Նվազեցնել անօրինական միգրացիան եւ մարդկանց շահագործումը ՀՀ-ում

«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Նվազեցնել անօրինական միգրացիան եւ մարդկանց շահագործումը ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում կատարվել է հետազոտություն` «Հայ աշխատանքային միգրանտները Ռուսաստանի Դաշնությունում: Դժվարություններն արտասահմանում եւ մարտահրավերները տանը» վերտառությամբ: Հետազոտությունը ընդգրկել է Գեղարքունիքի, Լոռու եւ Շիրակի մարզերը ու կատարվել է գործընկեր մարզային ՀԿ-ների ներդրմամբ եւ փորձագետ Վալենտինա Գեւորգյանի կոցմից: Հետազոտության նպատակն է եղել պարզել, թե ինչ է ՀՀ քաղաքացիներին դրդում մեկնել Ռուսաստանի Դաշնություն, ինչպիսի դժվարությունների են հանդիպում հայաստանցի միգրանտները Ռուսաստանի Դաշնությունում եւ ինչ խնդիրների են նրանք բախվում Հայաստան վերադարձից հետո: Հետազոտությունից պարզ է դարձել, որ միգրացիայի հիմնական պատճառը զբաղվածություն ունենալն է կամ ավելի բարձր վարձատրվող աշխատանք ունենալն է: Գալով դժվարություններին` հատկանշական է, որ դժարությունների մի մասը վերաբերում է գործատուի եւ միգրանտ աշխատակցի փոխհարաբերություններին այն իմաստով, որ աշխատողը ստանում է ավելի քիչ գումար, քան նախապես պայմանավորվել էր գործատուի հետ կամ չի ստանում ընդհանրապես, կամ էլ աշխատանքային պայմանները եւ աշխատանքի բնույթը տարբեր են նախնական պայմանավորվածությունից: Դժվարությունների ոչ պակաս կարեւոր մաս է կազմում Եվրասիական Տնտեսական Միության տարածքում գործող եւ աշխատանքային միգրանտներին վերաբերող օրենսդրության եւ կարգավորումների չիմացությունը, ինչպես նաեւ լեզվական խոչընդոտները: Հետաքրքրական է, որ վերադարձից հետո հանդիպող դժվարություններից են վերաինտեգրումը հայաստանյան իրականությունում, ընտանեկան փոխարաբերությունների վատթարացում, որը ոչ հազվադեպ կարող են ավարտվել ամուսնալուծությամբ: