության ընդհանուր թվաքանակի 12.9%-ը (387 659 մարդ): 65 և ավելի բարձր տարիք ունեցողների թիվը 323.100 է կամ կազմում է բնակչության ընդհանուր թվի 10.8%-ը: Բնակչության ընդհանուր թվի մեջ նկատվում է տարեցների թվաքանակի աճ: Այսպիսով՝ 2011 թ.-ի դրությամբ 63 և ավելի բարձր տարիքի անձանց թիվը կազմել է բնակչության ընդհանուր թվաքանակի 11.5%-ը (376.100 մարդ): Վերջին հինգ տարիների ընթացքում տարեցների թվի աճը բնակչության թվաքանակի մեջ կազմել է 1.4% կամ 11.559 մարդ:
Հայաստանն ավելի է մոտեցել և ներկայումս հայտնվել է ծերացող հասարակությունների վերին շեմին: Միավորված ազգերի կազմակերպության բնակչության ֆոնդի կանխատեսումը վկայում է, որ Հայաստանը շուտով կանցնի այդ շեմը: Ըստ կանխատեսման՝ 2050-ական թթ. 65-ից բարձր տարիք ունեցող անձինք կկազմեն բնակչության 22-23%-ը:
Ըստ վիճակագրության՝ Հայաստանում աղքատության մակարդակը կազմում է մոտավորապես 30%, 60-64 տարեկանների մոտ՝ 24%, իսկ 65 և ավելի տարիք ունեցողների մոտ՝ 32%: 2016 թ. հունվարի 1-ի դրությամբ, կենսապայմանների բացակայության պատճառով խոցելի խմբում գրանցված է 47.276 կենսաթոշակառու: Այս թվից 35.867 մարդ կամ տարեցների ընդհանուր թվի 9.2%-ն ստանում է ընտանեկան նպաստ:
«Հայկական Կարիտաս»-ը հավատում է, որ Հայաստանում տարեցներն արժանի են ապրելու արժանապատիվ կյանքով, պետության կողմից ստանալու անվճար բուժօգնություն, օգտվելու սոցիալական և մշակութային, ինչպես նաև տնային խնամքի համարժեք ծառայություններից:
Կայուն խնամքի ծառայություններն ընդգրկում են առողջության պահպանման առաջնային ծառայություններ, դեղորայքի/խնամքի պարագաների տրամադրում, սոցիալական խնամքի ծառայություններ, հիգիենայի պահպանում, սոցիալական աշխատողների ծառայություններ՝ պետական մարմինների հետ միջնորդական աշխատանքներ կատարելու համար, ժամանցային գործունեության իրականացում, ինչպես նաև դիետիկ սննդի տրամադրում և այլն:
Արդյունք 3.1. ՀՀ Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Արարատի մարզերում դժվար իրավիճակներում ապրող տարեցներին խնամքի մշտական ծառայությունների տրամադրումն ապահովված է:
Հայաստանում տարեցները բազմաթիվ կարիքներ ունեն, որոնք տարեցտարի ավելանում են: Նրանց խնդիրներն ունեն տնտեսական և սոցիալ-հոգեբանական բնույթ: Հաճախ զրկված լինելով տարրական խնամքից, սոցիալական, մշակութային և այլ ծառայություններից՝ տարեցները մեկուսանում են և մի շարք խոչընդոտների պատճառով՝ սկսած ֆիզիկականից մինչև բարոյահոգեբանական, չեն օգտվում այն ծառայություններից, որոնց իրավունքն ունեն: Սոցիալական և հոգեբանական մեկուսացումը նրանց ստիպում է թուլանալ և աստիճանաբար դառնալ խոցելի, ձեռք բերել հոգեսոմատիկ խանգարումներ:
Տարեցներն ստանում են մասնագիտացված սոցիալական և առողջապահական ծառայություններ անմիջական աջակցության հետ, որոնք հիմնված են տնային խնամքի ծառայությունների հարմարեցված և ինտեգրված եվրոպական մոդելի վրա: Նրանց տրամադրվում են անհրաժեշտ աջակցող, վերականգնողական պարագաներ (ձեռնափայտեր, հենակներ, կլոր բարձեր, պարանոցի օգնական հարմարանքներ, շարժական զուգարաններ, հակաբորբոքային նյութեր):
Պարագաները բաժանվում են ըստ շահառուի կարիքների: Հետագայում, եթե դրանք այլևս անհրաժեշտ չեն, պետք է վերադարձվեն՝ պահանջարկի դեպքում մյուս շահառուներին տրամադրելու համար: Ծրագրի մեջ ներգրավված տարեցներն ստանում են բժշկական օգնություն, սոցիալական և ցերեկային խնամքի անհատական ծառայություններ, բարոյահոգեբանական վերականգնում, ֆիզիկական և հոգեբանական պաշտպանություն, հաղորդակցություն, շփում: Դեղորայքը և բժշկական / առողջապահական բնագավառի խնամքի պարագաները դառնում են մատչելի, համապատասխան բուժօգնության տրամադրումը և կանոնավոր վերահսկողությունը հանգեցնում են քրոնիկական հիվանդությունների բուժմանը և սոցիալական կամ առողջական վատ վիճակի բարելավմանը:
Արդյունք 3.2. Հայաստանի Հանրապետությունում դժվար իրավիճակներում ապրող տարեցների պաշտպանության վերաբերյալ քաղաքականությունը (իրավական շրջանակ) բարելավված է:
Կայուն խնամքի ծառայություններն ընդգրկում են առաջնային առողջության պահպանման ծառայություններ, դեղորայքի և խնամքի պարագաների տրամադրում, հիգիենայի պահպանում, սոցիալական աշխատողների ծառայություններ՝ պետական մարմինների հետ միջնորդական աշխատանքների իրականացման համար, ժամանցի ապահովում, դիետիկ սննդի մատակարարում և այլն: Նրանք իրավունք ունեն պատշաճ ծառայություններ ստանալու և արժանապատիվ կյանքով ապրելու: «Հայկական Կարիտաս»-ն այս ծառայությունների հետագա գործունեությունն ավելի կայուն կհամարի միայն պետության կողմից համաֆինանսավորման, ինչպես նաև ֆինանսավորման տարաբնույթ աղբյուրների հայտնաբերման ու շահագործման դեպքում:
Արդյունք 3.3. ՀԿ-ն տնային խնամքի ոլորտում ունեցած իր գիտելիքներն ու մեթոդաբանությունը փոխանցում է բժշկական քոլեջներին ու հաստատություններին:
Տարեցների խնամքի ոլորտում իրականացրած երկարաժամկետ ծրագրերի և սոցիալական ներառման ծառայությունների շնորհիվ ՀԿ-ն կուտակել է հսկայական ինստիտուցիոնալ և մասնագիտական փորձ ու գիտելիքներ, որոնք կազմակերպության կողմից պարբերաբար վերածվում են կրթական ծրագրերի և օգտագործվում ուսումնական հաստատություններում: Կայուն գիտելիքների փոխանցումը երիտասարդ շրջանավարտներին կօգնի, որ նրանք մասնագիտական նոր մոտեցումներ կիրառեն տարեցների խնամքի ոլորտում:
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ 4. ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԵՎ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՆ
Նպատակ՝ բարձրացնել անհատական և համայնքային դիմակայունությունն աղետների հանդեպ պատրաստվածության, արագ արձագանքման և վերականգնման միջոցով:
Այս ռազմավարական ծրագրերի ընդհանուր նպատակն է բարձրացնել ՀԿ-ի աշխատակազմի, շահառուների և այլ շահագրգիռ կողմերի պատրաստվածությունը գիտելիքների շարունակական տրամադրման, կարողությունների զարգացման ու ռեսուրսների հարստացման միջոցով: Առաջնային է համարվում նաև հնարավոր արտակարգ իրավիճակների ժամանակ բնակչության մեջ անհրաժեշտ գիտելիքների ու վարքագծային հմտությունների ձևավորումը:
Ծրագիրը նպատակաուղղված է գործողությունների ու միջոցառումների իրականացմանը երեք մակարդակներում՝ հնարավոր արտակարգ իրավիճակներից ու աղետներից առաջ, ընթացքում և հետո:
Նախաձեռնություններ կիրականացվեն համայնքներում բնակչության կայունության և նրանց հանրային իրազեկման մակարդակների բարձրացման, արտակարգ իրավիճակների ժամանակ ճիշտ կողմնորոշվելու հմտությունների, անհրաժեշտ տեխնիկական միջոցների ու հարմարանքների ձեռքբերման, հնարավոր վնասների կանխարգելման ուղղություններով: Այս բոլորը պետք է իրականացվեն շահագրգիռ այլ կողմերի հետ համագործակցությամբ և գործողությունների համակարգմամբ:
Արդյունք 4.1. Համայնքներում ու բնակչության շրջանում բարձրացված են աղետներին դիմակայունությունն ու պատրաստվածությունը:
Բոլոր համայնքներն ու անհատներն այս կամ այն կերպ խոցելի են աղետների ռիսկի նկատմամբ: Անցյալում ունեցած փորձը ցույց է տվել աղետներից հետո դրանց արձագանքելու անարդյունավետությունը: Մոտեցումը պետք է վերափոխվի՝ արձագանքումից դեպի կանխարգելիչ: Համայնքներին և անհատներին սպառնացող հնարավոր վտանգների գիտակցումը ռիսկի կառավարման գործընթացում առաջին արդյունավետ քայլն է: ՀԿ-ի աղետների ռիսկի կառավարման ռազմավարությունը նպատակ ունի բացահայտելու աղետների ռիսկերը, բարձրացնելու ռիսկային գոտիներում գտնվող համայնքների բնակչության իրազեկվածության մակարդակը և նպաստելու աղետների ռիսկի կառավարման համար պատասխանատու կառավարական մարմինների կարողությունների ու հմտությունների ձեռքբերմանը: Հատուկ ուշադրություն է հատկացվելու ռիսկի վնասների հնարավորինս կրճատմանը, այլ ոչ թե աղետների հետևանքների վերացմանը հետաղետյան շրջանում: Առավել դիմակայուն համայնքներ ունենալու համար տրամաբանական բոլոր միջամտությունները պետք է համակցվեն ՀԿ-ի այլ ծրագրերի:
Արդյունք 4.2. Աջակցել արձագանքմանը և վերականգնմանը, տրամադրել մարդասիրական օգնություն աղետներից ու ճգնաժամային այլ իրավիճակներից տուժած համայնքներին:
ՀԿ-ն նպատակ ունի նվազեցնելու ամենակարիքավորների տառապանքը և օգնելու աղետներից վնասված համայնքներին: Օգնությունը կսկսվի արագ արձագանքից և կշարունակվի աղետներից տուժած համայնքների հիմնական գործառույթների վերականգնումով: Աջակցությունը կլինի ժամանակին և համապատասխանաբար: Աղետների ռիսկի նվազեցման ռազմավարությունը սերտորեն պայմանավորված է ծրագրային այլ թիմերով, որպեսզի հնարավորություն ստեղծվի փոխհամագործակցություն ձևավորելու, օրինակ՝ համայնքային զարգացման և միգրացիայի ու ինտեգրացիայի թիմերով, նաև այն թիմերով, որոնք կարող են աջակցություն ցուցաբերել ճգնաժամի դեպքում:
Մարդասիրական օգնություն տրամադրելու համար ՀԿ-ն պատրաստ է համագործակցելու իր գործընկերների և հումանիտար առաքելություն ունեցող այլ կազմակերպությունների հետ՝ համաձայն Sphere (Մարդասիրական գործունեության կանոնադրություն և մարդասիրական օգնության նվազագույն չափորոշիչներ) ծրագրի չափորոշիչների: ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի աղետների կառավարման երկրի թիմի (UN OCHA DMCT) կլաստերները կգործեն որպես առաջնային օժանդակության կառավարման հիմնական կառույցներ: Միևնույն ժամանակ Արտակարգ իրավիճակների նախարարության և ռազմավարական գործընկերների հետ ուղղակի համագործակցությունը կբարձրացնի տրամադրված օգնության արդյունավետությունը:
Արդյունք 4.3. Զարգացել է ՀԿ-ի ունեցած կարողություններն աղետների ռիսկի կառավարման և մարդասիրական օգնության տրամադրման ոլորտներում:
Հաշվի առնելով ռազմավարական ուղղության կարևորությունը՝ ՀԿ-ն պետք է ապահովի կազմակեպության կարողության շարունակական աճը աղետների ռիսկի կառավարման և մարդասիրական օգնության տրամադրման ոլորտում: Դրան հասնելու համար վերը նշված ուղղություններում կստեղծենք ՀԿ-ի աշխատակազմի անդամների անհատական և ողջ ՀԿ-ի ինստիտուցիոնալ կարողությունների կուռ համակարգ, ակտիվորեն կմասնակցենք ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի աղետների կառավարման երկրի թիմի կլաստերների աշխատանքներին, կհաստատենք և կամրապնդենք համագործակցությունը մարդասիրական օգնության տրամադրման ոլորտում, ձեռք կբերենք մարդասիրական օգնության տրամադրման համար պահուստային պայմանագրեր, կձեռնարկենք յուրաքանչյուր միջոց՝ ուղղված ՀԿ-ի կարողությունների բարձրացմանը` աղետների և այլ ճգնաժամերի դեպքում ժամանակին արդյունավետ օգնություն ցուցաբերելու համար:
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ 5. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Նպատակ՝ բարելավված սոցիալ-տնտեսական պայմաններով և իրացված համայնքային ներուժով կայուն համայնքներ:
ՀԿ-ն համայնքային զարգացման ծրագիրն սկսել է դեռևս 1998 թվականից, երբ կազմակերպությունը գիտակցեց կայուն ներդրումների անհրաժեշտությունը ոչ միայն ենթակառուցվածքների բարելավման գործում, այլև մարդկանց մտածելակերպի փոփոխության մեջ: Խորհրդային տարիներից ի վեր մարդիկ իրենց մտածելակերպով ստիպված էին անցում կատարել՝ պահանջատեր սպառողից վերափոխվելով նախաձեռնողի, նաև սեփական կյանքի ու համայնքի փոփոխության հարցերում ակտիվ դերակատարում ունեցող անձի:
Համայնքի ձևավորման առաջին քայլերից անցել է գրեթե 20 տարի: ՀԿ-ն իր մեթոդաբանությունը և կիրառող գործիքները հարմարեցրել է ժամանակի պահանջներին ու իր կարողությունների աճին:
Ներկայումս համայնքի զարգացումը շարունակում է մնալ կազմակերպության հիմնական ներգրավման ոլորտներից մեկը: Այս ոլորտում հետագա բարելավումները նախատեսված են ձեռնարկատիրական գործունեության խթանման համալիր մոտեցման, նաև տեղական մակարդակում մասնավոր սեփականատերերի ձեռնարկատիրական հմտությունների զարգացման, քաղաքացիական հասարակության մեջ ակտիվ մասնակցության, համայնքային կառավարման մեխանիզմների կատարելագործման և հիմնական համայնքային ծառայություններ մատուցելու համար տեղական համայնքների ներգրավվածության բարձրացման միջոցներով:
Կարևոր ոլորտներից մեկը, որին ուղղված են համայնքային զարգացման ծրագրերը, որոշումների կայացման գործընթացում քաղաքացիների մասնակցության աճն է, նաև նրանց խնդիրների բարձրաձայնումն է առավել արդյունավետ կառավարման համար: Քաղաքացիական հասարակության տեղական կազմակերպությունների ստեղծումը քաղաքացիական հասարակության զարգացմանը նպաստելու և կենսունակ երիտասարդությանը համախմբելու նախադրյալներից մեկն է: Մենք կշարունակենք աջակցել ՔՀԿ-ներին` նրանց ֆինանսավորման հնարավորություններն ընդլայնելու, տեղական և այլ համայնքների համար հարթակներ ստեղծելու և հանրային ծառայություններն ու կառավարման վերահսկման մեխանիզմները ներդնելու՝ հօգուտ իրենց համայնքների:
Արդյունք 5.1. Տեղական համայնքներում զարգացել են ձեռնարկատիրական գործունեությունն ու ձեռներեցության ոլորտի հմտությունները:
Բոլոր համայնքներում, որտեղ ՀԿ-ն կատարել է միջամտություններ, կան ձեռնարկատիրության զարգացման տարբեր հնարավորություններ: Համայնքի կայունությունը մեծապես պայմանավորված է ձեռնարկատիրության զարգացման մակարդակով: Հիմնվելով գնահատման տարատեսակ համակարգերի վրա՝ ակնհայտ է դառնում համայնքներում ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված նոր մոտեցումների կիրառման անհրաժեշտությունը: Համայնքային զարգացման ռազմավարությունը նպատակ ունի բացահայտելու համայնքի ձեռնարկատիրական ներուժը և համայնքներում ներդնելու նոր մոտեցումներ: Մենք հատուկ ուշադրություն ենք արժանացնելու համայնքներում փոքր և միջին ձեռնարկատիրությանը:
Գյուղատնտեսությունը կարևոր դեր է խաղում ֆորմալ և ոչ ֆորմալ զբաղվածության, գյուղական եկամուտների կենսապահովման, ինչպես նաև սննդամթերքի մատակարարման անվտանգություն հարցում: Այն ունի հզոր ներուժ՝ սննդամթերքի ու ըմպելիքների արտահանման ընդլայնման համար: Հայաստանի գյուղատնտեսական ապրանքների և ագրովերամշակման համակարգի ինտեգրումը միջազգային սննդի շուկաներին մեր գերագույն նպատակն է: Հետևաբար հարկավոր է ապահովել հետագա ներդրումների հոսքը, որ կարողանանք բարձրացնել արտադրողականությունն ու մրցունակությունը, հասնել գյուղատնտեսական ենթակառուցվածքների արդիականացմանը՝ ընդլայնելով բազմաշերտ տնտեսական գործունեություն գյուղական համայնքներում:
Արդյունք 5.2. Համայնքի ղեկավարման մեխանիզմները բարելավվել են քաղաքացիական հասարակության սկզբունքների խթանման շնորհիվ:
Հաշվի առնելով ՀՀ-ի ամենամեծ տեղական ՀԿ-ներից մեկի՝ «Հայկական Կարիտաս»-ի կարևորությունը՝ համայնքային կառավարման մեխանիզմների զարգացման համար ՔՀԿ-ների կարողությունների զարգացումը չափազանց մեծ նշանակություն ունի աղետների ռիսկի կառավարման և մարդասիրական օգնության տրամադրման գործում: Մենք կնպաստենք համայնքի կառավարմանն ակտիվ մասնակցող ՔՀԿ-ների աշխատակազմերի անդամների անհատական և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, կհաստատենք ու կամրապնդենք Կառավարության և ՔՀԿ-ների փոխհամագործակցությունը: Կշարունակենք իրականացնել համայնքային զարգացմանն ուղղված տարբեր ձևաչափերի գործողություններ և ձեռնարկել համապատասխան միջոցներ ՔՀԿ-ների կարողությունների ավելացմամբ համայնքներում առանցքային դերակատարման մոդել ստեղծելու համար:
Արդյունք 5.3. Զարգացել են տեղական համայնքների կարողությունները հիմնական հանրային ծառայությունների մատուցման գործում:
Տղամարդկանց բավական երկարատև միգրացիայի պատճառով շատ ընտանիքներ մեկուսացած են, իսկ գյուղերի բնակչության մեծ մասը կազմում են կանայք, երեխաները, դեռահասներն ու տարեցները: Արական սեռին պատկանող միգրանտների անբարեխիղճ սեռական վարքագիծը հանգեցնում է ՄԻԱՎ-ի (սեռական ճանապարհով փոխանցվող վարակ) տարածմանը և հայրենիք վերադառնալիս վարակի փոխանցմանն իրենց զուգընկերներին ու ընտանիքի անդամներին: Հայաստանը հատկապես խոցելի է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածվածության հարցում, քանի որ երկիրը Ռուսաստանի և Ուկրաինայի հետ գտնվում է սերտ համագործակցության մեջ: Երկու երկրներն էլ մեծապես տուժում են ՁԻԱՀ-ի համաճարակի պատճառով և Հայաստանից ամենաշատն են ընդունում սեզոնային միգրանտներ: Գրանցված ՄԻԱՎ վարակակիրների մեծ մասը վարակվել է արտերկրում (2014-ին` 57%):
Գործոններից մեկը, որ կարող է նպաստել միգրանտների վարակվելու վտանգի աստիճանի բարձրացմանը, ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիների և կանխարգելման մեթոդների ու միջոցների մասին անհրաժեշտ տեղեկատվության բացակայությունն է: Ընդհանուր առմամբ գիտելիքների բացակայությունը հանգեցնում է ռիսկի ընկալման ցածր մակարդակի, որն իր հերթին տանում է միգրանտների ռիսկային վարքագծի դրսևորմանը նշված երկրներում (անկանոն սեռական կյանք, մարմնավաճառների ծառայություններից օգտվել, ոչ ապահով վարքագծի դրսևորումներ):
Հետագայում՝ Հայաստան վերադառնալուց հետո, ռիսկի մասին քիչ պատկերացում ունեցող միգրանտներն անմիջապես չեն գնում ՄԻԱՎ վարակի ստուգման: Ըստ Առողջապահության նախարարության «ՄԻԱՎ-ի համաճարակային դիտարկումը» զեկույցի՝ վերջին 5 տարիների ընթացքում շարունակաբար աճել է ՄԻԱՎ-ի թեստ անցնողների թիվը: Այնուամենայնիվ, ՄԻԱՎ-ով վարակվելու նոր դեպքերի թիվը նույնպես ավելացել է:
ՄԻԱՎ-ի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ պրակտիկան (65%) և ներարկային դեղերի օգտագործումը (26%): ՄԻԱՎ-ի մասին տեղեկացվածության մակարդակը երիտասարդների շրջանում շարունակում է մնալ ցածր, իսկ ներկայիս կրթական համակարգը պատշաճ չի անդրադառնում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրական վտանգներին:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիրների նկատմամբ առկա է խտրական վերաբերմունքի բարձր մակարդակ, որը հանգեցնում է նրանց՝ սոցիալական միջավայրից մեկուսացմանը՝ խոչընդոտելով վերջիններիս լիարժեք ինտեգրումը հասարակություն և ստեղծելով լուրջ մարտահրավեր նրանց բարօրության ու խնամքի համար:
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ 6 . ՄԻԳՐԱՑԻԱ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑԻԱ
Նպատակ՝ Հայաստանում հաստատել ու բարեփոխել միգրացիոն քաղաքականությունն ու փորձը:
Միգրացիա ու վերաինտեգրում ռազմավարական ուղղության ընդհանուր նպատակն է հետևողական աշխատանքով նպաստել մի կողմից՝ միգրանտների իրազեկվածության բարձրացմանը, շահերի ու իրավունքների պաշտպանությանը, մյուս կողմից՝ անհատ միգրանտներին ինտեգրման կայուն աջակցություն տրամադրելուն: Մի դեպքում ազգային մակարդակում միգրացիային առնչվող քաղաքականությունը կա՛մ բացակայում է, կա՛մ լիարժեք չէ, մեկ այլ պարագայում միգրանտները պետք է պատշաճորեն տեղեկացված լինեն անվտանգ միգրացիայի հնարավորությունների մասին կամ բավականաչափ հմտություններ ու գիտելիք ունենան՝ հայրենիքում հաստատվելու համար: Այս նպատակով առաջին հերթին պետք է անցկացվեն միգրանտների շահերի պաշտպանության թիրախավորված գործողություններ: Երկրորդ՝ միգրանտների համար պետք է անցկացվեն իրազեկվածության բարձրացմանն ուղղված արշավներ: Երրորդ՝ անհրաժեշտ է կիրառել վերադարձողների անհատական վերաինտեգրման պլանների պրակտիկան: Չորրորդ՝ պետք է համագործակցություն հաստատվի Ռուսաստանի Դաշնությունում գործող ՀԿ-ների հետ աշխատանքային միգրանտների շահերի և իրավունքների պաշտպանության նպատակով: Ի վերջո ամենակարևորը՝ պետք է ֆինանսավորվեն համայնքային զարգացման, ինչպես նաև եկամտաբերության խթանման նախաձեռնությունները:
Արդյունք 6.1 (արտագաղթի վերաբերյալ). Անվտանգ միգրացիան կիրառվում է պոտենցիալ միգրանտների հզորացման և միգրացիոն քաղաքականության բարելավման շնորհիվ:
Արդյունք 6.1-ի նպատակն է նպաստել միգրանտներին առնչվող իրավական ոլորտի բարելավմանը: Մյուս կողմից՝ այն ձգտում է ուժեղացնել պոտենցիալ միգրանտներին՝ մեկնելուց առաջ տրամադրելով տեղեկություններ, կազմակերպելով դասընթացներ և իրազեկվածության բարձրացմանն ուղղված արշավներ: Պոտենցիալ միգրանտներին հզորացնելու նպատակով կարևոր է նպաստել համայնքային դիմակայունության բարձրացմանը և արտագաղթի ծավալների կրճատմանը: Դեռ ավելին, ռուսաստանյան գործընկեր ՔՀԿ-ների հետ համագործակցելով, ՀՀ աշխատանքային միգրանտներն ավելի պաշտպանված կլինեն Ռուսաստանի Դաշնությունում: Բացի այդ, համայնքներն ու միգրանտները (նաև պոտենցիալ) աջակցություն կստանան կայուն եկամտի աղբյուրների ստեղծման և ենթակառուցվածքների պահպանման գործում:
Արդյունք 6.2 (ներգաղթի վերաբերյալ). Վերադարձողներն ու փախստականներն ստանում են կայուն (վերա)ինտեգրման աջակցություն:
Արդյունք 6.2-ի շրջանակում իրականացվում են առավելապես անհատական բնույթի գործողություններ, ինչպես, օրինակ՝ ԵՄ երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիների համար նախատեսված սոցիալական, իրավական աջակցության փաթեթների տրամադրում, ինչպես նաև փախստականների կամ փախստականի իրավիճակում հայտնված անձանց մասնագիտական վերապատրաստման դասընթացների կազմակերպում և անհրաժեշտ գործիքների տրամադրում: Բացի այդ, իրականացվելու են շահերի պաշտպանության գործողություններ ոլորտում գործող կառույցների կողմից վերադարձող միգրանտների վերաինտեգրման և փախստականների/միգրանտների իրավունքների հասանելիության միասնական մոտեցումների մշակման և ընդունման ուղղությամբ՝ միգրացիայի բացասական հետևանքների կանխարգելման նպատակով:
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ 7. ՀԿ-ի ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
Նպատակը՝ «Հայկական Կարիտաս»-ում բարելավել ծրագրերի ձևավորման և որակի կառավարման կարողությունները:
Քանի որ կազմակերպության գործունեության մեջ նկատվում է շարունակական ընդլայնման միտում, դժվար է պատշաճ հետևողականություն և միասնական մոտեցում ապահովել: Այսպիսով՝ ինստիտուցիոնալ զարգացման հիմնական գործընթացներում հաճախ ուշադրության և հետևողականության պակաս է նկատվում։ «Հայկական Կարիտաս»-ում ծրագրերի նախագծման և որակի կառավարման կարողությունների բարելավման համար անհրաժեշտ է ստեղծել Ծրագրերի որակի վերահսկման միավոր և ընթացակարգեր: Այս միավորը պատասխանատու կլինի որակի վերահսկման մեխանիզմների ձևավորման ու հետևողականության ապահովման համար՝ անձնակազմի կարողությունների զարգացման միջոցով։ Հատուկ ուշադրություն է դարձվելու շահերի պաշտպանության և հաղորդակցման ոլորտներին, ինչպես նաև կազմակերպության ֆինանսավորման աղբյուրների և ֆոնդհայթայթման հնարավորությունների բազմազանեցմանը:
Արդյունք 7.1. Ծրագրերի որակի վերահսկման միավորը և դրա գործունեության ընթացակարգերն ստեղծված են:
Կազմակերպության ներքին գնահատման արդյունքում ՀԿ-ի թիմը փորձագետների հետ բացահայտել է կառավարման արդիականացման, ծրագրերի պատշաճ նախագծման, իրականացման ու գնահատման համակարգերի հիմնադրման խիստ անհրաժեշտությունը: Սա կբարելավի «քաղաքական» նշանակություն ունեցող որոշումների կայացման գործընթացը՝ ֆոնդհայթայթման, ծրագրավորման, կազմակերպության ներքին հաղորդակցության, տեղեկատվության հոսքի, ծրագրերի/նախագծերի կառավարման ստանդարտացման ոլորտներում, կնվազեցնի աշխատակցով պայմանավորված և բազմաթիվ այլ ռիսկեր։ Որպես առաջին քայլ՝ ՀԿ-ի կողմից կնշանակվի Ծրագրերի որակի վերահսկման միավորի անձնակազմը, և կսահմանվեն նրանց գործունեության ու ռոտացիայի կանոնները: Կտեղադրվի մասնագիտացված ձեռնարկությունների կառավարման ծրագրային փաթեթ, և անձնակազմը կվերապատրաստվի դրանք օգտագործելու համար, թեև այլընտրանք կարող են համարվել նաև հաղորդակցման և նախագծի կառավարման այլ ծրագրեր: Թեպետ ՀԿ-ի ֆինանսական համակարգը հնարավորություն է տալիս հաշվետվությունների վերհանումն ըստ ծրագրերի և ըստ դոնորների՝ եռամսյակային կտրվածքով, սակայն ստեղծված Ծրագրերի որակի վերահսկման միավորը կապահովի նաև ծրագրային կառավարման փաթեթի տեղադրումն ու օգտագործումը: Ծրագրերի որակի վերահսկման համակարգի ստեղծմանը զուգընթաց, կենտրոնական գրասենյակում կստեղծվի մոնիտորինգի և գնահատման պատասխանատուի նոր հաստիք, ծրագրի ղեկավարները և պատասխանատուները կփորձեն ծրագրերի որակի կառավարման ոլորտում ստեղծել վերապատրաստման համապատասխան հնարավորություններ, հաստատել ներքին մոնիտորինգի և գնահատման հստակ մեխանիզմներ: Ծրագրերի որակի վերահսկման միավորը ծրագրերի ու նախագծերի միջև համադաշնեցման հնարավորություններ կստեղծի՝ ծախսարդյունավետության ապահովման, ջանքերի դուպլիկացիան բացառելու և միևնույն շահառուներին տարբեր ծրագրերում ընդգրկելու աննպատակությունը կանխելու համար:
Արդյունք 7.2. Ծրագրերի նախագծման, կառավարման ու որակի վերահսկման մեխանիզմը բարելավվել է և գտնվում է հսկողության տակ:
ՀԿ-ն ունի ծրագրահեն դասական կառուցվածք, որը նպատակահարմար է կազմակերպության իրականացրած գործառույթներին: Նմանօրինակ կառույցում արդյունավետ գործունեություն ծավալելու համար կազմակերպությունը կփորձի բարելավել ծրագրերի նախագծման, կառավարման, մոնիտորինգի ու գնահատման իր կառուցվածքային, փաստաթղթային ու գործնական համակարգերը: Ծրագրերի որակի վերահսկման միավորի թիմը կմշակի և կհաստատի ավելի միասնական մոտեցում և կգործարկի հստակ ծրագրի որակի վերահսկման մեխանիզմ: Ծրագրերի որակի վերահսկման միավորը կկիրառի հստակ մեխանիզմներ՝ ապահովելու համար նախագծերի իրականացումն ըստ ՀԿ-ի արժեքների, բնապահպանական էթիկայի, էթիկայի ու վարքագծային կանոնների, գործընկերության սկզբունքների, երեխաների պաշտպանության և անվտանգության ապահովման քաղաքականության և այլն: Գործընթացը հետագայում կիրականացվի ՀԿ-ի 7 ռազմավարական ուղղությունների հիման վրա հնգամյա ֆոնդհայթայթման ռազմավարության մշակմամբ և ֆինանսավորման նպատակների հստակ բացահայտմամբ ու իրականացմամբ:
Արդյունք 7.3. «Հայկական Կարիտաս»-ի անձնակազմն ստանում է շարունակական վերապատրաստման ու զարգացման հնարավորություններ:
ՀԿ-ի թիմը 2017-2021 թթ. ռազմավարության 7 հիմնական նպատակներին հասնելու համար կներդնի զարգացման համապարփակ ծրագիր, որ կներառի ՀԿ-ի անձնակազմի ուսուցման կարիքների գնահատման և վերապատրաստման արդյունքները: ՀԿ-ի անձնակազմը կսահմանի ուսուցման նպատակները, ոլորտային ղեկավարների հետ կքննարկի այն որոշակի ժամկետներում և ըստ ֆինանսավորման հնարավորությունների իրականացման տեսլականը: Աշխատակազմը շարունակաբար կվերահսկի իր ուսուցումը՝ հասկանալով դրա առավելություններն ու համատեղելիությունը ծրագրի նախագծման ու իրականացման գործընթացներին:
Արդյունք 7.4. «Հայկական Կարիտաս»-ի շահերի պաշտպանության և հաղորդակցության շարունակական զարգացումն ապահովված է:
Ակնհայտ է, որ ՀԿ-ն տեսնում է միասնական արտաքին հաղորդակցության անհրաժեշտությունը, որը կձևավորվի բոլոր ծրագրերի հաղորդակցության պլաններից և կիրականացվի Հանրային կապերի ու հաղորդակցության բաժնի կողմից: Ռազմավարությունը պետք է ունենա համապատասխան ռեսուրսներ և հստակ ժամկետներ՝ մշտադիտարկման և գնահատման համար հստակ ցուցանիշներով: Կազմակերպությունը կմշակի և կիրականացնի իր արտաքին հաղորդակցությունը՝ նախևառաջ օգտագործելով Շահերի պաշտպանության ռազմավարության բովանդակությունը և ապահովելով հասարակությանն ուղղված նպատակային հաղորդագրությունները: ՀԿ-ն կորդեգրի ռազմավարական մոտեցում ԶԼՄ-ների հետ համագործակցելու համար: ՀԿ-ի շահերի պաշտպանության դիրքորոշման հետևողական հաղորդագրությունը համաձայնեցված կլինի ղեկավարության հետ և կաջակցի ՀԿ-ի շահերի պաշտպանության ռազմավարության նպատակների իրականացմանը: Հաշվի առնելով ՀԿ-ի ունեցած ազդեցությունը՝ պետք է ընդլայնել կազմակերպության ներկայությունը գոյություն ունեցող ցանցերում և/կամ մշակել ցանցեր կազմակերպության փորձառության ու հետաքրքրության ոլորտներում: Դա կավելացնի այն ազդեցությունը, որ ՀԿ-ն ունի քաղաքականության մշակման վրա, ազդելու լրացուցիչ գործիքներ կտրամադրի և կավելացնի կազմակերպության տեսանելիությունը:
Արդյունք 7.5. «Հայկական Կարիտաս»-ի ֆինանսավորման աղբյուրների բազմազանությունը և ֆոնդհայթայթման հնարավորությունները բարելավված են:
Ծրագրերի որակի վերահսկման միավորն ու թիմը կմշակեն և կգործարկեն ֆոնդհայթայթման հնգամյա ռազմավարություն, որը հստակ կսահմանի, թե ՀԿ-ն ինչպես է հասնելու իր 7 ռազմավարական ուղղությունների նպատակներին՝ փակելով ֆինանսական բացը առկա ու կանխատեսված ֆինանսական ռեսուրսների օգնությամբ։ Ռազմավարությունը կքարտեզագրի, կպլանավորի դոնորների և նրանց ներգրավվածության գործողությունների պլանը և կսահմանի դերերն ու պարտականությունները: ՀԿ-ի թիմը շարունակաբար կվերահսկի մրցակցային շուկան, ըստ անհրաժեշտության կվերանայի դոնոր/ֆինանսավորող կողմ ներգրավվածության ծրագիրը, կկազմակերպի համապատասխան հանդիպումներ և կապահովի պլանների վերանայում: Բացի այդ, թիմը կջանա ուժեղացնել դոնորների հետ գործընկերական հարաբերությունները քաղաքական մակարդակում և կփնտրի լրացուցիչ դիվերսիֆիկացված ֆինանսավորման աղբյուրներ՝ ամրապնդելու իր ֆինանսավորման ֆոնդերը ոչ ավանդական աղբյուրներից: Թիմը կանցկացնի հիմնարար ուսումնասիրություն հնարավոր վճարովի ծառայությունների մատուցման, ինչպես նաև ծախսարդյունավետության վերաբերյալ:
ԲԱԺԻՆ 3. ՌԻՍԿԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Ռիսկերի վերլուծության և կառավարման պլանը կկենտրոնանա այս ռազմավարությանը հատուկ ընդհանրական և յոթ ռազմավարական ուղղություններին մասնավորապես սպառնացող ռիսկերի կառավարմանը: Այն չի ներառում ծրագրային ամենօրյա ռիսկերը, որոնք բնորոշ են աշխարհի շատ ծրագրերին (օրինակ՝ խարդախության ռիսկ, համայնքների կողմից չընդունվելու ռիսկ, փոխարժեքի տատանումներ և այլն): Այս պլանում մեր կողմից կատարված ռիսկերի վերլուծությունը և կառավարման գործողությունները հիմնված են ՀԿ-ի 2017-2021 թթ. ծրագրային ռազմավարության վերլուծության ու նպատակների վրա: Այս բաժինը ներառում է ռիսկերի դասակարգումը (դժվարություններ և հավանականություն), ռիսկի կառավարման հնարավոր տարբերակների սցենարը և հիմնական պարտավորությունները:
Խորհուրդ է տրվում վերանայել այս աղյուսակը վեցամսյա ժամկետում՝ ցածր հավանականությամբ ռիսկերը բացառելու և նոր ի հայտ եկողները վերլուծելու համար՝ համաձայն PESTEL-ի/Երկրի իրավիճակի ընդհանուր պատկերի:
Ռիսկեր, որոնք հատուկ են ամբողջ ռազմավարությանը
ա. Ֆինանսավորման ռիսկեր
- Չկան բավարար ֆինանսական միջոցներ ռազմավարության և ծրագրերի իրականացման համար:
- Որոշ խոշոր դոնորներ, որ երկարաժամկետ աջակցություն են ցուցաբերել կազմակերպությանը, կարող են դուրս գալ, եթե ՀԿ-ն չկարողանա բավարարել նրանց այժմեական հետաքրքրությունները:
- Չկան բավարար ու կայուն դիվերսիֆիկացված ֆինանսավորման աղբյուրներ:
բ. Հաղորդակցման ոլորտում առկա ռիսկեր
- Ցածր տեսանելիություն, որ կարող է անորոշ պատկերացում ստեղծել «Հայկական Կարիտաս»-ի և նրա ունեցած ազդեցության մասին,
- շահերի պաշտպանության խնդիրների լուծմանը հասնելու համար համապատասխան հաղորդակցման հմտությունների օգտագործման ցածր տոկոս,
- ՀԿ-ի հանրային կապերի պատասխանատուի՝ կես դրույքով ներգրավումն աշխատանքներին:
գ. Քաղաքականության շահերի պաշտպանության ռիսկեր
- Պետական պատվիրակման մեխանիզմների հնացած/ անբարենպաստ մեխանիզմներ,
- Բարձր մրցակցություն շուկայում ՝ սոցիալական ծառայությունների պատվիրակման շրջանում:
դ. Ֆինանսական կառավարման ռիսկեր
- Միասնական տարեկան բյուջեի բացակայություն, որը թույլ կտա ավելի արդյունավետ իրականացնել որևէ ծրագրի ֆինանսական կառավարումն ու ֆոնդհայթայթումը:
Ռիսկերի առավել մանրամասն նկարագրությունը ներկայացված է Հավելված 4-ում: Այն սահմանում է ՀԿ-ի աշխատակիցների իրականացրած ռիսկից խուսափելու, դրանց ազդեցությունները մեղմացնելու և փոխելու հիմնական գործողությունները: Խորհուրդ է տրվում ռիսկերի ռեգիստրը վերանայել հիշյալ Ռազմավարությունը վերանայելուն զուգընթաց:
ԲԱԺԻՆ 4. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ
Քանի որ «Հայկական Կարիտաս»-ը շեշտադրում է ծրագրերի որակի ապահովումը, անհրաժեշտ է դառնում նրա կողմից գործընթացների զարգացումն ու ներդրումը աշխատուժի մեջ ` բարձրակարգ ծրագրային աշխատանք ապահովելու համար: ՀԿ-ի Ծրագրային որակի ապահովման շրջանակը (տե՛ս Հավելված ) ձգտում է աջակցել ՀԿ-ի՝ որակյալ ծրագրերի մշակման նպատակին: Ծրագրային որակի ապահովման շրջանակը, կից ուղեցույցը և գործիքները նախագծված են ծրագրերի որակի բարելավման համար՝ ավելի հետևողական ու միասնական մոտեցումների կիրառմամբ, և ուղղորդում են ՀԿ-ի աշխատակիցներին ծրագրերի իրականացման հարցում՝ օգնելով ամրապնդելու դրական փորձը:
«Հայկական Կարիտաս»-ի ռազմավարության համար նախատեսված ծրագրերի որակի ապահովման շրջանակը համապատասխանեցված է գործող Ռազմավարության ժամանակահատվածին (2017-2021):
«Հայկական Կարիտաս»-ի ծրագրերի որակի ապահովման շրջանակի հիմնական բաղադրիչ տարրերն են.
ա. կառավարման կառուցվածք, որը պատասխանատու է մոնիտորինգի ու գնահատման համար,
բ. ցուցիչների մոնիտորինգ, նրանց սահմանումները և չափման համապատասխան մեթոդները,
գ. գործառական մոնիտորինգ. գործունեության շարունակական իրականացման և լուսաբանման գործիքներ ու մեխանիզմներ,
դ. գնահատումներ՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին,
ե. հաշվետվողականություն. արձագանքների ու բողոքների մեխանիզմներ, տեղեկատվության փոխանակում ու մասնակցություն,
զ. մոնիտորինգի ու գնահատման համար կարողությունների զարգացման ու դասընթացների անցկացման կարիքներ,
է. մոնիտորինգի ու գնահատման անցկացման համար անհրաժեշտ բյուջե:
ՀԿ-ի ռազմավարության տրամաբանական հենքը, մոնիտորինգի և գնահատման պլանը, գործողությունների իրականացման մանրամասն պլանը, Ցուցիչների աղյուսակը և այլ գործիքներ առաջարկվում են ՀԿ-ի աշխատակազմին (տե՛ս Հավելված 2 և 3)` ՀԿ-ի ծրագրերի զարգացման և իրականացման որակը բարձրացնելու և խոցելի համայնքներում ծրագրերի արդյունավետությունն ու ազդեցությունը բարելավելու: