ՀՀ-ում Իտալիայի Դեսպան՝ Ն.Գ. Պրն. Վինչենցո Դել Մոնակոյի և նրա տիկնոջ՝ Դայան Դել Մոնակոյի բարձր հովանու ներքո, «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն ու Պարենի համաշխարհային ծրագիրը կյանքի կոչեց «Էմիլի Արեգակ» և «Փոքրիկ իշխան» կենտրոնների հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքների սաների երազանքը: Սեպտեմբերի 4-ին կենտրոնների սաները, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Ավանի ակադեմիայում, հանդիպեցին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ՝ Վարազդատ Հարոյանի, Գևորգ Ղազարյանի ու Կամո Հովհաննիսյանի հետ: Հանդիպումը կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ: Հայ ֆուտբոլիստները ոչ միայն սիրով պատասխանեցին երեխաների հարցերին, այլ նաև նրանց հետ սեղանի թենիս ու սեղանի ֆուտբոլ խաղացին: Վերջում ֆուտբոլիստները խոստացան՝ հնարավորության դեպքում անպայման այցելել երեխաներին:
Սեպտեմբերի 5 սաներին հնարավորություն տրվեց ներկա գտնվելու Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան-Իտալիա ֆուտբոլային խաղին, իսկ հաջորդ օրը երեխաները եզակի հնարավություն ունեցան հանդիպելու Իտալիայի հավաքականի բոլոր ֆուտբոլիստներին: Հանդիպմանը ներկա էին նաև անձամբ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գավինան և Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին:
Ինչպես հայ այնպես էլ իտալացի ֆուտբոլիստները դատարկաձեռն չէին եկել հանդիպման՝ հավաքականները Հայկական Կարիտասին նվիրեցին գնդակներ և մարզաշապիկնե՝ր ֆուտբոլիստների ստորագրությամբ, որոնք օրեր անց, կայացած բարեգործական ճաշի ժամանակ, աճուրդով վաճառվեցին՝ գումարը փոխանցվելով «Հայկական Կարիտաս» «Փոքրիկ իշխան» կենտրոններին:
Հավելենք, որ ներառականության իրազեկման այս քայլարշավը կրում էր «Խթանելով հնարավորությունները՝ փոխում ենք կյանքեր» խորագիրը: