Յուրաքանչյուր մարդ իր ներսում մի ամբողջ պատմություն է կրում։  Ոմանց պատմությունները լի են լուսավոր հիշողություններով, մյուսներինը՝ փորձություններով, կորստի ցավով ու չիրականացած երազանքներով։ Բայց կան մարդիկ, որոնց կյանքի ամենադժվար էջերն անգամ չեն կարողացել խլել սիրելու, հոգ տանելու և բարություն փոխանցելու կարողությունը։ Նրանցից մեկն է Նվարդ Սմբատի Մամփրեյանը։ Նվարդը ծնվել է 1943 թվականի հուլիսի 1-ին՝ Թեհրանում, բարեկեցիկ ու հարգված ընտանիքում։ Սակայն հայրենադարձությունից հետո նրա ընտանիքի կյանքը կտրուկ փոխվել է։ Հայաստանում հաստատվելուց հետո Նվարդի հորը սպանել են՝ ունեցվածքին տիրանալու նպատակով։ Կորստի ծանր վշտին չդիմանալով՝ 40 օր անց մահացել է նաև մայրը։ Այդպես Նվարդն ու իր երկու եղբայրներն ու քույրը հայտնվել են մանկատանը՝ վաղ տարիքից առերեսվելով կյանքի դաժան իրականությանը։ Տարիներն անցել են։ Երեխաները մեծացել են, յուրաքանչյուրն իր ճանապարհով գնացել։ Նվարդն ամուսնացել է՝ իր սրտում պահելով մայրանալու մեծ երազանքը։ Սակայն երկար տարիներ սպասված այդ երազանքն այդպես էլ չի իրականացել, և ամուսինը հեռացել է՝ նրան կրկին թողնելով կյանքի դժվարությունների դեմ միայնակ։ Երկար տարիներ Նվարդն ապրել է միայնակ։ Իսկ 2018 թվականին նրա կյանքում հայտնվել է Հայկական Կարիտասը։ Այդ հանդիպման մասին խոսելիս Նվարդը հաճախ կրկնում է․ «Օրհնվի էն օրը, որ դուք մտաք իմ կյանք»։

 

Այսօր Նվարդը Հայկական Կարիտասի  «Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տնային  պայմաններում խնամքի ծառայություններ (Արտաշատ)» ծրագրի  շրջանակներում օգտվում է  սոցիալական խնամքի, սոցիալական աշխատանքի և բուժքույրական ծառայություններից, ինչպես նաև «Տաք ձմեռ» ծրագրից։ Սոցիալական խնամող Լաուրա Կարապետյանը, սոցիալական աշխատող Նելլի Թաթոսյանն ու բուժքույր Վարդուհի Խաչատրյանը նրա կողքին են՝ իրենց ամենօրյա աշխատանքով, ուշադրությամբ ու հոգատարությամբ։ Նվարդը սիրով մասնակցում է նաև միջոցառումներին՝ դառնալով մեր համայնքի ջերմ ու հարազատ անդամներից մեկը։Նվարդի աչքերում մի ամբողջ կյանք կա՝ իր ցավերով, կորուստներով, չիրականացած երազանքներով, բայց նաև անսպառ բարությամբ ու ապրելու կամքով։Որովհետև երբեմն մարդու մեծագույն ուժը ոչ թե այն է, թե որքան ցավ է նա հաղթահարել, այլ այն, որ այդ ամենից հետո էլ կարողացել է սեր տալ։ Նվարդի պատմությունը հենց այդ մասին է։