Հոկտեմբերի 1-ին Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստը, որը վարեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Նիստը նվիրված էր տարեցների միջազգային օրվան և «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության «Տնային խնամք միայնակ ծերերին» ծրագրի Վանաձորում կատարված աշխատանքների 12 տարվա գործունեությանը:

Համագործակցության հուշագիր ստորագրվեց «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի` ի դեմս տնօրեն Գագիկ Տարասյանի և Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի միջև` ի դեմս մարզպետ Անդրեյ Ղուկասյանի: Ըստ հուշագրի, Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովը հավաստիացնում է իր լիազորությունների սահմաններում աջակցել և համագործակցել «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հետ` «Տնային խնամք միայնակ ծերերին» ծրագրի շրջանակներում:

«Տնային խնամք միայնակ ծերերին» ծրագրի Վանաձորում կատարված աշխատանքների 12 տարվա հաշվետվությամաբ հանդես եկավ ծրագրի Վանաձորի համակարգող Հասմիկ Հովսեփյանը: Նա անդրադարձավ մատուցվող ծառայություններին, համագործակից կառույցներին, ակցիաներին, միջոցառումներին, որոնց հիմքում, միանշանակ, տարեցներին աջակցման, հիմնախնդիրների լուծման, հասարակության վերաբերմունքի փոփոխության կարևորությունն է:

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի կողմից շնորհակալագրերի արժանացան այն բոլոր կառույցներն ու անհատները, որոնք 12 տարի շարունակ աջակցել և համագործակցել են կազմակերպության հետ:

Նիստի ժամանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հանդես եկավ առաջարկով, ինչը լավագույն օրինակ կարող է հանդիսանալ շատերի համար: Մարզպետը «Տնային խնամք միայնակ ծերերին» ծրագրի 80 շահառուների թիվը ավելացնել ևս 1-ով: Եվ այդ 1 շահառուի ամսեկան ծախսերն ամբողջությամբ կփոխհատուցի ինքը` մարզպետը: Առաջարկը ոգևորությամբ ընդունվեց կազմակերպության և հանձնաժողովի անդամների կողմից: Հուսանք մարզպետի օրինակին կհետևեն այլ պաշտոնյաներ և գործարարներ ևս` ավելի շատ թվով անօգնական տարեցների հնարավորություն տալով օգտվել խնամքի ծառայություններից:
Հանձնաժողովի քարտուղար Վալերի Ջաղինյանը նշեց, որ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի կարևորագույն աշխատանքներից առանձնացնելի է 2015թ.-ին «Հիվանդի խնամք» ձեռնարկի լույս ընծայումը: Ցանկություն և աջակցություն հայտնեց, որ գիրքը կարիք ունի վերահրատարակման, քանի որ այն պետք է լինի յուրաքանչյուրի ընտանիքում, առավելապես տարեց ունեցող ընտանիքներում` տնային խնամք իրականացնելիս: