Գյումրու «Փոքրիկ իշխան» երեխաների սոցիալական կենտրոնը, 2018 թ-ի մայիսի 25-ին, Վանաձորում, առաջին անգամ մասնակցեց ՀՀ նախագահի մրցանակի՝ «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթին: Մրցույթին մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերի երեխաներ՝ ընդհանուր 12 խումբ՝ յուրաքանչյուրը 10 մասնակցով:
Ըզրափակիչ մրցույթը տեղի ունեցավ Վանաձորի մարզպալատում: Մրցույթի նպատակն էր ՀՀ երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի մասսայականացումը, ինչպես նաև հաստատություններում «ֆիզիկական կուլտուրա» առարկայի դերի կարևորումն ու առողջարարական և զանգվածային մարզական աշխատանքների կազմակերպումը:
Մրցույթի անցկացման աշխատանքները համակարգում էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:
Միջոցառմանը գերազանց ելույթ ունեցան Շիրակի մարզը ներկայացնող թիմերը, որոնք գրավեցին ողջ պատվո պատվանդանը. 1-ին տեղ՝ Գյումրու երեխաների սոցիալական հոգածության կենտրոնի թիմ, 2-րդ տեղ՝ «Հայկական կարիտաս»-ի Գյումրու «Փոքրիկ իշխան» կենտրոնի թիմ և 3-րդ տեղ՝ Գյումրու «Թռչունյանց տուն» կենտրոնի թիմը:
«Փոքրիկ իշխան» երեխաների սոցիալական կենտրոնն առաջին անգամ մասնակցելով այս մրցույթին զբաղեցրեց պատվավոր երկրորդ հորիզոնականը: Երեխաները ջանասիրաբար աշխատանքի և բազմաթիվ պարապմունքների արդյունքում ցույց տվեցին հրաշալի ցուցանիշ: Թիմի բոլոր մասնակիցները պարգևատրվեցին վկայականներով, մեդալներով և նվերներով: Թիմին հանձնվեց գավաթ: Երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու առթիվ, «Փոքրիկ իշխան» սոցիալական կենտրոնը պարգևատրվեց նաև 350000 ՀՀ դրամի համարժեք մարզագույքով: