Հասարակական կազմակերպությունների միջազգային օրվա խորհրդով պայմանավորված, «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը, փետրվարի 27-ին ներկայացրեց Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը:
«Համայնքային գործընթաց` կրթության մեջ համընդհանուր ներառմանն ընդառաջ» ծրագրին մասնակցելու են մարզի 12 դպրոցներ և երիտասարդներ, ովքեր վերապատրաստվում են ծրագրերի շրջանակներում։ Ծրագրային թիմերը, հանդիպման ընթացքում, ներկայացրեցին մինչ այժմ կատարված աշխատանքների արդյունքներն:
«Առաջին ներառական փուռ և սրճարան Գյումրիում» և «Համայնքային գործընթաց` կրթության մեջ համընդհանուր ներառմանն ընդառաջ» ծրագրերը ֆինանսավորվում են Եվրոպական միության, Ավստրիայի զարգացման համագործակցության և Կարիտաս Ավստրիայի կողմից։ Ծրագրերը նպատակ ունեն ստեղծել առավել ներառական միջավայր դպրոցներում, ինչպես նաև վերապատրաստել և ուղղորդել հաշմանդամություն ունեցող երիտասարդներին աշխատաշուկա:Ծրագիր ընդգրկված դպրոցներն ինտերակտիվ ճանապարհով ներկայացրեցին առավել ներառական միջավայր ստեղծելու իրենց զարգացման պլաններն ու այն խնդիրները, որոնք առկա են դպրոցներում: Դրանք հիմնականում թեքահարթակների բացակայությունն է, սանհանգույցների ու միջանցքների անհարմարությունները:
Օրվա ամենահետաքրքիր ու «համեղ» պատառը «Առաջին ներառական փուռ և սրճարան» ծրագրի երիտասարդներինն էր, վերջիններս ներկայացրեցին իրենց ձեռքի աշխատանքները, բուսական թեյերը, որոնք իրենք են աճեցրել և իրենց ձեռքով պատրաստված թխվածքները։ 20-ամյա Միքայելը Գյումրու «Էմիլի Արեգակ» ցերեկային խնամքի կենտրոն՝ բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդի կենտրոնի շահառուն է: Նրան արդեն Գյումրիում շատերը գիտեն՝ փորձառու հացթուխ է ու այնքան վարպետորեն է հաց թխում, որ իր ձեռքով թխած հացը ոչ միայն իր հարազատների համար է, այլ նաև կենտրոնի երեխաների: Միքայելն ու նրա ընկերենրը վստահ են՝ ծրագիրը հնարավորություն կստեղծի աշխատաշուկայում հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավման համար: Սրճարանը նախատեսվում է բացել ամռանը: Հաշմանդամության ունեցող անձանց հիմնախնդիրների լուծումը կամ թեթևացումը Հայկական Կարիտասի սոցիալական աշխատանքի հիմնական բաղադրիչներից մեկն է և հայ իրականության մեջ գործնական դրսևորումն է Կաթողիկե Եկեղեցու սոցիալական ուսմունքի և մարդու իրավունքների պաշտպանությանը միտված միջազգային կոնվենցիաների հիմնական դրույթների: Այս մասին իր խոսքում շեշտեց Տ. Հովսեփ քհն. Գալստյանը: Տեր Հովսեփն իր խոսքում փաստեց, որ այս երկու ծրագրերը, մասնավորապես, մարմնավորում և գործնականում մեկնաբանում են եկեղեցու սոցիալական ուսմունքի հետևյալ կարևոր սկզբունքները՝ 1.հարգել յուրաքանչյուր մարդ անհատի արժանապատվությունը՝ նրանում տեսնելով Աստծո պատկերն ու նմանությունը, սկսած բեղմնավորման վայրկյանից մինչև բնական մահ, 2.ապահովել հասարակության բոլոր անդամների առավելագույն մասնակցություն՝ համընդհանուր բարիքի ստեղծման համայնական գործընթացում, 3.բոլորի մասնակցությունը զարգացնել համերաշխությամբ և միմյանց հանդեպ «ի սպառ» սիրով (Հվհ.13,1):
Ըստ նրա, Հայկական Կարիտասի ներկայացված ծրագրերը ամենապատշաճ կերպով արտահայտում են Եկեղեցու այս սկզբունքների կիրառելիությունը և ներդաշնակությունը եվրոպական բարոյական արժեքների հետ: Այս լույսի ներքո առավել իմաստալից է Եվրամիության և Հայկական Կարիտասի համագործակցությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: