Ծրագիր՝ «Իմ Իրավունքը։ Հաջորդ Փուլ: Ներառական կրթություն Հայաստանում և Կոսովոյում»
Վայրը՝ Գյումրի, Շիրակի մարզ, Հայաստան
Սկիզբը՝ Հուլիս 14, 2025
Գործընթաց՝ 2 անիմացիոն կամ էսքիզային կրթական ֆիլմերի նկարահանում
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Սույն տեխնիկական առաջադրանքը սահմանում է երկու ուսուցողական ֆիլմերի արտադրության հիմնական պահանջները, որն իրականացվում է Ավստրիական Զարգացման Գործակալության (ADA) և Կարիտաս Ավստրիայի կողմից ֆինանսավորվող «Իմ Իրավունքը: Հաջորդ Փուլ։ Ներառական Կրթություն Հայաստանում և Կոսովոյում» ծրագրի շրջանակում։
Ծրագիրը համակարգվում է «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի կողմից՝ նպատակ ունենալով աջակցել ներառական, հավասար և որակյալ կրթության զարգացմանը՝ համաձայն Կայուն Զարգացման Նպատակ 4-ի, ՄԱԿ-ի Երեխաների Իրավունքների Կոնվենցիայի (հոդված 28 և 23) և ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող Անձանց Իրավունքների Կոնվենցիայի (հոդված 24) դրույթներին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նկարահանել երկու անիմացիոն կամ էսքիզային ֆիլմ, որոնք նպատակ ունեն ներկայացնել գործնական օրինակներ՝ ցուցադրելով, թե ինչպես կարելի է արդյունավետ կազմակերպել դասապրոցեսը հաշմանդամություն ունեցող երեխաների (ՀՈՒԵ) մասնակցությամբ: Ֆիլմերը նախատեսված են մանկավարժների համար և ծառայելու են որպես գործնական ուղեցույց՝ ներառական ուսումնական միջավայր ստեղծելու նպատակով։
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ-Ի ՄԱՍԻՆ
«Հայկական Կարիտաս»-ԲՀԿ-ն հիմնադրվել է 1995 թվականին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ որպես բարեգործական հասարակական կազմակերպություն։ Այն գործում է սոցիալական պաշտպանության, համայնքային զարգացման, կրթության և առողջապահության ոլորտներում՝ աջակցելով խոցելի խմբերին։ Գործելով Հայաստանի 125-ից ավելի համայնքներում՝ «Հայկական Կարիտաս»-ը ունի շուրջ 230 աշխատակից։
Կազմակերպության առաքելությունն է սիրով ու հարգանքով ծառայել խոցելի խմբերին՝ պահպանումով նրանց արժանապատվությունը։ Տեսլականը՝ լինել կարեւոր դերակատար սոցիալական արդարության և պաշտպանության ոլորտում։ «Հայկական Կարիտաս»-ը անդամակցում է «Կարիտաս Ինտերնացիոնալիս» և «Կարիտաս Եվրոպա» ցանցերին՝ գործելով միջազգային գործընկերների հետ և արձագանքելով տեղական ու գլոբալ խնդիրներին։
Կազմակերպության կենտրոնական գրասենյակը գտնվում է Գյումրիում, իսկ ծրագրերը գործում են Հայաստանի տարբեր մարզերում, ներառյալ Լոռի, Շիրակ, Գեղարքունիք, Արարատ, Սյունիք և Երևան քաղաքը։