1. Նախաբան

2017թ. մայիսի 18-ին ՀՀ կառավարության հաստատած Ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարական ծրագրի 2017-2021թթ. իրականացման միջոցառումներով նախատեսված է տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայություններ տրամադրող ՀԿ-ների խնամքի ծառայությունների պատվիրակում՝ մրցակցային սկզբունքով:
2015թ. սեպտեմբերի 10-ին, «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ կառավարությունը հաստատեց սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման դեպքերը և կարգը, որով սահմանվեց հավաստագրման գործընթացը և հավաստագրման ենթակա սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության տեսակները, ինչպես նաև ամրագրվեց, որ պետական աջակցություն ստանալու համար կազմակերպությունները պարտավոր են հավաստագրվել։
Ներկայումս շուրջ մեկ տասնյակ ՀԿ-ներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ ՀՀ ԱՍՀՆ) կողմից ստանում են պետական սուբսիդիա և պետական աջակցությամբ տրամադրում են սոցիալական ծառայություններ երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց:
2017թ. դեկտեմբերին ՀՀ ԱՍՀ նախարարի հրամանով հաստատվել է պետական աջակցության տրամադրման նպատակով սոցիալական պաշտպանության ոլորտում ծառայություններ մատուցող իրավաբանական անձանց ընտրության համար անցկացվող մրցույթի կարգը:
Ամփոփելով տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների տրամադրման ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ այս փուլում կարևորվում են հետևյալ հիմնական գերակայությունները՝

  1.  Խնամքի շուրջօրյա և ցերեկային ծառայությունների նկարագրությունների և նվազագույն որակի չափորոշիչների մշակումը, այդ թվում պահանջվող մարդկային, ֆինանսական և այլ ռեսուրսները՝ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը և տեղական առանձնահատկությունները․
  2. ներկայումս ՊՈԱԿ-ների կողմից մատուցվող ծառայությունների, ինչպես նաև ՀՀ ԱՍՀՆ տրամադրած պետական սուբսիդիայով (ծախսերի մասնակի փոխհատուցմամբ) ՀԿ-ների կողմից մատուցվող խնամքի ծառայությունների փուլային փոխարինումը՝ մրցակցային սկզբունքով ոչ պետական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով ծառայությունների մատուցմամբ.
  3. պետական-մասնավոր փոխշահավետ գործընկերության հենքի վրա՝ երեխաների, տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի այլընտրանքային ծառայությունների արդիական նոր կամ կատարելագործված ծառայությունների ձևավորումը, այդ ծառայությունների (գործող և նոր ներդրվող) որակի, մատչելիության ու ծախսարդյունավետության հետևողական բարձրացումը, շուկայում նոր որակի առաջարկի ձևավորումը և աշխարհագրական ծածկույթի ընդլայնումը:

2. Փորձագիտական աջակցության նպատակը և բաղադրիչները

Նախաբանում նշված նպատակադրումների շրջանակներում նախատեսվում է մասնագիտական համակողմանի աջակցություն ՀՀ ԱՍՀՆ համապատասխան ստորաբաժանումներին՝ տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների տրամադրման ոլորտում (այսուհետ՝ Ոլորտ) ընթացող բարեփոխումների հետևյալ բաղադրիչներն իրականացնելու նպատակով.

1. Ոլորտին վերաբերող՝ միջազգայնորեն ընդունված ստանդարտների և ընտրված առանձին երկրների փորձի համակողմանի ուսումնասիրություն, վերհանված կոնկրետ լուծումները Հայաստանում տեղայնացնելու նպատակահարմարության գնահատում.

2. Ոլորտին վերաբերող Հայաստանում իրականացված հետազոտությունների երկրորդային վերլուծություն, արդյունքների ամփոփում.

3. Փորձնական ներդրման համար տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի այլընտրանքային ու արդիական ծառայությունների նոր տիպերի առաջադրում.

4. Ոլորտի ծառայություն հայցող անձի (ընտանիքի) կարիքի համակողմանի գնահատման հիման վրա՝ անձի համար ծառայության կոնկրետ տիպի որոշարկման, ուղեգրման և հետադարձ կապի ապահովման ընթացակարգերի ամբողջական նկարագրություն.

5. Ոլորտի ծառայության յուրաքանչյուր տիպի (առաջարկված նորը և գործողը) համար շահառուների շրջանակի հստակեցում, տարանջատում ու դասակարգում (խմբավորում՝ ըստ համակողմանի գնահատված կարիքի).

6. Ըստ տիպերի (ներառյալ՝ առաջարկված նորերը և գործողները)՝ Ոլորտի ծառայությունների ամբողջական նկարագրերի (անձնագրերի) մշակում, որոնք պետք է ներառեն՝

  1.  շահառուների թիրախավորված շրջանակը և խմբավորումը,
  2.  ծառայության տրամադրման աշխարհագրությունը և ծածկույթը` ըստ գնահատված կարիքի,
  3.  յուրաքանչյուր խումբ շահառուի համար տրամադրման ենթակա ենթածառայությունների կամ աշխատանքների փաթեթը և դրանց մատուցման պարբերականությունը միավոր ժամանակահատվածում և ընթացակարգը,
  4.  ծառայությունների կատարողականի գնահատման քանակական ու որակական ցուցանիշները,
  5.  հաշվետվողականությունը՝ հաշվետվությունների ձևերը, կազմման եղանակներն ու պարբերականությունը,
  6.  այլ էական պայմաններ.
  7.  Ծառայությունների համար մշակված նկարագրերին համապատասխան՝ գործող բազմոլորտ նվազագույն չափորոշիչների վերանայում և ամբողջականացում։

3. Փորձագիտական աջակցության ակնկալվող արդյունքները

Փորձագետի/փորձագիտական խմբի աջակցությամբ իրականացված ուսումնասիրությունների, վերլուծությունների ու գնահատումների հիման վրա Հայաստանում Ոլորտի զարգացման առանձնահատկությունների լիարժեք հաշվառմամբ և քաղաքականության բարեփոխումների գերակայությունների շրջանակներում հնարավոր կլինի ապահովել հետևյալ կոնկրետ արդյունքները՝

  1.  Ոլորտի վերաբերյալ ուսումնասիրված միջազգային փորձի և երկրորդային վերլուծությունների ամփոփ տեղեկանքը.
  2.  Հայաստանում փորձնական ներդրման համար առաջարկվող և այդ տեսանկյունից դրական գնահատված խնամքի այլընտրանքային ու արդիական ծառայությունների նոր տիպերը.
  3.  Ոլորտի ծառայություն հայցող անձի (ընտանիքի) կարիքի համակողմանի գնահատման հիման վրա՝ անձի համար ծառայության կոնկրետ տիպի որոշարկման, ուղեգրման և հետադարձ կապի ապահովման ամբողջական ընթացակարգերը.
  4.  Ոլորտի ծառայության յուրաքանչյուր տիպի (առաջարկված նորը և գործողը) համար շահառուների հստակեցված շրջանակն ու դասակարգումը.
  5.  Ըստ տիպերի (ներառյալ՝ առաջարկված նորերը և գործողները)՝ Ոլորտի ծառայությունների ամբողջական նկարագրերը (անձնագրերը).
  6.  Ծառայությունների տրամադրման բազմոլորտ նվազագույն չափորոշիչները՝ վերանայված ու ամբողջականացված.

4. Կատարման ենթակա աշխատանքների ժամանակացույցը

Սույն տեխնիկական առաջադրանքի 2-րդ գլխում նկարագրված աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2019թ. օգոստոսի 19-ից մինչև հոկտեմբերի 19-ը:
Փորձագետի/փորձագիտական խմբի միջանկյալ՝ առաջին հաշվետվությունն ակնկալվում է մինչև 2019թ. սեպտեմբերի 15-ը:
Փորձագետների վերջնական՝ երկրորդ հաշվետվությունն ակնկալվում է մինչև 2019թ. հոկտեմբերի 15-ը:

5․ Փորձագետին/փորձագիտական խմբին ներկայացվող պահանջները և որակավորումները

  •  Համապատասխան ոլորտում մագիստրոսի կամ համարժեք աստիճան,
  •  Հայաստանի սոցիալական աջակցության ոլորտում աշխատանքի փորձ,
  •  Պետական մարմինների հետ աշխատանքի փորձ,
  •  Տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց ոլորտի խնդիրների և պետական աջակցության բնագավառի իմացություն,
  •  Հայերեն լեզվով հաղորդակցվելու գերազանց հմտություններ։

Փաստաթղթերը (ինքնակենսագրություն, ուղեկցող նամակ և բյուջե) ուղարկել հետևյալ էլ․ փոստերին՝ info@mlsa.am և info@caritas.am մինչև օգոստոսի 14-ը՝ որպես թեմա նշելով «փորձագետի մրցույթի համար»: