Ձգտելով ապրել մեր արժեքների համաձայն.
Էթիկայի Կանոններ
Միջազգային Կարիտասի անդամ կազմակերպությունների համար
Ներածություն
Միջազգային Կարիտասի (այսուհետ՝ ՄԿ) աշխատանքը հիմնավորված, ուղղորդված և սահմանված է Սուրբ Գրքով, Կաթողիկե Եկեղեցու ուսմունքով և Ավանդությամբ, ինչպես նաև կարիքի մեջ ապրողների հետ անմիջական շփման և սիրո վրա հիմնված մտերմությամբ: «Կարիտասը Եկեղեցու հոգատարությունն է իր ժողովրդի հանդեպ» և արտահայտությունն է առավել ուշադրության՝ աղքատների, մերժվածների ու արհամարհվածների (marginalized) նկատմամբ: Կարիտասը ձգտում է ապահովել անձի ամբողջական զարգացումը և մեղմացնել աղետների, հակամարտությունների ու անարդարությունների հետևանքը՝ մարդկային տառապանքը:
ՄԿ-ի Ներքին Կանոնակարգի 1.3 հոդվածով սահմանված է, որ «Անդամ կազմակերպությունները պարտավոր են պահպանել կառավարման, կազմակերպչական ենթակառուցվածքի, ֆինանսական կենսունակության ու հաշվետվողականության նվազագույն չափորոշիչները՝ համաձայն Վարչական խորհրդի կողմից ընդունված Վարվեցողության և Էթիկայի կանոնների: Այնուամենայնիվ, նրանք անկախ են իրենց իրավական, ֆինանսական ու պայմանագրային կարգավիճակներում:
Ի լրումն Կանոնադրության և Ներքին կանոնակարգի, որոնք ապահովում ՄԿ-ի կանոնական իրավական հենքը, Կոնֆեդերացիայի գործունեության համար մշակվել են մի շարք չափորոշիչներ և ուղեցույցներ՝ ներառյալ հետևյալ փաստաթղթերը, որոնց կարգավիճակը փոփոխության չի ենթարկվել.
- Կարիտասի Գործընկերության ուղեցույց-սկզբունքները (2003)
- ՄԿ-ի Երեխայի և խոցելի չափահասների պաշտպանության քաղաքականությունը (2018)
- ՄԿ-ի ուղեցույցը Ուժային կառույցների հետ հարաբերությունների մասին (2006)
- ՄԿ-ի ուղեցույցը Շրջակա միջավայրի արդարացի օգտագործման մասին (2006)
- ՄԿ-ի ուղեցույցը Արտակարգ իրավիճակների մասին (2007)
- ՄԿ-ի նվազագույն չափորոշիչները:
Միջազգային Կարիտասը նաև համաստորագրյալ կողմ է.
- Միջազգային Կարմիր Խաչի, Կարմիր Մահիկի և ոչ կառավարական կազմակերպությունների համար նախատեսված Վարվեցողության կանոնակարգերի,
- «Sphere» ծրագրի Մարդասիրական կանոնակարգի և Աղետների արձագանքման նվազագույն չափորոշիչների:
Ավելին. որպես կարևոր գործակցային ցանց միջազգային մարդասիրության և զարգացման գործընթացում, Միջազգային Կարիտասը, իր զարգացմանը զուգընթաց, ակտիվորեն ձգտում է բարելավել իր աշխատանքը և ունենալ իր գործնական ներդրումը:
Էթիկայի սույն կանոնները մեկ պաշտոնական փաստաթղթով ամփոփում է վերոնշյալ արժեքներն ու սկզբունքները, որոնք կազմում են էթիկայի կանոնների ամբողջական հենքը, որին պետք է հետևեն բոլոր անդամ կազմակերպությունները և անձնակազմը: Միջազգային Կարիտասը, նրա Անդամները և անձնակազմն իրենց աշխատանքում ձգտում են մարմնավորել այս արժեքներն ու սկզբունքները՝ այդպիսով լինելով Հիսուսի գթության ակտիվ վկաները ամբողջ աշխարհում:
ՄԿ-ի Նվազագույն չափորոշիչները նշում են, թե ինչպես են Էթիկայի կանոնները կիրառվում կազմակերպական քաղաքականության և վարվեցողության մեջ և ներառում են անդամ կազմակերպությունների համապատասխանության գնահատման ընթացակարգը: Անձնակազմի Վարվեցողության կանոնները նկարագրում է Կարիտասի անձնակազմից ակնկալվող վարքագիծը:
ՄԿ-ը վստահ է, որ իր Անդամների և անձնակազմի մեծամասնությունը գործում է մեծագույն գիտակցությամբ և պատասխանատվությամբ՝ ծառայելով Էթիկայի կանոնների արժեքների և սկզբունքների կիրառությանը:
Սույն փաստաթուղթը հանդիսանում է ՄԿ անդամների և բոլոր մակարդակներում աշխատող անձնակազմի գործունեությունն ուղենշող կարգ: Էթիկայի կանոններով մենք ապահովում ենք առավել պարզություն և հետևողականություն կոնֆեդերացիայի մակարդակով, առաջին հերթին՝ ինքնության և եկեղեցական առաքելության վերաբերյալ: Կոնֆեդերացիայի անդամներից ակնկալվում է.
- ընդունել Էթիկայի կանոններն ու գործող սկզբունքները, ինչպես գրված է, կամ
- հարմարեցնել այն իրենց կազմակերպությանը՝ ապահովելով այս տեքստի և հարմարեցված տեքստի փոխկապակցությունը: Ենթադրելի է, որ թեմական Կարիտաս կազմակերպությունները ևս կորդեգրեն Էթիկայի կանոնները, բացառությամբ այն դեպքերի, երբ ծրագրերն իրականացվում են ՄԿ-անդամ կազմակերպությունների անունից՝ թեմերի կամ այլ գործընկերների կողմից, որոնց ժամանակ վերջիններիս հետ պետք է կնքվի հատուկ համաձայնագիր՝ ապահովելու այս նվազագույն չափորոշիչների պատշաճ կիրառումը:
Սույն կանոնները պետք է ընդգրկված լինի ազգային և թեմական Կարիտասի մարդկային ռեսուրսների կառավարման քաղաքականության մեջ, իսկ անձնակազմը պետք է ունենա փաստաթղթի օրինակը, ուսուցանվի՝ կանոններին հետևելու ակնկալիքով:
Արժեքներ և սկզբունքներ
Մարդկային կյանքը սուրբ է՝ սկսած սաղմնավորումից մինչև բնական մահ: Մարդիկ, ստեղծված լինելով Աստծո պատկերով ու նմանությամբ, օժտված են առանձնահատուկ արժանապատվությամբ, քանի որ «բարձր են ամեն ինչից, և նրանց իրավունքներն ու պարտականությունները համամարդկային են և անձեռնմխելի»: «Իր ներքին էությամբ մարդը սոցիալական արարած է, և, մինչև չշփվի այլ մարդկանց հետ, չի կարող ապրել և ոչ էլ զարգացնել իր ներուժը»: «Սոցիալական կյանքն ամբողջապես իր անսխալական առաջամարտիկի՝ մարդ անհատի արտահայտությունն է», որը «ամենևին չլինելով սոցիալական կյանքի առարկա կամ պասիվ տարր, միշտ կա ու կմնա դրա գլխավոր սուբյեկտը, հիմքն ու նպատակը»:
«Սոցիալական այս կարգը պահանջում է մշտական բարելավում: Այն պետք է հիմնված լինի ճշմարտության վրա, կառուցված արդարության վրա և կյանքի կոչվի սիրով, ազատության մեջ այն պետք է ամեն օր աճի դեպի առավել մարդկային հավասարակշռություն»:
Մարդկային արժանապատվությունն ու մարդ անհատի սոցիալական բնույթը հիմքն ու ոգեշնչումն են հասարակության բարոյական տեսլականի, որին կարելի է հասնել, եթե ապրենք՝ առաջնորդվելով հետևյալ արժեքներով և սկզբունքներով:
Արժեքներ
- Արդարություն
Արձագանքելով հավատքի կանչին՝ մենք ձգտում ենք կառուցել առավել բարոյական կարգ և «ճիշտ հարաբերություններ»՝ մեր կյանքում և կազմակերպությունում, այն համայնքներում, որտեղ գործունեություն ենք ծավալում և, ընդհանրապես, Աստծո արարչագործության մեջ: Մենք ուղեկցում, ծառայում և պաշտպանում ենք այն մարդկանց, որոնք կարիքի մեջ են և արհամարված՝ օգնելով նրանց փոխել այն հասարակությունը, որտեղ ապրում են և այն կառույցները, որոնք թույլ չեն տալիս նրանց դուրս գալ այդ աղքատությունից: «Հասարակությունը ապահովում է սոցիալական արդարություն այն դեպքում, երբ այն հասարակական խմբերին ու անհատներին տրամադրում է պայմաններ՝ ձեռք բերելու իրենց հասանելիքը, ըստ իրենց էության և կոչման: Սոցիալական արդարությունը սերտորեն կապված է ընդհանուր բարիքին և իշխանությունների գործելակերպին»:
- Ընդհանուր բարիք
Մարդկային արժանապատվության հանդեպ հարգանքը և համայնքի մեջ զարգանալու կարողությունը կախված է նրանից, թե ինչպես ենք կազմակերպում մեր հասարակությունը՝ սոցիալապես, կրոնապես, մշակութապես, տնտեսապես, էկոլոգիապես, իրավականորեն ու քաղաքականապես: Մենք աշխատում ենք Կաթողիկե Եկեղեցու համաշխարհային համագործակցության շրջանակներում և կրոնական այլ ավանդույթների, կառավարությունների, լայն քաղաքացիական հասարակության ու իշխանությունների հետ՝ պաշտպանելու մարդկային արժանապատվությունը, իրականացնելու մարդու անհատական ու սոցիալական իրավունքներն ու պարտականությունները՝ հանուն համընդհանուր բարօրության:
«Մի հասարակություն, որ ցանկանում է և նպատակադրված է բոլոր մակարդակներում ծառայել մարդ անհատին, պետք է որպես առաջնային նպատակ ունենա համընդհանուր բարիքը՝ բոլորի և ամբողջական մարդ անհատի բարիքը: Մարդը չի կարող ինքնադրսևորվել՝ լինելով միայնակ՝ առանց այն փաստի, որ գոյություն ունի ուրիշների «հետ» և ուրիշների «համար»:
Համընդհանուր բարօրությունը միշտ ուղղված է դեպի անձի զարգացումը: «Այն ամենը, ինչ նյութական է, պետք է ենթարկվի մարդ անհատին, այլ ոչ թե հակառակը»:
3.Մարդու ամբողջական զարգացումը
Մենք հասկանում ենք զարգացումն ըստ մարդ անհատի վերաբերյալ ամբողջական աշխարհայացքի՝ ընտանիքի և ավելի լայն հասարակության համատեքստում և փորձառությամբ՝ հոգևոր, հոգեբանական, զգացական, ֆիզիկական, նյութական ու տնտեսական բաղկացուցիչներով: Ամեն տեղ, ուր աշխատում ենք, ձգտում ենք անհատի, ամբողջ հասարակության զարգացմանը և անարդար սոցիալական համակարգերի փոխակերպմանը: Մեր գործունեությամբ մենք ձգտում ենք ապահովել ամուր ու հետևողական կապ՝ օգնության, վերականգնման ու զարգացման միջև:
«Ճշմարիտ զարգացումը պետք է լինի առավել ընդգրկուն, պետք է նպաստի յուրաքանչյուր անհատի կատարելագործմանը: Մարդ անհատը միայն այն դեպքում է իրապես մարդ, երբ տերն է իր գործողությունների և դատավորը դրանց արժեքի, երբ ինքն է իր առաջընթացի ճարտարապետը: Նա պետք է գործի համաձայն իր աստվածատուր բնույթի՝ ազատորեն ընդունելով իր բնույթի հնարավորությունները և պահանջները»:
- Կարեկցանք
Համախմբված լինելով մեկ մարդկային ընտանիքում՝ մենք խորապես ազդվում ենք ուրիշների տառապանքներից և ունենք բարոյական պարտավորություն՝ ճանաչելու դրանց արձագանքելու մարդասիրական հրամայականը: Այդ պարտականությունը էական է թե՛ մեր՝ որպես Կաթողիկե կազմակերպության ինքնության, և թե՛ համամարդկային ընտանիքի անդամ լինելու տեսանկյուններից: Այսպիսով, լինելով միջազգային հանրության անդամ, մենք գիտակցում ենք մեր պարտավորությունը՝ տրամադրելու մարդասիրական օգնություն և այլոց պարտականությունը՝ ապահովելու, որ մենք կարողանանք անարգել իրականացնել մեր օգնությունը:
«Քրիստոնեության ծրագիրը՝ Բարի Սամարացու ծրագիրը, Հիսուսի ծրագիրը «սիրտն է, որը տեսնում է»: Այսպիսի սիրտը տեսնում է, թե որտեղ սիրո կարիք կա և գործում է համարժեք կերպով: Հիսուս ասում է մեզ. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, ինչ որ արեցիք իմ այս փոքր եղբայրներից մեկի համար, ինձ արեցիք»:
- Նախևառաջ՝ հանուն աղքատների և աղքատների ու ճնշվածների հետ
Առաջնորդվելով Հիսուսի Ավետարանով՝ մենք ընտրում ենք աղքատներին, արհամարվածներին ու ճնշվածներին ուղեկցելու ճանապարհը: Մենք նվիրված ենք՝ պայքարելու անմարդկային աղքատության դեմ, որը զրկում է անձին արժանապատվությունից ու մարդկային կերպարից: Մենք առաջնորդվում ենք Ավետարանով՝ աշխատելով ի նպաստ ճնշվածների ազատության, աշխարհի բարիքների հավասար բաշխման և օգնում ենք զրկվածներին պատասխանատու լինել իրենց իսկ զարգացման համար: Մարդկանց աղքատությունը մենք ընդունում ենք որպես մեր սեփականը՝ լինելով նրանց կողքին: Այսպես մենք կկանգնենք նրանց կողքին՝ իրենց կարիքի մեջ և կառերեսվենք այն անարդարությանը, որի առջև հայտնվել են նրանք:
«Քանդի՛ր անիրաւութեան հանգոյցը, խորտակի՛ր քո վաճառականական խարդախութիւնն ու բռնութիւնը, ների՛ր ու արձակի՛ր նեղեալներին եւ պատռի՛ր բոլոր անիրաւ մուրհակները։ Քաղցածների՛ն բաժանիր քո հացը եւ անօթեւան աղքատների՛ն տար քո տունը. Եթէ մերկ մարդ տեսնես՝ հագցրո՛ւ նրան, բայց քո ընտանիքի զաւակին մի՛ անտեսիր»:
«Աղքատության դեմ պայքարը բխում է Եկեղեցու՝ աղքատների նկատմամբ առանձնահատուկ սիրուց»: «Աղքատները չպետք է դիտվեն որպես խնդիր, այլ՝ որպես մարդիկ, որոնք կարող են լինել բոլորի համար առավել մարդկային ապագայի սկզունքների կերտողներ»:
- Հարգանք
Մենք հարգում ենք կրոնական ավանդույթները, մշակույթը, համակարգերն ու սովորույթները, եթե դրանք հարստացնում և պաշտպանում են անձի արժանապատվությունը:
«Արդար հասարակարգը կարող է իրականություն դառնալ, երբ այն բացառապես հիմնված է մարդ անհատի արժանապատվության գերակայության և հարգանքի վրա»:
- Համերաշխություն
Մենք համերաշխ աշխատում ենք աղքատների ու արհամարհվածների հետ՝ այդպիսով ձեռք բերելով խաղաղության, արդարության և մարդկային զարգացման պտուղները: Համերաշխությունը միավորում է մեզ՝ միասնական հեռանկարով ստեղծելու մի նոր աշխարհ, որտեղ յուրաքանչյուր մարդ, որպես Աստծո զավակ, ստանում է այն, ինչ ճշմարտապես իրեն է պատկանում:
«Համերաշխությունը որոշակիորեն ընդգծում է մարդու անօտարելի սոցիալական էությունը, յուրաքանչյուրի արժանապատվության ու իրավունքների հավասարությունը, դեպի առավել նվիրյալ միասնության ուղղությամբ անհատների և ժողովուրդների համընդհանուր ճանապարհը»:
Սկզբունքներ
- Համագործակցություն
«Իրական համագործակցությունը երկարատև հանձնառություն է` համաձայնեցված նպատակների իրականացման համար, հիմնված ընդհանուր արժեքների, ռազմավարության և տեղեկատվության վրա: Այն բնորոշվում է ազնիվ հիմնավորումով, համատեղ ծրագրավորմամբ, միասնական ընթացքով, թափանցիկությամբ և երկկողմ հաշվետվողականությամբ, ինչպես նաև մյուսների կարիքներին, զգացմունքներին, գիտելիքներին, փորձին ու իմաստությանը բաց և նրբազգաց մոտեցմամբ: Այն հիմնված է փոխադարձ հարգանքի, վստահության և բարի կամքի վրա: Արդյունավետ համագործակցությունը կերտում է համերաշխություն՝ անդամ և այլ կազմակերպությունների միջև, որոնք կիսում են մեր տեսլականը և այն համայնքների ու մարդկանց միջև, որոնց հետ մենք աշխատում ենք»:
«Առանց սահմանափակելու Անդամ կազմակերպությունների ինքնավարությունը ՄԿ-ն խրախուսում է նրանց համագործակցությունը՝ իր քաջալերանքի, կոորդինացման, ներկայացման և կարողությունների կառուցման գործառույթներով»:
- Փոխօգնություն
Մենք երաշխավորում ենք, որ լիազորությունները, որոշումների կայացումը և պատասխանատվությունը փոխանցվում են ամենաստորին մակարդակին, որտեղ դրանք կարող են պատշաճ կերպով գործադրվել: Այդպիսով, մենք կջանանք ավելացնել տեղական ռեսուրսները և հիմնվել դրանց վրա:
Մեր ինքնությունը՝ որպես Կարիտաս, առավելապես արտացոլված է ազգային, թեմական ու ծխական անդամների մեջ, և մենք բոլորս ձգտելու ենք զարգացնել և հզորացնել նրանց՝ ակնկալելով նրանցից առավել ինքնավարություն և պատասխանատվություն:
«Այնպես, ինչպես կոպիտ սխալ է անհատներից խլել այն, ինչին նրանք կարող են սեփական նախաձեռնությամբ և հնարավորություններով հասնել ու դա տալ համայնքին, այնպես էլ անարդար է և, միևնույն ժամանակ, մեծ չարիք ու կանոնակարգային խախտում, երբ մեծ կազմակերպություններին է հանձնարարվում այն, ինչ կարող են անել ավելի փոքր ու ենթակա կառույցները։ Յուրաքանչյուր սոցիալական գործունեության իմաստը պետք է լինի մյուս սոցիալական մարմիններին օգնելը, ոչ թե ոչնչացնելը կամ դրանք կլանելը»։
- Մասնակցություն
Մենք երաշխավորում ենք, որ մեր շահառուները ներգրավված են իրենց համար ձեռնարկված ծրագրերի մշակման, կառավարման եւ իրականացման, ինչպես նաեւ դրանց հետ առնչվող որոշումների կայացման գործընթացում՝ կարիքների բացահայտումից մինչև գնահատում: Մասնակցությունը մարդկային արժանապատվության արտահայտությունն է և ենթադրում է միասնական պատասխանատվություն՝ մարդկային հանրույթի առջև: Կարիտասը նվիրված է զարգացման այն գործընթացներին, որոնք առաջնային են համարում գործունյա մասնակցությունը՝ որպես ժողովրդավարական և ներառական հասարակության հիմք:
«Մարդ անհատի արժանապատվությունը ենթադրում է հասարակական աշխատանքների մեջ ակտիվ մասնակցության իրավունք և անձնական ներդրում ի շահ ընդհանուր բարօրության»:
- Հզորացում
Մենք օգնում ենք մարդկանց զարգացնել և իրացնել իրենց ամբողջական ներուժը, կառուցել երկուստեք հարգալից հարաբերություններ, որի շնորհիվ նրանք կկարողանան վերահսկել և բարելավել իրենց կյանքի որակը: Մարդկային ամբողջական զարգացման և հզորացման միջոցով մենք կնպաստենք ակտիվ ու կենսունակ համայնքների կառուցմանը՝ քաղաքացիական հասարակության մեջ կարևոր դեր ունեցող անհատներով:
«Հուսով եմ, որ աղմուկ կբարձրանա… Բայց ուզում եմ, որ ձեր ձայնը լսելի լինի ձեր թեմերում, ուզում եմ, որ այդ աղմուկը լսելի լինի նաև դրսում, որ Եկեղեցին դուրս գա փողոց, ուզում եմ, որ մենք դիմակայենք այն ամենին, ինչ աշխարհիկ է, անշարժ ու հարմարավետ… այն ամենին, որ կարող է մեզ ստիպել փակվել ինքներս մեր մեջ: Համայնքերը, դպրոցները, մյուս կառույցները ստեղծված են փողոց դուրս գալու համար»:
- Անկախություն
Մենք, որպես Կարիտասի անդամներ, որոշում ենք մեր կողմնորոշման և ծրագրերի ուղղվածության առաջնայնությունները և թույլ չենք տալիս, որ մեզ օգտագործեն որպես գործիքներ՝ ազգային կամ օտարերկրյա տնտեսական կամ քաղաքական շահերի համար, հատկապես, եթե դրանք չեն համապատասխանում Կաթողիկե Եկեղեցու ուսմունքին:
«Ներկայիս աշխարհում կան դրական նշաններ առ այն, որ կարիքավորների մոտ նկատվում է համերաշխության ու փոխoգնության գիտակցության աճ, իսկ սոցիալական հողի վրա կազմակերպվող բողոքի խաղաղ ցույցերը ներկայացնում են նրանց կարիքներն ու իրավունքները՝ անարդյունավետ և ապականված իշխանությունների առջև»:
- Առաջնորդություն և հաշվետվողականություն
Մենք ամեն ինչ պետք է անենք, որ կարողանանք հաշվետու լինել նրանց, ում ծառայում ենք, նրանց, ովքեր օգնում են մեր գործունեությանը և հասարակությանը ընդհանրապես: Մենք նաև արդյունավետ ենք կառավարում մեզ վստահված ռեսուրսները:
«Երբեմն լինում է այնպես, որ օգնություն ստացողները դառնում են օգնություն ցուցաբերողների ենթակաները, իսկ աղքատները տուժում են բյուրոկրատական ծախսատար վարչարարությունից, որոնց վրա վատնվում են բավականին մեծ ֆինանսական միջոցներ, որոնք նախատեսված են զարգացման համար: Ուրեմն հուսանք, որ բոլոր միջազգային և ոչ պետական կազմակերպությունները կպարտավորվեն աշխատել բացարձակ թափանցիկությամբ՝ դոնոր կազմակերպություններին ու հասարակությանը տրամադրելով իրական տվյալներ համագործակցության ծրագրերի համար հատկացված իրենց եկամուտի տոկոսաչափի, այդ ծրագրերի բովանդակության և, ի վերջո, կազմակերպչական մանրակրկիտ ծախսերի վերաբերյալ»:
- Հավասարություն, համընդհանրություն, անաչառություն և թափանցիկություն` բոլորի առջև
Բոլոր տղամարդիկ ու կանայք, աղջիկներն ու տղաները ստեղծվում են հավասար իրավունքներով և իրենց առանձնահատուկ ներդրումն են բերում աշխարհին՝ միասին իրականացնելով այն, ինչ մարդկային է: Մենք խրախուսում ենք կանանց ու տղամարդկանց, աղջիկների ու տղաների հավասար ու ակտիվ մասնակցությունը մեր աշխատանքում:
Մենք ծառայում ենք մարդկանց անաչառությամբ, հատկապես ամենակարիքավորներին ու թշվառներին՝ համաձայն նրանց վիճակի և կարիքի օբյեկտիվ գնահատման և անկախ նրանց ռասայական, տարիքային, սեռային, ֆիզիկական կարողություններից, ազգային պատկանելությունից, հավատքի ու քաղաքական համոզմունքներից, առանց որևէ տարանջատման:
«Մենք պարտավոր ենք… ճանաչել, հաստատել ու պաշտպանել տղամարդկանց ու կանանց արժանապատվությունն ու հավասարությունը: Թե՛ տղամարդիկ, և թե՛ կանայք անհատներ են և բացարձակապես առանձնահատուկ՝ աշխարհի մյուս շնչավոր արարածների համեմատությամբ:
…Եթե կանանց հնարավորություն ընձեռվի լսելի դարձնել իրենց ձայնը և դրսևորել իրենց տաղանդները՝ տարբեր նախաձեռնությունների միջոցով, դա կամրապնդի նրանց ինքնագնահատականը և հնարավորություն կտա հասարակության մեջ տղամարդկանց հավասար տեղ գրավել»:
- Պաշտպանություն
Մենք ձգտում ենք ապահովել այն մարդկանց անվտանգությունը, որոնց հետ և որոնց համար աշխատում ենք: Դա հատկապես վերաբերվում է երեխաներին՝ համաձայն ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի, ազգային օրենսդրության, Կարիտասի Երեխայի եւ խոցելի չափահասների պաշտպանության և անվտանգության ապահովման քաղաքականության (2018թ.) և այլ դրական փորձառության:
«Ես անձամբ ուզեցի տեսնել զոհերի տառապանքները և այն ազնիվ ջանքերը, որ գործադրվում են՝ երաշխավորելու թե՛ երեխաների անվտանգությունը, և թե՛ համապատասխան ու թափանցիկ կերպով աշխատելու մեղադրանքների պարզաբանման ուղղությամբ: Ինչպես որ Եկեղեցին այս խնդրում հետևում է խիստ չափորոշիչների, այնպես էլ այլ հաստատությունները, առանց բացառության, պետք է հետևեն այդ չափորոշիչներին»:
- Տեղական տնտեսություններ
Հնարավորության սահմաններում և որտեղ հնարավոր է, մենք օգտագործում ենք տեղական ռեսուրսներն ու արտադրանքը՝ օժանդակելով տեղական տնտեսությանը այն չափով, որ դա պատճառ չդառնա ռեսուրսների իսպառ վատնման կամ արտակարգ սղաճի:
«Փոխօգնությունը՝ ընկալված դրական իմաստով, տնտեսական, ինստիտուցիոնալ կամ իրավական օժանդակությունն է, որ տրամադրվում է սոցիալական ավելի փոքր միավորներին… Նրանց նախաձեռնությունները, ազատություններն ու պատասխանատվությունները չպետք է սահմանափակվեն»:
- Հոգածություն և ուշադրություն՝ Աստծո արարչագործության և շրջակա միջավայրի հանդեպ
Մենք պաշտպանում ենք մարդկանց և մոլորակը՝ խրախուսելով ճիշտ հարաբերություններ Աստծո ստեղծածների միջև, քանի որ թե՛ մեր մոլորակը, և թե՛ նրա բոլոր ռեսուրսերը վստահված են մարդկությանը: Հանդես գալով որպես այդ ամենի իրական պաշտպաններ՝ մենք հաշվի ենք առնում միջավայրը և գալիք սերունդներին թողնվելիք ժառանգությունը՝ մեր բոլոր աշխատանքների ծրագրավորման ու իրականացման գործողություններում:
«Արարածի նկատմամբ հոգատարությունն ու ուշադրությունը Արարչի ուղերձն է՝ դեռևս աշխարհի պատմության սկզբից և վերաբերվում է բոլորիս: Դա նրա ծրագրի մի մասն է և նշանակում է, որ մարդկությունը պետք է առավել պատասխանատվություն դրսևորի՝ աշխարհը դարձնելու մի այգի, մի բնակավայր՝ բոլորիս համար»:
- 11. Համակարգում
Մենք պետք է սերտորեն համագործակցենք ազգային կառավարությունների, տեղական իշխանությունների, եկեղեցիների, այլ կրոնական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, մարդասիրական և զարգացման գործունեություն իրականացնող հանրույթների, ինչպես նաև բոլոր այլ շահագրգիռ կողմերի հետ:
«Միջազգային Կարիտասը, ծնունդ առնելով Առաքելական Սուրբ Աթոռի նախաձեռնությամբ, որը հետագայում վերահսկեց և ուղղորդեց վերջինիս գործունեությունը, բարեսիրական գործակալությունների՝ Կարիտասի ազգային մասնաճյուղերի համադաշնություն է: Այս համադաշնությունը, չսահմանափակելով իր մասնաճյուղերի լիազորված ինքնավարությունը, խրախուսում է նրանց համագործակցությունը՝ իր աշխուժացնող, համակարգող և ներկայացուցչական միջոցառումների միջոցով»:
- Շահերի պաշտպանություն
Մենք պետք է ազգային և միջազգային հարթակներում պաշտպանենք կարիքավորների և արհամարհվածների շահերը՝ վկայելով և հասցեականացնելով նրանց խնդիրները և ի հայտ բերելով աղքատության ու անարդարության հետին կամ հիմքային պատճառները: Մենք պետք է լինենք փոփոխություններ և սոցիալական բարենորոգումներ իրականացնողներ՝ պարտադրելով հարգանք մարդու իրավունքների հանդեպ:
«Ես կուզենայի նաև ընդգծել, որ Կարիտասի առաքելությունը հնարավորություն է տալիս կարևոր դերակատարություն ունենալ միջազգային հարթակներում: Այն փորձը, որ դուք կուտակել եք այս տարիների ընթացքում, սովորեցրել է ձեզ ծառայել միջազգային հանրության առջև՝ հանուն առողջ մարդաբանական տեսլականի, որ սնվում է Կաթողիկե ուսմունքով և կոչված է պաշտպանելու մարդկային կյանքի արժանապատվությունը: Այն ամենը, ինչ դուք ասում և անում էք` ձեր կյանքի ու գործունեության վկայությունը, կարևոր է և նպաստում է մարդ անհատի ամբողջական առաջընթացին»:
- Ուսում և անձնակազմի զարգացում
Մենք ձգտում ենք բարելավել մեր աշխատանքը, այսինքն՝ այն, ինչ որ անում ենք և ինչպես ենք անում. շարունակական խորհրդածության, կարողությունների զարգացման, վերահսկման, գնահատման, գիտելիքի կառավարման և ռազմավարական ծրագրավորման միջոցով: Մենք ներդրում կկատարենք մեր անձնակազմում՝ համոզվելու, որ նրանք ունեն պահանջվող հմտությունները, փորձը և պատրաստությունը, որպեսզի դրսևորեն իրենց բոլոր կարողությունները և այնպես անեն, որ Կարիտասն էլ գործադրի իր ներուժը և շրջադարձային փոփոխություն բերի կարիքավորների, արհամարհվածների ու ճնշվածների կյանքում:
«Եկեղեցու բարեսիրական կազմակերպությունները, սկսած Կարիտասից (լինի դա թեմական, ազգային կամ միջազգային մակարդակներում) պարտավոր են իրենց ուժերի ներածին չափով ապահովել միջոցներ եւ համապատասխան անձնակազմ՝ այս աշխատանքը կատարելու համար: Այն անհատները, որոնք զբաղվում են կարիքավորների խնդիրներով, պետք է նախ և առաջ ունենան մասնագիտական հմտություններ. նրանք պետք է պատշաճ կերպով ուսուցանվեն, թե ինչ և ինչպես պետք է արվի և նվիրված լինեն շարունակական հոգածություն ցուցաբերելու գործին:
Թեև մասնագիտական պատրաստվածությունը առաջնային, հիմնական պահանջմունք է, այն դեռևս բավարար չէ: Մենք գործ ունենք մարդկանց հետ, իսկ մարդիկ ավելիի կարիքն ունեն, քան պարզապես տեխնիկական աջակցությունն է: Նրանք մարդկայնության կարիք են զգում: Նրանք սրտացավ վերաբերմունքի կարիք են զգում»:
- Հոգածություն անձնակազմի նկատմամբ
Մենք երաշխավորում ենք արդար, արժանապատիվ ու կայուն աշխատանքային պայմաններ մեր ամբողջ անձնակազմի համար՝ ներդնելով մարդկային ռեսուրսների կառավարման լավագույն փորձը, համաձայն գործող աշխատանքային օրենսդրության:
«Աշխատողի իրավունքները, ինչպես և մյուս բոլոր իրավունքները, հիմնված են մարդ անհատի բնույթի և նրա արժանապատվության գերակայության վրա»:
Ամսաթիվ՝
Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյան`
Հայկական Կարիտասի նախագահ
Հաստատված է Միջազգային Կարիտասի Վարչական խորհրդի կողմից,
18 մայիսի, 2014թ.
Կարդինալ Անդրես Ռոդրիգես Մարադիագա՝
Ընդհանուր նախագահ Միջազգային Կարիտասի
Միշել Ռոյ՝
Գլխավոր քարտուղար Միջազգային Կարիտասի