Շանթ Դեմիրջեանը սիրիահայ կամավոր է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության երեւանյան գրասենյակում, ընդգրկված է փախստականներին, միգրացիային եւ թրաֆիքինգին առնչվող ծրագրերում:

Շանթը Քեսաբից Հայաստան է տեղափոխվել Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետեւանքով: Քեսաբի հայաբնակ շրջանը (կենտրոնը՝ Քեսաբ գյուղաքաղաք) տեղակայված է Սիրիայի հյուսիս-արեւմուտքում, Հալեպ գավառում, որտեղ բացի բուն Քեսաբից, շրջանի 13 գյուղերից հայաբնակ էին 9-ը: Քեսաբի շրջանում գործում էր 8 հայկական եկեղեցի՝ իրենց դպրոցներով: Քեսաբում Շանթի կյանքը լի է եղել հայկական շնչով՝ հաճախել է հայկական դպրոց, հայկական եկեղեցի եւ հայկական մշակութային կենտրոն: Քեսաբի վրա հարձակումների հետեւանքով՝ հետեւում թողնելով հայրենի քաղաքը, թալանված տունը, ընկերներին ու հարազատներին, մանկության ու պատանեկության հիշողությունները, Շանթը նոր կյանքի սկիզբ դրեց հայրենիքում:

Երկու տարի առաջ, երբ նա նոր էր եկել Հայաստան, կարծում էր, որ դժվար կլինի, քանի որ շատ բան էր թողել ծննդավայրում: Հիմա վստահ է` անգամ ամենաանելանելի իրավիճակում ելք կա… Հիմա նա պատրաստ է օգնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն…

shant1       shant2

Այս ամռանը Շանթը «Հայկական Կարիտաս»-ի պատվիրակության կազմում մեկնել էր Ֆրանսիա՝ մասնակցելու Կարիտաս Ֆրանսիայի կողմից կազմակերպված ամառային դպրոցին: Դպրոցում ընդգրկված էին տարբեր երկրներից փախստականներ եւ Կարիտասի կառույցներում գործող երիտասարդ կամավորներ:

7-օրյա դպրոցի ընթացքում Շանթը ծանոթացավ երիտասարդների հետ, ովքեր, որպես կամավոր, աշխատում են Կարիտասի` տարբեր երկրներում գործող կառույցներում, ինչպես նաեւ տարբեր երկրներից, այդ թվում` Սիրիայից փախստականների հետ: Նրանցից ոմանք եւս որպես կամավոր աշխատում էին մարդասիրական ոլորտում:

shant3

Մեկ շաբաթ անցկացնելով փախստականների եւ կամավորների հետ, ապրելով նույն վայրում, մի կողմից լսելով խնդիրներն ու մտահոգությունները, մյուս կողմից էլ, տեսնելով, թե ինչպես են օգնում իրենց նման մարդկանց՝ մոռանալով սեփական դժվարությունների մասին, Շանթը հասկացավ, որ ինքն էլ կարող է նույնն անել այստեղ՝ Հայաստանում:

«Երբ վերադարձայ Ֆրանսիայեն, շատ տպաւորուած էի երիտասարդների տարած աշխատանքներուն, ուզեցի դառնալ կամաւոր եւ ամենը այստեղ շատ մեծ սիրով ու ջերմությամբ ընդունեցին ինձ», – Շ. Դեմիրջեան։

Արդեն երկու ամիս է, ինչ Շանթն մեզ հետ է, ընդգրկված է տարբեր ծրագրերում, երբեմն օգնում է այն արաբախոս սիրիահայերին, ովքեր դժվարությամբ են հասկանում հայերենը, լսում վերադարձողների, փախստականների պատմություններն ու փորձում ինքն իր համար լուծումներ գտնել, հանդես է գալիս օգտակար տարբեր նախաձեռնություններով:

Այս կարճ ժամանակահատվածում Շանթը կարողացել է դառնալ տարբեր ծրագրերի աշխատակիցների օգնականն ու սիրելին եւ յուրաքանչյուր առավոտ բոլորը փնտրում են արդեն «մեր Շանթին»:

«Ամեն օր համալսարանս վերջացնելէն յետո կու գամ «Հայկական Կարիտաս» օգտակար դառնալու համար, գիտնալով, որ այնտեղ ամենը ինծի կսպասեն»:

shant4