Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում (VolFiRe)» ծրագրի շրջանակներում, որի «Հաշմանդամություն ունեցող անձանց ներառման և գենդերային վերլուծություն» բաղադրիչն իրականացնում է Հայկական Կարիտասը, անցկացվեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ, հաղորդակցություն և տեղեկատվության մատչելիություն» թեմայով եռօրյա դասընթաց: Դասընթացը վարում էր «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանը:
Դասընթացի ընթացքում քննարկվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են հաշմանդամության հիմնական մոդելները, արդյունավետ հաղորդակցություն և էթիկա, տեղեկատվության մատչելիություն և հեշտ ընթերվող ձևաչափեր:
Դասընթացի նպատակն էր մասնակիցներին տալ գիտելիքներ տեղեկատվությունը բոլորի համար հասանելի ձևաչափերով ներկայացնելու, ինչպես նաև հեշտ ընթերցվող նյութեր պատրաստելու վերաբերյալ: Դասընթացի վերջին օրը մասնակիցներին հանձնարարվեց նաև գործնական աշխատանք, որի նպատակն էր հեշտ ընթերցվող դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու վերաբերյալ նյութերը: Դասընթացը կազմակերպվել էր Հայկական Կարիտասի կողմից:
Դասընթացին մասնակցեցին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի աշխատակիցները, ովքեր պատասխանատու են տեղեկատվական-ուսուցողական նյութերի և հրահանգների մշակման համար, ինչպես նաև Հայկական Կարիտասի և Հայկական Կարմիր խաչի ընկերության աշխատակիցները:
«Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում (VolFiRe) ծրագրի նպատակն է Հայաստանում ստեղծել քաղաքացիական պաշտպանության կամավորության համապարփակ մոդել: Հայկական Կարիտասը պատասխանատու է խթանել գենդերային հավասարությունը և հաշմանդամության ունեցող անձանց ներառումը կամավոր հրշեջ-փրկարարական խմբերում։
Շնորհակալություն ՀՀ ՆԳՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիային համագործակցության համար:
Ծրագիրը ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցություն կողմից և համաֆինանսավորվում է Ավստրիական Կարմիր խաչի և Կարիտաս Ավստրիայի (Ինսբրուկ) կողմից: