Հզոր պետության հիմքը կրթված սերունդն է: Կարևորելով կրթության դերն ու նշանակությունը, ինչպես նաև յուրաքանչյուր երեխայի կրթություն ստանալու և ներառված լինելու իրավունքը, Հայկական Կարիտասը իր գործընկերների օգնությամբ շարունակում է աջակցել այն շահառուներին, ովքեր ունեն կրթական կարիքներ:

Այս անգամ էլ երեխաներին օգնելու պատրաստակամություն հայտնեց մեր գործընկեր Ավստրիական զարգացման գործակալությունը: Վերջինիս կողմից ֆինանսավորվող «Իմ իրավունքը: Ներառական կրթություն Հայաստանում» ծրագրի շահառու հաշմանդամություն ունեցող մի քանի երեխաների և ծրագրի թիրախ մանկապարտեզների տրամադրվեցին համակարգիչներ՝ հաշվի առնելով որոշ չափորոշիչներ:

Արտակարգ դրության պայմաններում, երբ կրթվելու միակ տարբերակը մնացել էր հեռավար ուսուցումը, հաշմանդամություն ունեցող շատ երեխաներ դժվարությամբ էին մասնակցում դասերին կամ ընդհանրապես դուրս էին մնացել կրթական գործընթացից՝ չունենալով համապատասխան տեխնիկական միջոցներ: Նոր ուսումնական տարին ևս հաշմանդամություն ունեցող երեխաների համար լի է մարտահրավերներով: Քանի որ շատ երեխաների, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների համար մեծ է վարակվելու ռիսկը, ԿԳՄՍ նախարարությունը որոշում է կայացրել, ըստ որի հաշմանդամություն և առողջական խնդիրներ ունեցող երեխաների մեծ մասը պետք է սովորեն հեռավար եղանակով: Իսկ շատ երեխաների դասերին մասնակցելու խնդիրը դեռևս լուծված չէ:

Անգամ մեկ երեխայի կրթական խնդիրները լուծելով՝ մենք մեր ներդրումը կունենանք կրթված սերունդ և հզոր պետություն ստեղծելու գործում:

Շնորհակալություն Ավստրիական զարգացման գործակալությանը՝ մեծ կարևորություն ունեցող նվիրատվության, մեզ վստահելու և մեր գործունեությանը աջակցելու համար: Մենք շարունակելու ենք աշխատել և պայքարել, որպեսզի Հայաստանում ոչ մի երեխա կրթությունից դուրս չմնա: