Ընդհանուր տեղեկատվություն

ԵՄ աջակցությամբ ստեղծված ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը hայկական նորաստեղծ կազմակերպություն է, որը սիրիահայ և տեղացի ձեռնարկատերերին տրամադրում է բիզնեսի զարգացման ծառայությունների ամբողջական շղթա, ներառյալ դասընթացներ, քոուչինգ, մենթորինգ, ինչպես նաև ֆինանսավորում՝ դրամաշնորհների և փոխառությունների միջոցով:

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ստեղծվել է 2019-ին «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության և «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից՝ «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության` Սիրիայի ճգնաժամի արձագանքման տարածաշրջանային ֆոնդի (ՄԱԴԱԴ ֆոնդ), Ավստրիական զարգացման գործակալության եւ Ավստրիական Կարմիր խաչի կողմից։

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի առաքելությունն է նպաստել սիրիահայերի և տեղացիների տնտեսական ինտեգրմանը և բարձրացնել Հայաստանի տնտեսության մրցունակությունը՝ խթանելով նորարարությունն ու ձեռնարկատիրությունը։

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի տեսլականն է դառնալ ազգային բիզնես ինկուբատոր սկսնակ ընկերությունների համար․ ինկուբատորի հիմնական խնդիրը կայուն և մրցունակ ՓՄՁ-ների ստեղծումն ու զարգացումն է՝ ձեռներեցներին տրամադրվող բիզնես աջակցության միջոցով շուկա դուրս բերելու նպատակով:

ԵՄ կողմից ֆինանսավորվող ԻՐԻՍ ծրագրի շրջանակում ավելի քան երեք հարյուր ձեռներեց կմասնակցի դասընթացների, նրանցից հարյուր քառասունը ֆինասնավորման հնարավորություն կստանա։ Ծրագրի շրջանակում ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի դրամաշնորհների ընդհանուր ֆոնդը կազմում է 558,000 եվրո, փոխառությունների ֆոնդը՝ 629,000 եվրո։

Հայտադիմումների ընդունում

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը հայտարարում է հայտադիմումների ընդունման առաջին փուլը SPARK, BUILD և START ծրագրերի համար, որոնք ուղղված են ԻՐԻՍ ԲԻ-ի թիրախային խմբերի, մասնավորապես՝ այն սիրիահայերի և տեղացիների բիզնես նախաձեռնությունների աջակցությանը, որոնք գործում են կամ կգործեն Հայաստանի Հանրապետության տարածքում։

2 Ծրագրի առաջին փուլի մասնակիցների ընտրությունն իրականացվելու է Հայտադիմումների ընդունման սույն հայտարարության միջոցով։ ԻՐԻՍ ԲԻ-ի հայտադիմումների ընդունման հայտարարությունը գործում է 2019թ․ հոկտեմբերի 23-ից, հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը 2019թ․ նոյեմբերի 30-նն է։

Հայտադիմումները հասանելի են առցանց Facebook սոցիալական ցանցի ԻՐԻՍ ԲԻ-ի էջում՝ https://www.facebook.com/IRISBusinessIncubator, ինչպես նաև ԻՐԻՍ ԲԻ-ի հիմնադիր կառույցների կայքէջերում՝ www.caritas.am և www.sme.am։ Հայտադիմումները երկլեզու են՝ հայերեն և անգլերեն։ Նշված լեզուներից յուրաքանչյուրով լրացված հայտադիմումներն իրավազոր են և հավասարապես վավեր։ ԻՐԻՍ ԲԻ-ը հրապարակել է միաժամանակ ընթացող երեք ծրագրի հայտադիմում՝ SPARK, BUILD, START (ընդհանուր առմամբ հայտադիմումի 6 ձև)։

– SPARK ծրագրի հայտադիմումը նախատեսված է ԻՐԻՍ ԲԻ-ի ինքնազբաղված անձանց թիրախային խմբի համար,

– BUILD ծրագրի հայտադիմումը նախատեսված է ԻՐԻՍ ԲԻ-ի ստարտափ թիրախային խմբի համար,

– START ծրագրի հայտադիմումը նախատեսված է ԻՐԻՍ ԲԻ-ի ՓՄՁ թիրախային խմբի համար։

Թիրախային խմբերի սահմանումներ

ԻՐԻՍ ԲԻ-ի ծրագրերը նախատեսված են հետևյալ թիրախային խմբերի համար․

Ինքնազբաղվածներ․ ինքնազբաղված են համարվում ՀՀ օրենքով սահմանված տնտեսական գործունեություն իրականացնող ռեզիդենտ ֆիզիկական անձինք կամ անհատ ձեռներեցները։

Ստարտափներ․ ստարտափ են հանդիսանում դեռևս պետական գրանցում չունեցող բիզնես նախաձեռնությունները կամ անհատ ձեռներեցները, ինչպես նաև «Փոքր և միջին ձեռնարկության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված գերփոքր և փոքր ձեռնարկությունները, որոնց պետական գրանցման պահից չի անցել 3 տարի։

Փոքր եվ միջին ձեռնարկություններ (ՓՄՁ)․ ԻՐԻՍ ԲԻ ծրագրի շրջանակում ՓՄՁ թիրախային խմբի մեջ են մտնում այն փոքր և միջին ձեռնարկությունները, որոնք գրանցված իրավաբանական անձ են կամ անհատ ձեռներեց, գործում են երեք տարուց ավել և որոնց գործունեությունից ստացված տարեկան հասույթը չի գերազանցում 100 մլն ՀՀ դրամը (մոտ 190.000 եվրո)։

ԻՐԻՍ ԲԻ ծրագրերին կարող են դիմել 18 տարին լրացած անձինք՝ սիրիահայեր, տեղահանված այլ անձինք, հայրենադարձներ, վերադարձած միգրանտներ կամ տեղացիներ, ովքեր բնակվում և գործունեություն են ծավալում Հայաստանում։ Կարդալ ավելին․․․