Թվում է՝ ժամանակը կարող է սպիացնել վերքերը, մեղմել ցավը, հիշողությունից հեռացնել սարսափն ու վախը։ Բայց կան կորուստներ, որոնք ժամանակը չի կարող ջնջել։ Դրանց հետ պարզապես սովորում ես ապրել՝ հույսը պահելով ներսումդ և ամեն օր մի փոքր ուժ գտնելով առաջ գնալու համար։

Կարինա Ղազարյանը, չնայած երիտասարդ տարիքին, կյանքի ճանապարհին հասցրել է անցնել այնպիսի փորձությունների միջով, որոնք կարող էին կոտրել անգամ ամենաուժեղ մարդուն։ Նա կորցրել է ծնողներին, իսկ 2018 թվականին՝ նաև ամուսնուն։ Զինվորական ամուսինը զոհվել է Արցախում՝ ականազերծման աշխատանքների ժամանակ։ Այդ օրվանից Կարինան ինքը դարձավ իր երեք անչափահաս երեխաների հույսն ու ապավենը։

 

«Փոքրս այդ ժամանակ ընդամենը երեք տարեկան էր։ Չգիտեի՝ իմ վի՞շտը տանեի, թե՞ երեխաներիս հոգսը։ Այն ժամանակ նաև րոպե առ րոպե հարձակումների վտանգ կար, հետո՝ երկարատև շրջափակումը։ Երեխաներին ստիպված էինք բացատրել, որ խնդիրը միայն կոնֆետ գտնելը չէ, այլ նույնիսկ հաց ճարելն է դժվարացել։ Եթե մենակ լինեի, գուցե այդ ամենն այդքան ծանր չլիներ, բայց երեխաներս…»,- արցունքն աչքերին պատմում է Կարինան։

Մինչ ամուսնու մահը Կարինան մասնագիտություն չուներ, սակայն երեք երեխաներին միայնակ մեծացնելու համար նա պետք է աշխատեր։ Արցախում սկսեց թարթիչների լիցքավորում սովորել և փոքր պատվերներ ընդունել՝ փորձելով սեփական ուժերով ապահովել ընտանիքի կարիքները։ Բայց կյանքը նոր փորձություն էր պատրաստել։ Կարինան դեռ չէր հասցրել լիարժեք վայելել Ստեփանակերտի նոր բնակարանը, երբ ադրբեջանական հարձակման հետևանքով ստիպված եղավ լքել այն։ Երեխաների հետ տանից դուրս գալիս նա փորձում էր վերցնել միայն ամենաանհրաժեշտ իրերը։

 

«Ամեն րոպե մտածում էինք, որ ադրբեջանցիները կարող են մտնել մեր տուն։ Այդ պահին աչքիս ոչ մի բան չէր երևում, միայն ուզում էի երեխաներիս անփորձանք Ստեփանակերտից հանել։ Մի րոպե շուտ էի ուզում դուրս գալ: Մի լավ սփռոց ունեի, շատ էի սիրում։ Փաթաթեցի ու ասացի՝ սա ինձ հետ կտանեմ, ուր էլ գնամ»։ Այդ օրը Կարինան իր հետ վերցրեց ամուսնու դիմանկարը, նկարչուհի դստեր նկարները, փոքր որդու խաղալիքները և այդ սփռոցը։ Սփռոցը, որը տարիներ շարունակ փռվել էր ընտանիքի սեղանին, իր մեջ պահում էր նրանց ամենաթանկ հիշողությունները։ Այն հիշեցնում էր այն օրերը, երբ ընտանիքի բոլոր անդամները հավաքվում էին մեկ սեղանի շուրջ, միասին ճաշում, զրուցում և պարզապես ժամանակ անցկացնում։ «Սփռոցը մեր ընտանիքի տասը տարվա երջանիկ կյանքն էր»,-պատմում է Կարինան՝  լուռ արտասվելով։

2023 թվականին՝ Արցախից բռնի տեղահանության հետևանքով, Կարինան երեք երեխաների հետ տեղափոխվեց Հայաստան։ Սկսվեց նոր կյանքի փնտրտուքը՝ տարբեր բնակավայրերում, տարբեր վարձակալած տներում։ Որոշ ժամանակ ընտանիքն ապրեց Տաշիրում, ապա տեղափոխվեց Վաղարշապատ։ Վերջապես ընտանիքը կարողացավ Վաղարշապատում բնակարան ձեռք բերել՝ կառավարության տրամադրած բնակարանային հավաստագրի միջոցով։

 

Բնակարանը կատարյալ չէր. այն վերանորոգման կարիք ուներ, չուներ գազ և էլեկտրականություն, պատերը մռայլ էին, ջեռուցման համակարգ չկար։ Բայց Կարինայի համար ամենակարևորն այն էր, որ երեխաների համար վերջապես սեփական տանիք ունեին։

«Այս տունը որ ձեռք բերեցի, այնքան ուրախացա։ Առաջին օրը նույնիսկ ամբողջ գիշեր լաց եղա։ Գիտեի, որ Աստված ինձ օգնելու է, ու մի տեղ մի լույս բացվելու է։ Սրտիս խորքում զգում էի, որ մի լավ բան լինելու է։ Երեխաներս էլ են շատ ուրախացել։ Չնայած պատերը մռայլ են, ջեռուցման համակարգ չունենք, բայց չենք ընկճվում։ Գիտենք՝ մեր սեփական տանիքն ունենք, ու ամեն ինչ քիչ-քիչ կլինի»։

Կարինան սեփական ուժերով սկսեց կարգի բերել տունը՝ մաքրեց սենյակները, նորոգեց տան դուռը, լուծեց էլեկտրականության, ջրի և գազի խնդիրները։ Եվ հենց այդ ընթացքում նրա կյանքում հայտնվեց ևս մեկ կարևոր հնարավորություն։ Պատահական ծանոթներից մեկը, որը նախկինում օգտվել էր «Հայկական Կարիտասի» ծրագրերից և մասնագիտություն ձեռք բերել, Կարինային պատմեց կազմակերպության մասին։ Կարինան դիմեց՝ օգնության և նոր հնարավորություն գտնելու հավատով։ «Կարիտասի» սոցիալական աշխատողն այցելեց ընտանիքին, ուսումնասիրեց Կարինայի կարիքները և առաջարկեց մասնակցել մասնագիտական վերապատրաստման։ Կարինան երկար չմտածեց։ Նա որոշեց խորացնել նախկինում սովորած հմտությունները և ընդգրկվեց թարթիչների լիցքավորման դասընթացում։

 

«Դասընթացը շատ լավն էր։ Շատ խորն ու կարևոր գիտելիքներ ստացա։ Հրաշալի մասնագետ էր, որն իր գիտելիքները կիսեց ինձ հետ»,- պատմում է նա։

Դասընթացի ավարտից հետո Կարինան ոչ միայն նոր գիտելիքներ ստացավ, այլև անհրաժեշտ մասնագիտական պարագաներ։ Տան մի փոքրիկ անկյունում նա իր ուժերով ստեղծեց գեղեցկության համար նախատեսված հատուկ սենյակ։ «Հայկական Կարիտասի» տրամադրած պարագաներն արդեն իրենց տեղն ունեին, իսկ Կարինան՝ իր աշխատանքը շարունակելու հնարավորություն։

Այսօր նա արդեն ունի մի քանի մշտական հաճախորդ։ Փոքրիկ սենյակը նրա համար պարզապես աշխատանքի վայր չէ. այն նոր կյանքի սկիզբ է։

«Դժվարություններ կան, բայց արդեն նաև հույսն ու հավատը կան։ Եթե չլինեին իմ կողքին կանգնող մարդիկ և «Կարիտասը», այսքան բան չէի կարողանա անել։ Այն ամենը, ինչ Արցախում ունեի աշխատանքի համար, «Կարիտասի» շնորհիվ հիմա նորից այստեղ ունեմ։ Հիմա կարող եմ նորմալ հաճախորդներ ընդունել տանը։ Կարևորն ինձ համար ոչ միայն գիտելիքն ու ձեռք բերած իրերն են, այլ նաև «Կարիտասի» աշխատակիցների վերաբերմունքն ու հետևողականությունը»։

 

Կարինայի կյանքում շատ բան է փոխվել, բայց մի կորուստ կա, որի հետ նա չի կարողանում հաշտվել։ Նա չի կարող վերադարձնել ծնողներին ու ամուսնուն։ Չի կարող վերադառնալ այն տունը, որտեղ ընտանիքով ապրում էին, և այն սեղանի շուրջը, որի շուրջ տարիներ շարունակ հավաքվում էին բոլորը։ Բայց կարող է շարունակել ապրել նրանց հիշողությամբ։

Այսօր Կարինայի ավագ որդին՝ Ալեքսը, 17 տարեկան է և սովորում է ռազմական ուսումնարանում։ Մարիանան 15 տարեկան է, սովորում է գեղարվեստի քոլեջում, իսկ կրտսեր որդին՝ Արենը, 11 տարեկան է, դպրոցական։ Երեք երեխաների ապագան է հիմա Կարինայի ամենամեծ ուժը։

 

Սեփական տունը, նոր մասնագիտությունը և աշխատանք ունենալու հնարավորությունը նրա մեջ կրկին բացում են հույսի ճանապարհը։ Հույս, որ իր երեխաները կարող են ոտքի կանգնել, կրթություն ստանալ և իրենց կյանքը կառուցել։

…Իսկ Ստեփանակերտից իր հետ բերված սփռոցը կրկին փռվում է սեղանին։ Այժմ այդ սեղանի շուրջ Կարինան ու իր երեխաներն են։ Սփռոցը շարունակում է պահել անցյալի հիշողությունը, բայց այլևս միայն անցյալի մասին չէ։ Այն դարձել է ապագայի խորհրդանիշ՝ այն հավատքի, որ նույնիսկ ամենամեծ կորուստներից հետո հնարավոր է նորից տուն ստեղծել, աշխատել, երեխաների կողքին կանգնել և շարունակել ապրել։

 

«Three4ResilientArmenia» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության, «ԻՐԻՍ» բիզնես ինկուբատոր հիմնադրամի և «Իմփաքթ Հաբ Արմենիա» սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամի կողմից։ Ծրագրի նպատակն է նպաստել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների և հյուրընկալող համայնքների սոցիալական ներառմանն ու տնտեսական ինտեգրմանը։

 

Արմենուհի Մխոյան