2024 թվականի մայիսի 6-ից 12-ը Հունաստանում տեղի է ունենալու «Սոցիալական տնտեսության հաջողված փորձի ուսումնասիրություն» խորագրով միջազգային ուսումնական այց, որին հրավիրում ենք մասնակցելու Ճամաբարակ համայնքի տեղական դերակատարներին։
Միջազգային ուսումնական այցը կազմակերպվում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի «Սոցիալ-տնտեսական էկոհամակարգի զարգացում Ճամբարակ համայնքում» EcoSE ծրագրի շրջանակում Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի աջակցությամբ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության և համաֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից:
Այցի նպատակը
Միջազգային այցի նպատակն է ուսումնասիրել Սոցիալական տնտեսության եվրոպական փորձը և տեղայնացնել ձեռքբերված փորձը Ճամբարակ համայնքում՝ գործուն մեխանիզմների կիրառման միջոցով։
Մասնակիցները
Ճամբարակ համայնքի ՏԻՄ, ՄՍԾ, ՔՀԿ և ՍՁ ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր հետաքրքրված են սոցիալական տնտեսության զարգացմանն ուղղված գործընթացներով, հրավիրված են մասնակցելու ուսումնական այցին։ Մասնակիցների քանակը խիստ սահմանափակ է։
Միջազգային ուսումնական այցի լեզու
Միջազգային այցի աշխատանքային լեզուն անգլերեն է։ Համաժամանակյա կամ հաջորդական թարգմանություն չի տրամադրվելու։
Մասնակիցների ընտրություն
Յուրաքանչյուր կառույցից միջազգային այցին կարող է մասնակցել 1 ներկայացուցիչ։
Ընտրության չափորոշիչներ
- Ընդգրկվածություն․ ՔՀԿ, ՏԻՄ, ՄՍԾ կամ ՍՁ ոլորտի ներկայացուցիչ, ով ցանկանում է ուսումնասիրել ՍՏ ոլորտը և ձեռք բերել գիտելիքներ ու փորձ;
- Սոցիալական հմտություններ․ ունի միջազգային այցին մասնակցելու մոտիվացիա՝ բաց է նոր մարտահրավերների և գիտելիքների կատարելագործման համար;
- Ցանցային համագործակցություն․ պատրաստակամ է ակտիվ ներգրավվելու Ճամբարակ համայնքում ՍՏ ոլորտի զարգացմանը ուղղված աշխատանքներին;
- Կայունություն. ձեռք բերված գիտելիքները (գիտելիքների կառավարում) փոխանցելու կամ փոխանցելու պատրաստակամություն Ճամբարակի տեղական գործընկերների շրջանում;
- Լեզվի իմացություն. անգլերեն լեզվի բանավոր և գրավոր իմացություն։
Ընտրված մասնակիցների միջազգային և տեղական ճանապարհածախսը, ինչպես նաև կեցությունը, օրապահիկը և վիզայի (Shcengen) ծախսերը փոխհատուցվելու են ծրագրի կողմից։
Ուսումնական այցին դիմելու նպատակով անհրաժեշտ է լրացնել ներքևում նշված հավելված 1-ը:
Հայտադիմումները անհրաժեշտ է ուղարկել՝ d.miribyan@caritas.am, և info@caritas.am էլ․ հասցեներին։
Դիմելու վերջնաժամկետն է ս/թ մարտի 20-ը, ժամը 17:00 (Երևանի ժամանակով)։