Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանն այսօր ստորագրել են համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր, որով պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել Հայաստանի Հանրապետությունում համայնքների կայուն զարգացմանն ուղղված համագործակցային համակարգված քայլեր:

Հուշագրի նպատակն է զարգացնել երկկողմ գործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, արդյունավետ կառավարման մեխանիզմների ներդրման, խոշորացված համայնքներում տնտեսական զարգացմանն ու բարեփոխումներին ուղղված ծրագրերի իրականացման և համայնքային կյանքի բարգավաճմանն ուղղված մի շարք այլ ոլորտներում: Հուշագիրը նպատակ ունի նպաստել նաև ֆոնդհայթայթման հնարավորությունների ընդլայնմանը:

Նախարար Սուրեն Պապիկյանը շեշտել է հուշագրի ստորագրման նախադեպային բնույթը և հույս հայտնել, որ սա օրինակ կհանդիսանա համայնքների զարգացման հեռանկարներով հետաքրքրված կազմակերպությունների և անհատների համար՝ այս տարբերակով իրենց նպաստն ունենալ համընդհանուր հզորացմանն ուղղված կարևոր գործում. «Մենք մշակում ենք նոր մեխանիզմներ, որոնցով ավելի տարածական և մասնակցային կդարձնենք համայնքների կառավարումը և բարձր ենք գնահատում շահագրգիռ կողմերի աջակցությունն այս գործընթացում»,- նշել է նախարարը:

«Հայկական Կարիտաս»-ի գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանն իր հերթին կարևորելով հուշագրի ստորագրման իրողությունը՝ հաստատել է համատեղ գործողությունների ներդաշնակեցմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլեր իրականացնելու՝ կազմակերպության ցուցաբերած պատրաստակամությունը:
Հուշագրի ստորագրումով պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում նախատեսվող համայնքների զարգացմանն ուղղված պետական ծրագրերը համաֆինանսավորմամբ իրականացնելու վերաբերյալ: