«Հայկական Կարիտասի»՝ «Տարեցների խնամքի ծառայություններ» և «Երեխաների ցերեկային խնամքի («Փոքրիկ իշխան») կենտրոն» մոդելների վերանայում և վերապատրաստման մոդուլի մշակում
Սույն տեխնիկական բնութագիրը սահմանում է «Հայկական Կարիտասի» «Տարեցների խնամքի ծառայություններ» և «Երեխաների ցերեկային («Փոքրիկ իշխան») կենտրոն» մոդելների վերանայման և վերապատրաստման անցկացման ծավալը և պահանջները «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում:
«Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի և «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի համագործակցությամբ։
Աշխատանքի տևողությունը՝ Մոդուլի վերանայում և վերապատրաստման մոդուլի մշակում՝ ապրիլի 10 – մայիս 15, 2023թ․
Վերապատրաստման անցկացում «Հայկական Կարիտասի» անձնակազմի համար՝ հունիս 1-հունիս 15, 2023
Աշխատանքի բնութագիրը՝ «Հայկական Կարիտասի»՝ տարեցների խնամքի ծառայությունների և երեխաների ցերեկային կենտրոնի մոդելների վերանայում, համապատասխանեցում առկա օրենսդրական ակտերին և չափորոշիչներին, վերանայված մոդելների հիման վրա վերապատրաստման մոդուլների կազմում և մեկական վերապատրաստման անցկացում տարեցների և երեխաների պաշտպանության ոլորտի մասնագետների հետ
Վայրը` Հայաստան
ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Սույն առաջադրանքի հիմնական խնդիրներն են.
- Վերանայել «Հայկական Կարիտասի» երեխաների ցերեկային կենտրոնի մոդելը՝ համապատասխանեցնելով այն կազմակերպության կողմից ներառականության ապահովման ռազմավարական մոտեցմանը և ցերեկային կենտրոններում հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ տարվող աշխատանքի մոդելին և փորձառությանը, համապատասխանեցնել մոդելը ՀՀ-ում գործող օրենսդրական ակտերին և համատեքստին և փաստացի մատուցվող ծառայություններին։
- Վերանայել «Հայկական Կարիտասի» տարեցների խնամքի մոդելը՝ հաշվի առնելով փաստացի մատուցվող ծառայությունների նկարագրությունը և համապատասխանեցնելով այն ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1744-Ն որոշմանը։ Մոդելում ներառել նաև հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների փաթեթը՝ ղեկավարվելով Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով և վերոնշյալ որոշմամբ։
- Ըստ վերանայված մոդելների կազմել վերապատրաստման համապատասխան մոդուլ (թեմաներ, տևողություն, ֆասիլիտացիոն ուղեցույց, ստացած գիտելիքների գնահատման մեթոդներ և չափորոշիչներ), որը կիրառելի կլինի ոլորտում ծառայություն մատուցող կազմակերպությունների վերապատրաստման համար։
- Անցկացնել մեկական վերապատրաստում «Հայկական Կարիտասի» անձնակազմի համապատասխան մասնագետների հետ՝ պատրաստելով նրանց որպես ուսուցանողներ՝ վերոնշյալ մոդուլով վերապատրաստումներ իրականացնելու համար։
- Վերոնշյալ գործողություններն իրականացնել «Հայկական Կարիտասի» համապատասխան մասնագիտական թիմերի և ծրագրերի ղեկավարների հետ համագործակցաբար։
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1․ «Հայկական Կարիտասի» երեխաների ցերեկային խնամքի «Փոքրիկ իշխան» կենտրոն
2009թ.-ից սկսած «Հայկական Կարիտասն» իրականացնում է ընտանեկան աջակցություն դժվարին պայմաններում ապրող երեխաներին և նրանց ընտանիքներին «Փոքրիկ Իշխան» երեխաների ցերեկային խնամքի 5 կենտրոններում: Կենտրոնները գործում են Գյումրիում, Վանաձորում, Տաշիրում, Գավառում և Արտաշատում: Այս կենտրոնները կարող են երկարատև ու կայուն աջակցություն տրամադրել թիրախ խմբերին:
Ցերեկային խնամքի կենտրոնում Երեխայի լավագույն շահի գերակայությունն ապահովվում է հետևյալ մասնագիտական ծառայություններով.
- Սոցիալական աշխատանք և սոցիալական աջակցության տրամադրում,
- Հոգեբանական ծառայություններ,
- Իրավախորհրդատվական ծառայություններ,
- Խմբակներ ու մասնագիտական դասընթացներ,
- Օրենքով չարգելված այլ ծառայություններ:
2․ «Հայկական Կարիտասի»՝ տարեցներին մատուցվող ցերեկային և տնային խնամք
«Հայկական Կարիտասը» մատուցում է տարեցների խնամքի ծառայություններ 2002թ․-ից՝ Գյումրի, Վանաձոր, Գավառ, Արտաշատ և Տաշիր քաղաքներում:
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի՝ տարեցների տնային և ցերեկային խնամքի մատուցման ծրագիրը տարեցներին ուղղված սոցիալական աջակցության ծառայությունների շարքում արդեն արժևորված պատմություն ունեցող ուղղություն է: Ծրագրի նպատակը տարեցների կյանքի որակի բարելավումն ու առողջ կենսագործունեության ապահովումն է՝ տնային կամ ցերեկային խնամքի իրականացման միջոցով:
Այս նպատակի ամբողջական իրագործումը ենթադրում է ծրագրի գործառութային մասը կազմող բոլոր ծառայությունների զուգակցում՝ կենցաղային սպասարկում, բժշկական, սոցիալական, խորհրդատվական աջակցություն, տնային խնամք, ցերեկային խնամք, սոցիալական ներառում:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ
- Համապատասխան կրթություն սոցիալական գիտությունների ոլորտում,
- Առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ սոցիալական պաշտպանության ոլորտում,
- Հայաստանում սոցիալական պաշտպանության ոլորտի, համապատասխան օրենսդրական կարգավորումների, գործող ծառայությունների մասին լիարժեք տեղեկացվածություն,
- Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների մասին իրազեկվածություն,
- Դասընթաց վարելու հմտություններ,
- Նմանատիպ մոդելների և մոդուլի մշակման փորձ,
- Ուսուցանողների համար վերապատրաստումներ անցկացնելու փորձ։
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՏԵՍԱԿԸ
Քաղաքացիաիրավական պայմանագիր
ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Գումարի 40%-ը կվճարվի որպես կանխավճար, իսկ 60 %–ը՝ որպես վերջնավճար՝ աշխատանքի հանձման-ընդունման ակտը ստորագրելոց հետո։
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Ապրիլի 10, 2023 – հունիս 15, 2023թ.։
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ
Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
- Ինքնակենսագրություն (առավելագույնը 3 էջ),
- Ուղեկցող նամակ, որը կներառի աշխատանքի ժամանակացույց և գնային առաջարկ,
- Հնարավոր է դիմել նաև որպես փորձագիտական խումբ։
Դիմելու համար խնդրում ենք անցնել հետյալ հղումով։ Դիմումներն ընդունվում են մինչև սույն թվականի ապրիլի 4-ը։
Միայն վերոնշյալ ամբողջական փաստաթղթային փաթեթը ներկայացրած և նախնական փուլն անցած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի:
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍԻ» ՄԱՍԻՆ
«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն հիմնվել է 1995 թվականին։ Այն կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խմբերի պաշտպանության, խնամքի և ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականացման շուրջ: «Հայկական Կարիտասն» անմիջական աջակցություն է ցուցաբերում հազարավոր մարդկանց Հայաստանի 5 մարզում՝ Շիրակ, Լոռի, Գեղարքունիք, Արարատ, Սյունիք, և Երևանում:
«Հայկական Կարիտասի» առաքելությունն է՝ «Սիրով ու սրտացավությամբ ծառայել տարբեր խոցելի խմբերի` հարգելով յուրաքանչյուրի արժանապատվությունը»։ Կազմակերպության տեսլականն է՝ լինել հզոր և կարևոր դերակատար Հայաստանի Հանրապետությունում՝ սոցիալական արդարության և սոցիալական պաշտպանության հարցում:
«Հայկական Կարիտասը» 2022-2026 թվականների համար որդեգրել է 4 հիմնական ռազմավարական ուղղություն՝ սոցիալական պաշտպանություն, միգրացիա և ինտեգրում, համայնքների համաչափ զարգացում, դիմակայունություն ճգնաժամային իրավիճակներում
Սոցիալական պաշտպանության ռազմավարական ուղղության նպատակներից մեկն է ՀՀ-ում գործող սոցիալական կարիքների բավարարման մեխանիզմների բարելավումը և սոցիալապես խոցելի անձանց և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների համար համայնքային կյանքին ինտեգրվելու ու ակտիվ կենսակերպ վարելու հնարավորությունների ընձեռնումը։