Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում հուլիսի 19-ին տեղի ունեցավ Եվրոպական միության, «Կարիտաս Ավստրիա»-ի և Ավստրիայի զարգացման հիմնադրամի կողմից համաֆինանսավորվող «Առաջին ներառական փուռ և սրճարան Գյումրիում» ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը: Ֆինանսավորվելով Եվրոպական միության, Ավստրիայի զարգացման համագործակցության և «Կարիտաս Ավստրիա»-ի կողմից՝ «Հայկական Կարիտաս»-ի կողմից իրականցվող «Առաջին ներառական փուռ և սրճարան Գյումրիում» ծրագիրը խրախուսում է հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը աշխատաշուկա՝ հենվելով նրանց կարողությունների զարգացման վրա։
Ծրագրի շրջանակներում 2018 սեպտեմբերի 14-ին Գյումրիում իր դռները բացեց տարածաշրջանում եզակի «Արեգակ» ներառական փուռ և սրճարանը՝ օգնելու համար բացահայտել հաշմանդամություն ունեցող երիտասարդների հնարավորությունները, ստեղծել ներառական միջավայր, բարձրացնել մարդկանց իրազեկվածությունը: Այստեղ Գյումրիի բնակիչներն ու հյուրերը հնարավորություն ունեն նաև վայելելու համեղ հացի տեսականի, թխվածքներ և սուրճ:
Գյումրիում ապրող հաշմանդամության խնդիրներ ունեցող շատ երիտասարդներ այսօր արդեն ոչ միայն մասնագիտություն, այլ նաև աշխատանք ունեն՝ հանդիսության ժամանակ իր ու ընկերների անունից նշեց ծրագրի շահառու Անուշ Մկրտչյանը: «Մենք արդեն կարող ենք ասել, որ կարող ենք: Արդեն մեկ տարի է, ինչ միասին ենք ու ծրագրի շնորհիվ ստացել ենք աշխատելու ու կայունանալու հնարավորություն: Մենք կարող ենք աշխատել և բոլորին ապացուցել, որ կարող ենք աշխատել »,- նշեց Անուշ Մկրտչյանը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ողջունելով միջոցառման բոլոր մասնակիցներին, նշեց՝ ի շնորհիվ այս ծրագրի ստեղծվեց մի անկյուն, որը համալրել է Գյումրու խորհրդանիշների շարքը: «Առանձնահատուկ ուրախ եմ այսօր և ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել «Կարիտաս Ավստրիա»-ին և Ավստրիայի զարգացման հիմնադրամին, ինչպես նաև «Հայկական Կարիտաս»-ին և «Էմիլի-Արեգակ» կենտրոնին, և ասել, որ սա լավագույն հաջողված ծրագրերից է, որը Գյումրին հայտնի է դարձրել»,-նշեց Պյոտր Սվիտալսկին՝ հույս հայտնելով, որ կենտրոնը կշարունակի իր գործունեությունը՝ պահելով իր բարի համբավը:
«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության նախագահ, հայր Ռաֆայել արք. Մինասյանը, շնորհակալություն հայտնելով ծրագիրն իրականացնող կառույցներին, առանձնակի շնորհակալություն հայտնեց այն ծնողներին, ովքեր քաջություն ունեցան իրենց երեխաներին ուղղորդելու կենտրոն ու վստահելու «Կարիտաս»-ին: «Շնորհակալություն պետք է հայտնեմ ոչ միայն մասնակիցներին, բարերարներին, այլ նաև մեր բոլոր զավակներին, ովքեր խանդավառությամբ, ուրախությամբ ու ժպիտով շարունակեցին արտահայտել իրենց կարողությունը»,- նշեց Հայր Ռաֆայել արք. Մինասյանը:
Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ծրագրի տնօրեն Տիգրանուհի Հակոբյանը, «Կարիտաս Ավստրիա»-ի ծրագրի ղեկավար Ռոբերտ Մուսբրուգերը: «Ներառական փուռը և սրճարանը հաշմանդամություն ունեցող անձանց օրինակելի աշխատավայր է, որտեղ նրանց համար ստեղծված միջավայրը լավագույնս ցույց կտա աշխատանքային լայն հնարավորությունները, որ ունեն վերապատրաստված անձինք»,-նշեց «Էմիլի Արեգակ» կենտրոնի տնօրեն Տիգրանուհի Հակոբյանը։
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ «Առաջին ներառական փուռ և սրճարան Գյումրիում» ծրագրի մասին պատմող հաշվետվության և ֆիլմի շնորհանդեսը: Իսկ «Հոկտեմբեր» կինոթատրոնի հարևանությամբ՝ Աբովյան փողոցում, անցկացվեց աշխատանքի տոնավաճառ, «Արատտա» բենդի համերգային ծրագրի ուղեկցությամբ: