Գյումրիում բացվել է տարածաշրջանում եզակի «Արեգակ» ներառական փուռ-և սրճարանը: Գյումրու հենց կենտրոնում՝ Աբովյան 242 հասցեում այսուհետ կգործի ներառական սրճարանն ու փուռը, որտեղ կաշխատեն բացառապես հաշմանդամություն ունեցող երիտասարդները և հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները:
Սրճարանի և փռի բացումը տեղի ունեցավ սեպտեմբերի 14-ին, ներկա էին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Շիրակի փոխմարզպետ Սոֆիա Հովսեփյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի:
ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին կարևորեց ծրագրի նախաձեռնումն ու կիրառումը՝ ընդգծելով, որ նմանատիպ ծրագրերը նպաստում են ներառական հասարակության կայացմանը: Դեսպանն այնուհետ անդրադարձավ եվրամիության կողմից Գյումրիում իրականացվող ծրագրերին: «Գյումրին ամենաեվրոպական քաղաքն է Հայաստանում: Այս փուռով Գյումրին ավելի եվրոպական է դառնում: Ծրագիրը կոչված է ոգեշնչելու սահմանափակ կարողություններ ունեցող անձանց և խրախուսել նրանց, որպեսզի նրանք հավատան, որ հասարակության կարևոր մասն են կազմում: Ավելի շատ էինք ուզում, որ ծրագիրն իրականացվեր հենց Գյումրիում ՝ որպեսզի այն դառնա ներառական քաղաքի օրինակ»,- նշեց Պյոտր Սվիտալսկին:
Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանի ողջույնի, շնորհավորանքի խոսքից և օրհնության կարգից հետո, ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը, Շիրակի փոխմարզպետ Սոֆիա Հովսեփյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Քաղաքապետն իր խոսքում ողջունեց ու շնորհավորեց գյումրեցիներին սրճարանի բացման կապակցությամբ, ապա կարևորեց Գյումրիում նման սրճարանի առկայությունը, որը հաշմանդամություն ունեցող երիտասարդներին ընձեռում է աշխատանքի հնարավորություն:
«Ես շնորհավորում եմ նախ բոլոր գյումրեցիներին, բոլոր կարիտասցիներին և նրանց, ովքեր աշխատում են այս ծրագրի շրջանակում: Աշխատանքն արժանապատիվ կյանքի գրավականն է: Ցավոք, պետք է նկատեմ, որ Հայաստանում պետությունն ուշացել է հավասար հնարավորություններ ստեղծելու իմաստով: Մենք պետք շատ անելիքներ, ավելի մեծ քայլեր անենք՝ ավելի մեծ ներդրումներով, որպեսզի կարողանանք մեր բացթողածը լրացնել: Կարևորում եմ այս իմաստով համագործակցությունը համայնքի, կառավարության և միջազգային կառույցների միջև»,- նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը:
«Շնորհակալություն այսօրվա համար, քանի որ այսօրը ոչ միայն ինձ համար է պարգև, այլ բոլորի: Այսօրով մենք հաստատեցինք, որ պատրաստ ենք փոխել մեր մտածողությունը, մեր վերաբերմունքը և հավատալ նրան, որ գոյություն չունի սահմանափակ կարողություն հասկացողությունը: Սա յուրաքանչյուրի համար դարձավ ապացույց, որ բոլորն ամենակարող են և բոլորը կարող են անել այն, ինչ ցանկանում են: Այսօրվանից սկսվեց ներառականության կերտումը Շիրակ մարզում, և սա օրինակ է ողջ հանրապետության համար»,- ընդգծեց Շիրակի փոխմարզպետ Սոֆիա Հովսեփյանը:
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության համաֆինանսավորմամբ, այն համաֆինանսավորվում է նաև «Կարիտաս Ավստրիա»-ի և Ավստրիայի զարգացման գործակալության կողմից: Այն «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի «Էմիլի Արեգակ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների աջակցության ռեսուրս կենտրոնի ծրագիրն է: Կենտրոնի առաքելությունն է ծառայել հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին, նպաստել ներառական հասարակության կայացմանը: «Արեգակ» փուռ և սրճարանը, լինելով այդ առաքելության անմիջական կրողը, հաշմանդամություն ունեցող երիտասարդների հնարավորությունները բացահայտելու, ներառական միջավայր ստեղծելու, նոր գիտելիքներ տրամադրելու օրինակելի տարածք է, որտեղ մատուցվում են համեղ հաց, թխվածք և սուրճ: