Գավառնում այսուհետ կգործի երիտասարդական կենտրոն: Նախաձեռնությունը կյանքի կոչվեց «Հայկական Կարիտաս» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Խաղաղության Կորպուսի ֆինանսական աջակցությամբ՝ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի և Խաղաղության Կորպուսի կամավոր Քեյլբ Բերֆիլդինի ջանքերի շնորհիվ: Հենց վերջինիս նախաձեռնությամբ վերանորոգվեց և տեխնիկապես համալրվեց կենտրոնը, որն այսուհետ կծառայի ոչ միայն «Փոքրիկ իշխան» կենտրոնի սաներին, այլ նաև համայնքի այլ երիտասարդներին: Կենտրոն հաճախող երեխաներն այսուհետ արդեն ծրագրի շնորհիվ կարող են դասընթացներ, հանդիպումներ անցկացնել հաճելի ու վերանորոգված սենյակում: Ծրագրի շրջանակներում ձեռքբերված տեխնիկայի շնորհիվ կենտրոնում կարող են անցկացվել համակարգչային դասեր, կամ ֆիլմի դիտումներ: Մայիսի 25-ին տեղի ունեցավ կենտրոնի պաշտոնական բացում: Բացմանը ուրախ էին ոչ միայն Գավառի «Փոքրիկ իշխան» կենտրոնի սաներն, այլ նաև նրանք, ում ջանքերի շնորհիվ կենտրոնի գործունեությունն իրականություն դարձավ: Ուրախությունը կենտրոնի սաների հետ կիսելու նպատակով Գավառ էին ժամանել Հայկական Կարիտասի ծրագրերի ղեկավար Անահիտ Գևորգյանը, Հայաստանում Խաղաղության կորպուսի տնօրեն Սոնի Լուին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան տնօրեն Դեբոռա Գիզռրին: Կենտրոնի հանդիսավոր բացմանը ավանդական կարմիր ժապավենը կտրեցին հենց երեք կառույցների ղեկավարները՝ ի նշան համատեղ հաջողված նախաձեռնության:
Ներկաներին ու հյուրերին առաջինը ողջունելու պատիվը Հայ առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևոր հովիվ Տեր Գնել Քահանա Մարտիրոսյանին էր: Վերջինս շնորհակալություն հայտնեց շահագրգիռ կողմերին՝ մանուկների հանդեպ ցուցաբերած հոգածության համար: «Մեր ամենալուրջ վարձատրությունը կլինի նա, որ մեր սաները վաղը ամենաճիշտ ու ամենալուրջ քաղաքացիները կլինեն ոչ միայն մեր երկրի, այլ աշխարհի համար»,-նշեց հոգևոր հովիվ Տեր Գնել Քահանա Մարտիրոսյանը:
«Միջավայրը նպաստում է լավ գաղափարների իրականացմանը, իսկ այս կենտրոնը, կարծում եմ, լավագույն վայրն է ակտիվ ու գիտակ քաղաքացիների կրթման»,-իր ողջույնի խոսքում նշեց Հայկական Կարիտասի ծրագրերի ղեկավար Անահիտ Գևորգյանը՝ շնորհակալություն հայտնելով գործընկեր կառույցներին ու հատկապես կամավոր Քեյլբ Բերֆիլդինին՝ նախաձեռնության ու աջակցության համար:
Այն, որ նախաձեռնությունը դրական է ու արդյունավետ նշեցին նաև Հայաստանում Խաղաղության կորպուսի տնօրեն Սոնի Լուին և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան տնօրեն Դեբոռա Գիզռրին հավատացնելով իրենց պատրաստակամությունը նմանատիպ ծրագրերի: