«Պատուական եղբայրներ եւ սիրեցեալ որդիներ ի Քիստոս, Դեռ լոյս աշխարհ չեկած՝ Քրիստոսը եւ Նրա երկրային ծնողները շատերի դռները բախեցին եւ մերժուեցին, մինչեւ որ օրրան գտան քարայրի մսուրի մէջ: Այն բոլոր չարչարանքները, զրկանքները եւ անտեսուածութիւնը, որ կրեց Քրիստոս՝ պատկերն է բոլոր նրանց, ովքեր այսօր չարչարւում են, տառապում, մերժւում եւ զրկւում իրենց ամենակարեւոր իրաւունքներից: Ուստի, մեր յորդորն է «Հայկական Կարիտասի» անձնակազմին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդեան լոյսը եւ դրանից ճառագող յոյսն ու ուրախութիւնը փոխանցել բոլոր նրանց, ովքեր ապրում են ծանր պայմաններում, քանզի, անգամ զրկանքի մէջ, Քրիստոս տուեց փրկութեան յոյսը եւ առաջնորդեց մեզ յաւիտենական կեանքի ճանապարհով: Եկէ՛ք վառ պահենք Սուրբ Ծննդեան լոյսը մեր բոլորի սրտերում եւ հոգիներում: Թո՛ղ որ մանուկ Յիսուսի սիրո ջերմութիւնը հալեցնի մեր սրտի սառոյցը, որպէսզի կարողանանք օգնութեան ձեռք մեկնել կարիքաւորին եւ տկարին, մխիթարենք տառապեալին՝ դարմանելով նրանց հոգու վէրքերը: Առանց Տիրոջ փրկարար լոյսի, աշխարհը մշտապէս կը մնար մեղքի խաւարում՝ դառնալով դրա գերին: Քրիստոս ծնուեց՝ անհաւատութեան մէջ նիրհող այս աշխարհի մեղքերի քաւութեան եւ հոգիների փրկութեան համար: Վստահեցնում եմ ձեզ, որ իմ անդադրում աղօթքներում էք բոլորդ: Հայցելով Ամենակալ Տիրոջ առատ երկնային շնորհները, հայրական սիրով մեր հայրապետական օրհնութիւնն ենք յղում ձեզ»: