Գաղթի և կյանքի հատվող ճանապարհին

Դա մի սովորական աղքատիկ բնակարան էր… որտեղ շուրջ 26 տարի ապրում են ծեր ամուսինները: Մենք այցելեցինք նրանց պատահական ձմեռային մի օր: Ամասիայի դաշտերը ամբողջովին սպիտակ էին, այնքան անաղարտ, այնքան մաքուր էր ամեն ինչ: Երկինքը նույնպես սպիտակ էր, կամ էլ, գուցե, հենց երկրի ճերմակությունն էր նրան այդպիսին դարձրել: Գյուղում օդը թեթև ու եթերային էր, զարմանալի հանգստություն կար այդ խաղաղ ու սառը օդում: Արեստ պապն ու նրա փոքրամարմին կինը սպասում էին մեզ և ողջունեցին ինչպես իրենց հարազատներին կողջունեին: Նրանց աչքերում կարոտ կար, որը, մի պահ, չկարողացա ինձ վերագրել, քանի որ առաջին անգամ էի նրանց հանդիպում: Արեստ պապը ծնվել է Շահումյանի շրջանի Քարաչինար գյուղում՝ 1933 թվականին: