Մայիսի 17-ին կայացավ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի «Միգրացիա և Զարգացում-2» ծրագրի շնորհանդեսը:
Ծրագիրը առաջարկում է նոր մոտեցում միգրացիայի խնդրին Հայաստանում` ստեղծելով կապեր միգրացիայի և զարգացման միջև: Այն նաև նպատակ ունի նվազեցնել բարձր արտագաղթի տեմպերը աղքատության բարձր ցուցանիշներ ունեցող ՀՀ համայնքներից, ինչպես նաև վերաինտեգրման հնարավորություններ ստեղծել Եվրոմիության երկրներից վերադարձող մեր հայրենակիցների համար:

Շնորհանդեսին ողջույնի խոսքով հանդես եկավ “Հայկական Կարիտաս” ԲՀԿ-ի վարչական խորհրդի անդամ քահանա Տեր Գրիգոր Մկրտչյանը: Նա իր շնորհակալական խոսքն ուղղեց ծրագրի գործընկերներ` Կարիտաս Ավստրիային և Լիխտենշտեյնի կառավարությանը:
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի գործադիր տնօրեն Անահիտ Մխոյանն իր բացման խոսքում, ընդգծելով միգրացիա երևույթի օրեցօր ահագնացող չափերը, կոչ արեց ոլորտում աշխատող բոլոր կազմակերպություններին և դերակատարներին համագործակցել, միավորել ջանքերը` հնարավորինս լուրջ հենարան դառնալով մեր վերադարձող քաղաքացիների համար և ինչ-որ չափով նվազեցնել արտագաղթի մեծ տեմպերը: Ա. Մխոյանը նշեց, որ օտարերկրյա դոնորները օժանդակում են, միջոցներ են տրամադրում, սակայն այս հարցը ամենաշատը պետք է հուզի հենց այս երկրի պետական և հասարակական ոլորտի դերակատարներին:
«Միգրացիա և Զարգացում» ծրագրի ղեկավար` Տիգրանուհի Տարախչյանը ամփոփ ներկայացրեց ծրագրի առաջին փուլի գործողությունները և արդյունքները, ըստ որոնց 2010-2013թթ. ընթացքում տարբեր միջոցառումների շնորհիվ ծրագիրն օժանդակել է ԵՄ-ից Հայաստան վերադարձած 190 ՀՀ քաղաքացիների վերաինտեգրմանը, բարձրացրել է միգրացիայի վտանգների և ռիսկերի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը շուրջ 600 երիտասարդների շրջանում և աջակցել է շուրջ 150 երիտասարդ գործազուրկների ձեռք բերել նոր հմտություններ` այսօրվա աշխատաշուկայի պահանջներին համապատասխան: Վերադարձող շահառուներին տրամադրվել է իրավաբանական, նյութական, բիզնես և այլ օժանդակություն: Տ.Տարախչյանն ասաց, որ մեր կազմակերպության յուրահատկությունն է` լինել մարդակենտրոն և ծառայել մեր քաղաքացիներին, ովքեր հեռացել էին օտար ափերում կյանքը դասավորելու ակնկալիքով, սակայն հետ են վերադարձել ձեռնունայն: Նա անվանեց այդ տարիները` կորցրած տարիներ:
Ներկայացվեց նաև «Միգրացիա և Զարգացում» ծրագրի 2-րդ փուլի նոր բաղադրիչները, որոնք են` բացի ԵՄ երկրներից, Նորվեգիայից, Շվեյցարիայից և Լիխտենշտեյնից վերադարձողներին օժանդակելուց, աջակցել արտագաղթի բարձր մակարդակ ունեցող համայնքների բնակիչներին և նորարարական բիզնես գաղափարներ ունեցող երիտասարդներին: