Հայկուշը 2018 թվականի հոկտեմբերից մինչ օրս հանդիսանում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի կողմից իրականացվող Գյումրու «Տարեցների ցերեկային հոգածության կենտրոն»-ի կամավոր:
«Ծերերի կենտրոնում շահառուների հետ կատարում ենք անհատական և խմբային աշխատանքներ: Ներկայացնում ենք բազմաթիվ տեղեկություններ ցուցադրույթների միջոցով: Նրանց համար կազմակերպում ենք բազմաթիվ միջոցառումներ, ժամանցային խաղեր, անցկացնում ենք մրցույթներ՝ երգի, պարի, ասմունքի։ Նշում ենք բոլոր տաղավար տոները, կարդում ենք տեղեկություններ, պատմություններ, նշանավոր մարդկանց մասին։ Տարեցներին տալիս ենք կենցաղային, սոցիալական ու հեգեբանական խորհրդատվություն։ Հոգեբանական թեստերի միջոցով բացահայտում ենք նրանց թաքնված բնավորության գծերը։ Նաև տարեցների հետ այցելում ենք քաղաքի տարբեր պատմամշակութային և ժամանցային վայրեր, թանգարաններ, այգիներ»- կենտրոնում կատարած աշխատանքների մասին պատմում է Հայկուշը։
Ի՞նչ է կամավորությունը իր համար հարցին Հայկուշը պատասխանեց. «Կամավորությունը ինձ համար շատ պատասխանատու և հաճելի գործ է։ Սիրում եմ աշխատել տարեցների հետ, նրանց հետ աշխատելիս մեծ փորձ եմ ձեռք բերել։ Ինձ դուր է գալիս օգնել տարեցներին և շփվել նրանց հետ»: