Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 11-ին այցելել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության Գավառի «Փոքրիկ Իշխան» ցերեկային խնամքի սոցիալական կենտրոն։ Այցի ընթացքում կենտրոնի համակարգող Սոնա Խաչիկյանը Պաշտպանին է ներկայացրել հաստատության գործունեության պատմությունը, իրականացվող ծրագրերը, ինչպես նաև սաների առօրյան ու նրանց զարգացմանն ուղղված կրթական նախաձեռնությունները։

 

Այնուհետև տեղի է ունեցել հանդիպում կենտրոնի սաների և նրանց ծնողների հետ, որի ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող հարցեր, իրավունքների մշակույթի ձևավորման կարևորությունը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության լիազորությունների շրջանակը։ Անահիտ Մանասյանը կարևորել է նմանօրինակ անմիջական շփումները՝ ընդգծելով, որ իրավունքների պաշտպանությունը սկսվում է մարդու արժանապատվության, հավասարության և հանդուրժողականության գաղափարների արժևորմամբ։ Նա հատուկ նշել է, որ առանց պատշաճ կրթության հնարավոր չէ ունենալ իրավունքների պաշտպանության կայուն համակարգ, և որ ցանկացած բնագավառում առաջնային պետք է լինեն պրոֆեսիոնալիզմն ու բարեվարքությունը։

 

Պաշտպանը երեխաներին և երիտասարդներին է ներկայացրել իր գործունեության հիմնական ուղղություններն ու ոլորտի մարտահրավերները՝ շեշտելով նրանց ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ՄԻՊ երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի գործունեությանը և «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախաձեռնությանը։ Անահիտ Մանասյանի խոսքով՝ համակարգի արդյունավետությունը պայմանավորված է երիտասարդների գիտակից մասնակցությամբ, ուստի կարևոր է ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուրը հնարավորություն կունենա արտահայտել իր կարծիքն ու մասնակցել որոշումների կայացմանը։ Այցի ավարտին Պաշտպանը շրջայց է կատարել կենտրոնի տարածքում և ծանոթացել անձնակազմի աշխատանքային պայմաններին։