Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է: «Իմ իրավունքը: Ներառական կրթություն Հայաստանում» ծրագրի շրջանակներում ծրագրում ներգրավված երեխաների և նրանց ծնողների մասնակցությամբ կազմակերպվեց այց «Հայկական Կարիտաս»-ի Գյումրու «Փոքրիկ Իշխան» կենտրոն: Ճանաչողական այցի ընթացքում երեխաները ծանոթացան կենտրոնի շահառու երեխաների հետ: Այնուհետև կենտրոնի աշխատակիցները ծնողներին ներկայացրեցին, թե ինչ չափանիշներով են ընտրվում կենտրոնի շահառու երեխաները, ինչպիսի աշխատանք է տարվում նրանց հետ և ինչպիսի խմբակներ կան կենտրոնում: Այդ ընթացքում բոլոր երեխաները միասին հասցրեցին մասնակցել խոհարարության, սպորտի, նկարչության և երաժշտության խմբակներին: Միջոցառման ավարտին անակնկալ մատուցվեց բոլոր երեխաներին. նրանք բոլորը միասին զարդարեցին կենտրոնի տոնածառը: Ծրագրի ղեկավար Գայանե Նորիկյանը ծնողներին ներկայացրեց, որ Հայաստանում շատ կան այսպիսի կենտրոններ, և դա իրենց երեխաների իրավունք է օգտվել նմանատիպ կենտրոնների մատուցած ծառայություններից: Կենտրոն այցելած երեխաները իրենց նոր ընկերներին խոստացան, որ իրենք ևս հաճախելու են «Փոքրիկ Իշխան» ցերեկային խնամքի կենտրոն: