«Հայկական Կարիտաս»-ը հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:

«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ներքին ջանքերը առավել խոցելի սոցիալական խմբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականացմանը:

«Հայկական Կարիտաս»-ը գործունեության սկզբից ի վեր ցուցաբերել է անմիջական աջակցություն հազարավոր մարդկանց Հայաստանի 125 համայնքներում:

«Սիրով ու սրտացավությամբ ծառայել տարբեր խոցելի խմբերի` հարգելով յուրաքանչյուրի արժանապատվությունը». սա է առաքելությունը, որ իրականացնում է «Հայկական Կարիտաս»-ը: Վերջինիս տեսլականն է լինել հզոր և կարևոր դերակատար Հայաստանի Հանրապետությունում սոցիալական արդարության և սոցիալական պաշտպանության հարցում:

«Հայկական Կարիտաս»-ն ունի 7 հիմնական ուղղություն.

  • Երեխաների սոցիալական պաշտպանություն
  • Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառում
  • Տարեցների սոցիալական ներառում  եվ խնամք
  • Աղետների ռիսկի նվազեցում եվ արագ արձագանք արտակարգ իրավիճակներին
  • Համայնքային զարգացում
  • Միգրացիա եվ ինտեգրացիա
  • ՀԿ-ի կազմակերպական զարգացումը

Կազմակերպությունը կողմնակից է նաև ներառական կրթության և համայնքահեն սոցիալական ծառայության այլընտրանքային մոդելի ինտեգրմանը:

«Հայկական Կարիտաս»-ը, ի թիվս առաջնային ծրագրերի, ունի նաև տարեցների տնային խնամքի սոցիալական մոդել և համայնքային զարգացման նախաձեռնություններում մասնակցային մոտեցում:

«Հայկական Կարիտաս»-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Գյումրիում, ունի 230 աշխատակից ու ավելի քան 80 կամավոր: «Հայկական Կարիտաս»-ը շարունակում է ընդլայնել իր ծառայությունները Հայաստանում, գործում է Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Արարատի մարզերում, ինչպես նաև Երևան քաղաքում: Այսօր «Հայկական Կարիտաս»-ը հպարտանում է ամուր ինստիտուցիոնալ բազայով, հստակ սահմանված առաքելությամբ և տեսլականով, տեղական ու միջազգային բազմաթիվ գործընկերներով: Այն զարգացնում է իր հզոր ներուժը, որպեսզի աճող կարողություններով ծառայի շահառուներին:

«Հայկական Կարիտաս»-ը Կարիտասի Ինտերնացիոնալիզի և Կարիտաս Եվրոպայի անդամ է` ավելի քան 160 անդամից կազմված Կարիտասի միջազգային ցանց, որն արտակարգ իրավիճակներում աջակցություն ու օգնություն է տրամադրում աշխարհի բոլոր երկրներին: