«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը «Կաթոլիկ օգնության ծառայությունների» հետ համատեղ հայտարարում է

Նախաորակավորման հայտերի ներկայացման հրավեր

ներքոնշյալ աշխատանքների կատարման նպատակով ծառայություններ մատուցողների ընտրության համար

Փաթեթ 1. Նախագծային փաստաթղթերի պատրաստում

Փաթեթ 2. Վերակառուցման աշխատանքների տեխնիկական հսկողություն

Փաթեթ 3. Վերակառուցման/շինարարական աշխատանքներ

 

Արտաշատ համայնքում գտնվող շենքի հետ կապված՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ), «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության և «Կաթոլիկ օգնության ծառայությունների» (CRS) կողմից համատեղ իրականացվող Հայաստանում շահույթ չհետապնդող (ոչ առևտրային) սոցիալական բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում։

Վերոնշյալ գործունեության մրցութային գործընթացը բաղկացած է երկու փուլից: Առաջինը նախաորակավորման փուլն է, որի համար հայտարարվում է սույն հայտերի ներկայացման հրավերը։ Երկրորդ փուլը՝  նախաորակավորման փուլն անցած ցուցակում ընդգրկված դիմողների կողմից տեխնիկական և ֆինանսական առաջարկների ներկայացումն է:

 

Ծրագրի նկարագրություն

Հայաստանում ոչ առևտրային սոցիալական բնակարանային ապահովման ծրագրի նպատակն է ապահովել, որ հնարավորինս ավելի շատ տեղահանված անձինք, փախստականներ և տեղացիներ ունենան Հայաստանում կայուն և մատչելի բնակարաններում բնակվելու հնարավորություն՝ որպես արձագանք Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և Հայաստանում այլ խոցելի խմբերի երկարաժամկետ բնակարանային կարիքներին: Նախաորակավորման հայտերի ներկայացման սույն հրավերը վերաբերում է «Ոչ առևտրային սոցիալական բնակարանային ապահովման ծրագրի» շրջանակներում իրականացվող պիլոտային ծրագրին, մասնավորապես՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքում (Մռավյան փողոց) տեղակայված շենքին: Շենքի նպատակային նշանակությունը կվերափոխվի ոչ առևտրային սոցիալական բնակարանային համալիրի և կհանդիսանա պիլոտային ծրագրի մաս, որի համար ֆինանսավորումն արդեն ապահովված է: Լրացուցիչ շենքերի շինարարությունը նախատեսվում է ավելի ուշ ժամկետում՝ ֆինանսավորման առկայության պարագայում:

Շենքն ի սկզբանե դպրոցական համալիրի մաս է կազմել, որի ֆունկցիոնալ կապն ապահովվել է կից շինությամբ, որի շինարարությունը, սակայն, ավարտին չի հասցվել: Շենքը, որը կառուցվել է 1980-ականների վերջին հարթ տեղանքում՝ ստանդարտ նախագծով, ունի ուղղանկյունաձև հատակագիծ՝  15×54մ մոտավոր արտաքին չափերով: Այն եռահարկ շինություն է, որն ունի տեխնիկական նկուղային հարկ, ի սկզբանե նախատեսված է եղել հանրային օգտագործման համար, սակայն այս ծրագրի շրջանակներում դրա նպատակային նշանակությունը կփոխվի բնակելի շինության։ Շենքի աջակողմյան հատվածը՝ մոտավորապես 15,0×24,0մ չափերով, իր երեք վերգետնյա հարկերով, ապամոնտաժվել է: Վերապրոֆիլավորման/վերակառուցման ենթակա կլինի ձախակողմյան հատվածը՝ 15,0×30,0մ մոտավոր չափերով: Նախաձեռնության նպատակներից է աջակցել Հայաստանում ոչ առևտրային սոցիալական բնակարանների տեխնիկական ստանդարտների մշակմանը և կիրարկմանը՝ պիլոտային այս ծրագրի միջոցով: Ծրագիրը ֆինանսավորվում է Կաթոլիկ օգնության ծառայությունների կողմից, և իրականացվում է Հայկական Կարիտասի կողմից՝ ՀՀ ԱՍՀՆ հետ համագործակցաբար։

 

Պահանջվող ծառայություններ

Նախաորակավորման հայտերի ներկայացման սույն հրավերի շրջանակներում պահանջվող ծառայությունները ներառում են.

  • Փաթեթ 1․ Արտաշատ համայնքում շենքի վերակառուցման նախագծային փաստաթղթերի պատրաստում՝ հիմք ընդունելով վերակառուցվող շենքի նախագծման թույլտվությունը (ճարտարապետահատակագծային առաջադրանքը), աշխատանքների ծավալը/տեխնիկական առաջադրանքը, կատարողի/ներդրողի պահանջները, Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրությունը և առաջատար փորձը: Նախագծային փաստաթղթերի պատրաստումը ներառում է հայեցակարգային նախագծի մշակում, որը հիմք կհանդիսանա ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման համաձայն նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանքի) ստացման համար: Հայեցակարգային նախագիծը պետք է ներառի տարածքի գլխավոր հատակագիծը, որի վրա ցույց են տրվում հողամասի վրա շենքի ենթադրյալ տեղադրությունը և հարկերի հատակագծերը, նշվում է գոյություն ունեցող կառույցի առաջարկվող նպատակային նշանակությունը, ինչպես նաև համապատասխան օրենքների համաձայն այլ փաստաթղթեր, որոնք հիմք են հանդիսանում նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանքի) ստացման համար: Ակնկալվում է, որ ծառայություններ մատուցողն իրեն շնորհված պայմանագրի շրջանակներում կպատվիրի նաև Նախագծային փաստաթղթերի փորձաքննություն, որը կներառի իր կողմից ներկայացվող արժեքի մեջ: Փորձաքննությունը կկատարվի Հայաստանի «Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի N 711-Ն որոշման համաձայն: Կազմված նախագծային փաստաթղթերը կներկայացվեն Շինարարության թույլտվություն (անհրաժեշտության դեպքում նաև քանդման կամ ապամոնտաժման) ստանալու նպատակով և կտրամադրվեն DWG ձևաչափով:

 

  • Փաթեթ 2․ Վերակառուցման/շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն կազմված նախագծային փաստաթղթերի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության գործող օրենքների, մասնավորապես՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի 1998թ. ապրիլի 28-ի թիվ 44 հրամանի և լավագույն գործելակարգին համապատասխան:

 

  • Փաթեթ 3․ Արտաշատ համայնքում տեղակայված շենքի վերակառուցման աշխատանքներ․

Ծրագրի իրականացման նպատակով ծառայությունների մատուցման համար նախատեսված ժամկետներն են.

  • 2025թ. ապրիլ-հունիս – Արտաշատ համայնքում տեղակայված շենքի վերակառուցման նախագծային փաստաթղթերի պատրաստում.
  • 2025թ. մայիս–հունիս – Նախագծային փաստաթղթերի փորձաքննություն.
  • 2026թ. ապրիլ – Վերակառուցման աշխատանքների տեխնիկական հսկողություն. 2025 թ. օգոստոս
  • 2025թ. օգոստոս – 2026թ. ապրիլ – Արտաշատ համայնքում տեղակայված շենքի վերակառուցման աշխատանքներ.

 

Մասնակցության պայմաններ

Նախաորակավորման գործընթացին մասնակցությունը բաց է համապատասխան գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանում գրանցված բոլոր իրավաբանական անձանց համար, որոնք համապատասխանում են կիրառելի նախագծման և շինարարության օրենսդրությամբ սահմանված պայմաններին, որոնք սնանկության կամ լուծարման վարույթում  չեն գտնվում, և որոնց նկատմամբ պետական եկամուտների գծով պարտավորությունների չվճարման վարույթ չի իրականացվում, և եթե այդպիսիք համապատասխանում են CRS-ի կողմից սահմանված պայմաններին, որոնք նշված են Նախաորակավորման հայտերի ներկայացման հրավերում սույն հղումով:

Հայտատուները կարող են դիմել կամ 1-ին և/կամ 2-րդ փաթեթի համար, կամ միայն 3-րդ փաթեթի համար:

Նախաորակավորման գործընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը, որոնց ցանլը կարող եք գտնել Նախաորակավորման հայտերի ներկայացման հրավերում սույն հղում-ով.

 

Հայտերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեներով՝ d.mosoyan@caritas.am և info@caritas.am՝ պատճենն ուղարկելով zoran.rifelj@crs.org  մինչև 2025 թվականի մարտի 10-ը, ժամը 12:00:: Հայտերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային տարբերակով՝ CD, DVD կամ USB կրիչներով հետևյալ հասցեով՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 0001, Չայկովսկու 34, բն. 23, կոնտակտային անձ՝ Դավիթ Մոսոյան: Հայտերը պետք է ներկայացվեն մեկ անփոփոխելի և տպելի PDF ֆայլով‚ որի մեծությունը չպետք է գերազանցի 10 ՄԲ-ը: ԹԵՐԻ ԵՎ ԺԱՄԿԵՏԻՑ ՈՒՇ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՀԱՅՏԵՐԸ ՉԵՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԵԼՈՒ:

Պարզաբանումների վերաբերյալ հարցումները կարող եք ուղարկել էլեկտրոնային փոստով՝ d.mosoyan@caritas.am,  պատճենը՝ zoran.rifelj@crs.org հասցեին՝ ոչ ուշ, քան հայտերի ներկայացման վերջնաժամկետից 7 օր առաջ:

 

Լեզու

Հայտերը և հիմնավորող բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն հայերեն և անգլերեն լեզուներով՝ ըստ պահանջի: Փաստաթղթերի պաշտոնական թարգմանության և կնքման պահանջ չկա։

Հնարավոր թեկնածուների և մրցութային հանձնաժողովի միջև բոլոր նամակագրությունները պետք է լինեն հայերեն և անգլերեն լեզուներով:

Նախաորակավորման այս փաստաթուղթը կազմվել է անգլերեն լեզվով և թարգմանվել է հայերեն: Անհամապատասխանության առկայության դեպքում նախապատվությունը տրվում է անգլերեն տարբերակին: Բոլոր հետաքրքրված դիմողները կստանան նախաորակավորման հայտերի ներկայացման հրավերի փաստաթուղթը անգլերեն և հայերեն լեզուներով:

 

Գնահատման գործընթաց

Մրցութային հանձնաժողովը կազմված կլինի Հայկական Կարիտասի և CRS-ի ներկայացուցիչներից: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները կհրավիրվեն՝ մասնակցելու գնահատման գործընթացին որպես ասոցիատիվ անդամ, կախված նրանց հասանելիությունից: Մրցութային հանձնաժողովը կգնահատի հայտատուների համապատասխանությունը նախաորակավորման համար՝ ելնելով հայտի շրջանակներում ներկայացված փաստաթղթերից, երաշխավորագրերի ուսումնասիրությունից կամ հայտատուի՝ նախկինում նմանատիպ աշխատանքների  կատարման փորձի մասին տեղեկություններից՝ ֆինանսավորողի պայմաններին և ծրագրի շրջանակներում նախատեսված աշխատանքների իրականացման ժամկետներին համապատասխան: Նախնական որակավորման ընտրությունն իրականացվում է CRS-ի գնումների ուղեցույցների համաձայն։

Մրցութային հանձնաժողովն իրեն իրավունք է վերապահում ուսումնասիրել, հաստատել և ներկայացնել լրացուցիչ պարզաբանումներ ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ: Նախընտրության արդյունքների մասին հայտատուները կտեղեկացվեն գրավոր՝ էլեկտրոնային փոստով: Նախաորակավորման փուլը հաղթահարած հայտատուները կանցնեն մրցութային գործընթացի երկրորդ փուլ և կստանան տեխնիկական և ֆինանսական վերջնական հայտ-առաջարկ ներկայացնելու հրավեր: Հայկական Կարիտասը իրեն իրավունք է վերապահում չշարունակել ընթացք տալ երկրորդ փոլին։

Ո՛չ Հայկական Կարիտասը, ո՛չ էլ CRS-ը չի հատուցում նախաորակավորման գործընթացում հայտերի ներկայացման, ինչպես նաև մրցութային գործընթացում ծառայությունների մատուցման համար հայտերի պատրաստման ծախսերը:

Հայտատուներին տրվում է 8 օր նախաորակավորման արդյունքների մասին ծանուցումից հետո նախնական ընտրության արդյունքների վերաբերյալ հնարավոր առարկություններ ներկայացնելու համար: Բողոքները պետք է ուղարկվեն a.gevorgyan@caritas.am  հասցեին, իսկ պատճենը՝ sanela.imamovic@crs.org հասցեին։

 

Այլ դրույթներ

Հայտի պատրաստման հետ կապված բոլոր ծախսերը՝ ներառյալ, սակայն չսահմանափակվելով օբյեկտ այցելությունները, տեղեկատվության ստացումը, Հայտի պատրաստումը և ներկայացումը, կրում է Հայտատուն: Նախաորակավորման սույն գործընթացի պատասխանատուներն իրավունք ունեն ընդունել կամ մերժել ցանկացած Հայտ և ցանկացած պահի չեղարկել նախաորակավորման գործընթացը և մերժել բոլոր Հայտերը՝ այդպիսով որևէ պատասխանատվություն չկրելով Հայտատուների առջև:

Նախաորակավորման փուլը հաջողությամբ հաղթահարած դիմողների հետ հարցազրույցները կարող են անցկացվել նախաորակավորման գործընթացի ավարտից հետո՝ պայմանագիրը կատարելու նրանց հնարավորությունները լրացուցիչ պարզաբանելու համար:

 

Հայտարարության հետ կապված բոլոր մանրամասները և լրացման ենթակա փաստաթղթերը ընդգրկված են Նախաորակավորման հայտերի ներկայացման հրավերի ամբողջական փաստաթղթերի փաթեթում, որը կարող եք գտնել հետևյալ հղումներով․

Նախաորակավորման հայտերի փաստաթղթերի հայերեն փաթեթ

Նախաորակավորման հայտերի փաստաթղթերի անգլերեն փաթեթ