ՀԿԿԿ/ Հայկական Կարիտասի Կամավորական Կորպուս
Պատմություն` Հայկական Կարիտասի (ՀԿ) կամավորը կազմակերպության առաքելության և գաղափարախոսության հիմնական կրողն է, քանզի կազմակերպության հիմնադրումից ի վեր կամավորները ընդգրկված են եղել կազմակերպության գործունեության տարբեր ոլորտներում: Տեսնելով միավորված կամավորների ներուժը՝ 2009 թվականից ի վեր Հայկական Կարիտասը ձեռնամուխ եղավ Հայկական Կարիտասի Երիտասարդական Խորհրդի (ՀԿԵԽ) ստեղծմանը, որը ներկայիս և պոտենցիալ կամավորներին կմիավորի ընդհանուր հետաքրքրություների և խնդիրների շուրջ: 2014թ-ից այն վերանվանվեց Հայկական Կարիտասի Կամավորական Կորպուս: Ներկայումս մոտավորապես 80 կամավոր ներգրավված է Հայկական Կարիտասի տարբեր ծրագրերում: Նրանք աշխատում են տարեցների, հաշմանդամ երեխաների, սոցիալապես անապահով ընտանիքների պատանիների հետ, ինչպես նաև կատարում են ադմինիստատիվ աշխատանք Հայկական Կարիտասի գրասենյակներում և կենտրոններում: Հայկական Կարիտասի կամավորները ունեն քաղաքացիական հստակ դիրքորոշում և ներկայացնում են քաղաքացիական հասարակության ակտիվ հատվածը:
Նկարագրություն` Հայկական Կարիտասում ընդհանուր կամավորության գործելակերպը շատ համակարգված է: 80 տեղական և միջազգային կամավորներից բոլորը, ովքեր միանում են կազմակերպությանը, ելնելով իրենց հմտություններից, նախասիրություններից և ծրագրային պահանջների, ներգրավված են որոշակի աշխատանքներում:
Հայկական Կարիտասի կամավորների հատկանշական առանձնահատկությունը հաշմանդամություն ունեցող մարդկանց սոցիալական խնամք և օգնություն տրամադրելու պատրաստակամությունն է: Ավելին, մեր կամավորներից ոմանք Հայկական Կարիտասի ծրագրերի նախկին շահառուներ են, և կամավորությունը նրանց համար կազմակերպության հետ իրենց կապը պահպանելու միջոց է: Այս առումով սա Հայաստանում կամավորության եզակի դրսևորում է, քանի որ հետխորհրդային հասարակությունում սեփական ժամանակը և միջոցները ազատ կամքով ուրիշների բարեկեցությանը տրամադրելը հազվադեպ հանդիպող երևույթ էր: Կարիտասի մյուս առանձնահատկությունը առավել շատ մարդկանց կամավորության հնարավորություն ընձեռելն է: Հայկական Կարիտասը կրթված, հմուտ և նպատակասլաց կամավորներ ունենալ ձգտելու փոխարեն պատրաստ է հնարավորություն տալ սոցիալական ցանկացած պայմաններում ապրող յուրաքանչյուր մարդու աշխատելու պրոֆեսիոնալ միջավայրում, սովորելու և հստակեցնելու ապագայի իրենց պլանները: Հայկական Կարիտասում կամավոր համարվելու ամենակարևոր առանձնահատկություններն են ճիշտ վերաբերմունքը, սովորելու ցանկությունը, սոցիալական արդարության ձգտումը և օգնելու պատրաստակամությունը: Կազմակերպությունը նաև ուսումնական պրակտիկայի հնարավորություն է տրամադրում հումանիտար գիտություններ ուսումնասիրող տեղական և միջազգային ուսանողներին: