Կյանքի կոչենք մեր արժեքները

Սույն Վարվեցողության կանոնները սահմանում են վարվեցողության և վարքագծի կանոնները, որոնց պետք է հետևեն Կարիտասի բոլոր աշխատակիցները: Այն բխում է Կարիտասի Էթիկայի կանոններից և սերտորեն կապված է դրա հետ, նախանշում է Կարիտասի հիմնական արժեքներն ու կազմակերպական գործելակերպերը:

Անձինք, որոնք հոգ են տանում կարիքավորների մասին, պետք է, առաջին հերթին,  լինեն մասնագիտորեն պատրաստված, հիմնարար գիտելիքներ ունենան, թե ինչ և ինչպես անել և պետք է նվիրված լինեն շարունակական խնամատարության գործին: Այնուամենայնիվ, թեև մասնագիտական համապատասխանությունը հիմնարար պահանջ է, սակայն բավարար չէ: Մենք գործ ունենք մարդկային էակների հետ, իսկ մարդկային էակների կարիքներն ավելի են, քան զուտ տեխնիկական խնամքը: Նրանք մարդկային վերաբերմունքի կարիք են զգում, նրանք սրտացավության կարիք են զգում:  Վարվեցողության կաննոները բաժանված են չորս հիմնական ենթաբաժինների՝ կիրառելիությունը հեշտացնելու համար:

Կարիտասի բոլոր աշխատակիցները պարտավոր են.

 

  1. Արժեքներ, վարվեցողություն և էթիկա
  • հետևել կամ առնվազն հասկանալ և հարգել Կաթողիկե Եկեղեցու սոցիալական և բարոյական արժեքներն ու ուսմունքը,
  • մշտապես ապահովել, որ անձնական եւ մասնագիտական վարքագիծը համապատասխանի բարձրագույն չափորոշիչներին և չշեղվի դրանցից,
  • գործել հավատքով և մարդկանց հետ հարաբերվել նրանց արժանապատվությունը հարգելով՝ դրանով իսկ ստեղծելով մի միջավայր, որտեղ կարևոր է բազմազանությունը,
  • հարգել մարդկային բոլոր հիմնարար իրավունքներն ու պայքարել խտրականության, բռնության, չարաշահման, արհամարհանքի և շահագործման դեմ, որոնք ոտնահարում են այլոց իրավունքները,
  • խուսափել «սեփական հավատքը այլոց պարտադրելուց՝ …գիտակցելով, որ մաքուր եւ առատաձեռն սերը Աստծո լավագույն վկան է, Աստծո, Ում մենք հավատում ենք և Ով մեզ մղում է դեպի սերը,
  • չանել ռասիստական, սեռական ու այլ վիրավորական հրապարակային կամ անձնական հայտարարություններ,
  • ձեռնարկել ողջամիտ քայլեր՝ մարդկանց պաշտպանելու չարիքից,
  • հետևել տվյալ երկրի օրենսդրությանը, գործել խղճի համաձայն,
  • հարգել ու զգայուն լինել տեղական սովորույթների և մշակույթի նկատմամբ, հագնվել պատշաճ,
  • ապահովել, որ իրենք՝ աշխատակիցները և իրենց ենթակա անձնակազմը գործեն համաձայն Հայկական Կարիտասի Ներքին կանոնակարգում նշված առողջապահության, անվտանգության դրույթների՝ ջանալով հոգ տանել նաև այլոց մասին,
  • ապահովել, որ Կարիտասը չհեղինակազրկվի,
  • պահպանել Կարիտասում պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած ցանկացած տեղեկատվության եւ գիտելիքի գաղտնիությունը,
  • պարտականությունները կատարել հավուր պատշաճի և սիրով՝ առանց կանխակալության կամ խտրականության դրսևորումների, պահպանելով Հայկական Կարիտասի նախընտրությունը՝ գործել հանուն կարիքավորների,
  • տեղական միջավայրերում սեփական հավատքի մասին արտահայտվելիս կամ պաշտամունք կատարելիս չմոռանալ նրբանկատությունը,
  • լինել բաց, համերաշխ և համագործակցել Կարիտասի այլ կազմակերպությունների աշխատակիցների հետ:

 

  1. Շահերի բախումներ, հարկադրում և կոռուպցիա
  • Չչարաշահել Հայկական Կարիտասի աշխատակից լինելուց բխող սեփական դիրքն ու իշխանությունը և ճնշում չգործադրել այլոց վրա՝ տնտեսական, մասնագիտական, քաղաքական կամ սեռական ճանապարհներով անձնական շահույթ ստանալու նպատակով,
  • Կարիտասի աշխատանքին վերաբերող ցանկացած հնարավոր կամ իրական շահերի բախման (ֆինանսական, անձնական կամ ընտանեկան) վերաբերյալ տեղեկությունը գրավոր ներկայացնել անմիջական ղեկավարին կամ այլ ղեկավար անձի,
  • չընդունել նվերներ, կաշառքներ շահառուներից, գործընկերներից կամ պայմանագրի կողմերից և տուրք չտալ անձնական հարստացման[4] այլ դրսևորումների:

 

  1. Պաշտպանել Կարիտասի սեփականությունը և կատարել տնտեսվարություն
  • Ապահովել, որ Կարիտասի միջոցները և ինտելեկտուալ սեփականությունը օգտագործվեն ըստ նպատակի, պաշտպանված լինեն գողությունից, խարդախությունից կամ այլ վնասներից,
  • պահպանել ազնվության և շիտակության պատշաճ չափորոշիչները՝ ֆինանսական հաշվետվողականության մեջ:

 

  1. Անձնական վարվեցողություն
  • Չկրել զենք՝ Կարիտասի որևէ գործունեության ժամանակ կամ որևէ սեփականության մեջ (սեփական կամ վարձակալած)՝ ներառյալ հարկաբաժիններում/գրասենյակում/շարժական միջոցներում և այլն,
  • չօգտագործել ալկոհոլային խմիչքների անթույլատրելի քանակություն,
  • մշտապես ունենալ պատշաճ սեռական վարքագիծ,

 

Վարվեցողության կանոնների պահպանությունը

Տնօրենը կամ գլխավոր գործադիր մարմինը պարտավոր է ապահովել, որ ամբողջ անձնակազմը ծանոթանա Վարվեցողության կանոններին ու հանձնառությամբ կիրառի այն, և որ փաստաթուղթը կանոնավոր կերպով քննարկվի ու լրամշակվի:

Միջազգային Կարիտասի Վարվեցողության կանոնների որդեգրումը կամ հարմարեցումը կգնահատվի՝ համաձայն Միջազգային Կարիտասի Ներքին կանոնակարգի 1.3 կետի և կներառվի Միջազգային Կարիտասի նվազագույն չափորոշիչների մեջ:

 

Բողոքարկման ընթացակարգ

Արտահերթ բողոքարկման ընթացակարգը պետք է մշակվի՝ համաձայն ՄԿ-ի մինիմում չափորոշիչների 1.7 կետի:  Մասնավորապես, կարևոր է, որ  շահառուները, համայնքի անդամներն ու գործընկերները կարողանան ներկայացնել իրենց բողոքները:

 

Տեղեկացման պարտավորությունը

Անձնակազմի յուրաքանչյուր անդամ պարտավոր է անհապաղ տեղեկացնել Վարվեցողության կանոնների խախտման բոլոր կասկածելի դեպքերի մասին: Շատ դեպքերում անձնակազմի անդամներն իրենց մտահոգությունները պետք է հայտնեն անմիջական ղեկավարներին: Դա կարող է արվել բանավոր կամ գրավոր՝ ընդգրկելով բոլոր մանրամասները և, եթե հնարավոր է, վկայությունները: Եթե ինչ-որ պատճառով (օրինակ՝ անմիջական ղեկավարի առնչությունը տվյալ փաստի հետ) դա հնարավոր չէ, նրանք պարտավոր են խոսել ավելի վերադաս ղեկավարի, Վարչական խորհրդի անդամների կամ այլ իրավասու ղեկավարի հետ:

Բոլոր բացահայտումները գաղտնի կպահվեն: Յուրաքանչյուր ոք, ով բարձրաձայնում է իր մտահոգությունները՝ բացասական ծանր երևույթների մասին, պաշտպանված կլինի հետապնդումներից կամ այլ վնասաբեր դրսևորումներից՝ այն պայմանով, որ մտահոգությունը բարձրաձայնվել է բարի նպատակով։ Կանխամտածված սուտ մեղադրանքները լուրջ կարգապահական խախտում են, որոնք կուսումնասիրվեն, և համապատասխան  պատժամիջոցներ կկիրառվեն:

 

Վարվեցողության կանոնների խախտումը

Վարվեցողության կանոնների յուրաքանչյուր խախտում պետք է քննության առնվի և կարող է հանգեցնել կարգապահական պատժամիջոցների կիրառմանը:

Ամսաթիվ՝

Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյան`

Հայկական Կարիտասի նախագահ

Հաստատված է Միջազգային Կարիտասի Վարչական խորհրդի կողմից, 2014 թ. մայիսի 18-ին