ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ ԲՀԿ-Ի ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁ
ՀԱՅՐ ՌԱՓԱՅԷԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԻՆԱՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԿԱԹՈՂԻԿԷ ՀԱՅՈՑ
ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՎՐԱՍՏԱՆԻ ԵՒ ԱՐԵՒԵԼԵԱՆ ԵՒՐՈՊԱՅԻ
Եկէ’ք դիմաւորենք 2011թ., որպէս Աստծուց տրուած անզուգական պարգեւ եւ փառաբանենք այն մեզ տուողին` Արարչին, Փրկչին ու կենդանութիւն պարգեւողին:
Մեզ տրուած կեանքը մի նուէր է, որի ընթացքում պէտք է գովերգենք եւ փառաբանենք նրան, ով աշխարհ եկաւ մեզ դէպի երկինք բարձրացնելու։
Այս նոր տարուայ շեմին մաղթենք տեսնել իրար խորապէս եւ գործնականօրէն Աստուծոյ զաւակ դարձած` ունենալով Յիսուսին ուղեցոյց մեր առօրեայում եւ լինելով յանձնառու բարուն, գեղեցիկին եւ օգտակարին: Լցնե’նք նոր տարուայ ճերմակ էջերը աստուածահաճոյ կեանքով եւ գործերով, նուիրումով ու զիջումով, անձնուրացութեամբ ու սիրով։
Այս կեանքը կարճ է, այն յաւիտենական դարձնելու համար պէտք է ապրենք Աստուծոյ սիրով` ներողամտութեամբ, ուրիշի ցաւին կարեկցելով եւ օգնելու պատրաստակամութեամբ:
Նմանուե’նք Յիսուսին, ապրե’նք Յիսուսով եւ ունենանք երկինքը երկրի վրայ:
Թող կեանքի Գողգոթայի ճանապարհին այս Նոր Տարին լինի առողջութեան, յաջողութեան եւ խաղաղութեան տարի. արեւշատութեան եւ գուրգուրանքի տարի. կեանքի մութ գիշերում` լուսաւոր տարի. մեղքի հովտի մէջ` առատ շնորհքի տարի. լաւատեսութեան, յոյսի եւ երջանկութեան տարի:
ՇՆՈՐՀԱՒՈՐ Ս. ԾՆՈՒՆԴ ԵՒ ԱՄԱՆՈՐ
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ ԲՀԿ-Ի ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ՈՒՂԵՐՁ
ԱՆԱՀԻՏ ՄԽՈՅԱՆ
Սիրելիներս,
Միշտ մենք մեզ հարց ենք տալիս, թե որտեղ է թաքնված մեր երջանկությունը։ Եվ ժամանակ առ ժամանակ չենք էլ հասկանում, որ այն այլոց ուրախութան մեջ է։ Մեր ընտանիքի, ընկերների, աշխատակիցների, բայց ամենամեծ պատառը թաքնված է այն մարդկանց ուրախության մեջ, որոնք ունեն մեր ուշադրության եւ օգնության կարիքը։ Հնարավոր է որ նրանք մեզ չեն ճանաչում, բայց մենք պե´տք է ճանաչենք նրանց քանի որ մենք ուզում ենք գտնել ՄԵ´Ր երջանկությունը։
Արդ, եկեք տոնենք այս Սուրբ Ծնունդը եւ սկսենք Նոր 2012 Տարին այս ոգով՝ գտնելով մեր երջանկությունը ուրիշներին ուրախություն պարգեւելու մեջ։
Շնորհավոր Սուրբ Ծնունդ եւ Ամանոր։