Կտրուկ հակագրոհով Նավուրի ֆուտբոլային թիմի հարձակվողը գրավում է Չինչինի թիմի դարպասը և բացում հանդիպման հաշիվը: Խաղն ընթանում է լարված պայքարում՝ կողմերի անզիջում գրոհներով և հակագրոհներով: Որպես տրիբունա ծառայող լանջին և դաշտի երկայնքով տեղադրված մի քանի նստարանին տեղավորված նավուրցի երեխաները սատարում են հայրենի գյուղի թիմին՝ վանկարկելով. «Նա-վուր, Նա-վուր»:
Նավուրի և Չինչինի ֆուտբոլային թիմերը մի քանի ամիս առաջ նման ֆուտբոլային հանդիպում անցկացնելու հնարավորություն չունեին: Սակայն այսուհետև ոչ միայն Նավուրի, այլև հարևան գյուղերի թիմերը կկարողանան մարզվել և խաղալ նորաբաց ֆուտբոլային դաշտում, որը հագեցած է բոլոր անհրաժեշտ հարմարություններով: Ֆուտբոլային դաշտի վերակառուցման ծրագիրն իրագործել են ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը և «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը՝ «Մեկ գյուղ» կոնսորցիումի շրջանակում, համայնքի գործուն մասնակցությամբ:
Նավուրի դպրոցին կից ֆուտբոլի դաշտից բացի ստեղծվել է նաև բասկետբոլի և վոլեյբոլի խաղադաշտ, որտեղ մարզվում են տղաներն ու աղջիկները: Իսկ աղջիկների բասկետբոլի թիմն արդեն զգալի հաջողությունների է հասել մարզային առաջնություններում:
Կոնսորցիումի ևս մեկ ծրագրի շնորհիվ Նավուրի բնակիչներն այսուհետև կունենան մշտական խմելու ջուր: Նախագիծն իրականացվել է համայնքի, «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի և «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի աջակցության շնորհիվ:
Նավուրում գործող գյուղատնտեսական կոոպերատիվը «Մեկ գյուղ» կոնսորցիումի անդամ Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ ստացել է շարքացան, սրսկիչ, կարտոֆիլահան և այլ գյուղտեխնիկա: Կոոպերատիվը միավորում է 60-ից ավելի ֆերմերի: Կոոպերատիվի ներկայացուցիչների խոսքով՝ տեխնիկան կնպաստի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, որը կբերի բերքատվության աճին և նոր հողատարածքներ մշակելուն:
Կոնսորցիումի անդամներն այս տարվա հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում այցելություններ են կատարել Տավուշի մարզի Նորաշեն, Նավուր, Այգեպար և Կիրանց համայնքներ՝ տեղում ծանոթանալու գյուղերի կարիքներին, լսելու բնակչությանը և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին:
Գնահատման և քննարկումների արդյունքում որոշվել է աջակցության առաջնային թիրախ սահմանել Նավուր համայնքը, իսկ երկրորդային աջակցության համար ընտրվել է Կիրանցը՝ որպես առանձնահատուկ կարիքներ ունեցող գյուղ:
«Մեկ գյուղ» կոնսորցիումի նախաձեռնությամբ 2017 թ. Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքին տրամադրվել է գյուղտեխնիկա, հիմնվել է մանկապարտեզ, ֆինանսավորվել է դպրոցում աշխատող ուսուցչի աշխատավարձը, փոխհատուցվել է գյուղաբնակ ուսանողների ուսման վարձը:
Նախաձեռնության անդամներն են Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը, «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը, «Զարգացման սկզբունքներ» ՀԿ-ն, Հայ օգնության ֆոնդը, Վորլդ վիժն Հայաստանը, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն, «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը: