Ծրագրի տևողությունը՝ 2022.01.03 – առ այսօր

Շահառուների թիվը՝ 120

Վայրը՝  Գյումրի, Գավառ, Վանաձոր, Արտաշատ

Նախապատմություն 

Հայաստանում ամսական եկամուտը համեմատաբար ավելի ցածր է, քան այն գումարի չափը, որն անհրաժեշտ է նորմալ կենսապայմաններ ապահովելու համար: Ներկայումս Հայաստանում միայնակ մայրերը չեն կարող լիարժեք կերպով ապահովել իրենց հիմնական առօրյա կարիքները: Ընդհանուր առմամբ, վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանում միայնակ մայրերի սոցիալ-տնտեսական վիճակը չի բարելավվել. ընդհակառակը, ավելի է վատթարացել: Անվճար առողջապահական ծառայությունը հասանելի է միայն նրանց համար, ովքեր ունեն հատուկ արտոնություններ: Ավելի լավ առողջապահական ծառայություններ ապահովելու և կյանքի որակը բարձրացնելու համար կառավարությունը աննշան աջակցություն է տրամադրում միայն տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց: Միայնակ մայրերին վերաբերող հարցերի լուծմանն ուղղված պետական և ոչ պետական ծրագրերի քանակը շատ սահմանափակ է, քանի որ այդ ծրագրերը հիմնականում ուղղված են տարեցների ամենախոցելի խմբերին: Միայնակ մայրերը շատ դեպքերում չեն օգտվում բարեգործական և մարդասիրական օգնություն տրամադրող պետական կառույցների, սոցիալական ապահովության բաժինների, առողջապահական հաստատությունների կամ բարեգործական հասարակական կազմակերպությունների կողմից տրամադրվող օգնություններից: 2017 թ.-ին «Սոցիոմետր» հետազոտական կենտրոնի կողմից անցկացված հետազոտության համաձայն Հայաստանում բնակչության մոտ 42 տոկոսն ապրում է աղքատության մակարդակից ցածր պայմաններում: Հայաստանում աղքատության հիմնական պատճառներից մեկը աշխատատեղերի պակասն է: Տղամարդկանց մեծամասնությունը մեկնում է ՌԴ արտագնա աշխատանքի: Ըստ որոշ հետազոտությունների հայ բնակչության գրեթե 14 տոկոսն արտագաղթել է այլ երկիր՝ աշխատանք գտնելու նպատակով: Այս խնդիրը հաղթահարելու համար երկրում ավելի շատ աշխատատեղեր պետք է ստեղծվեն: Ներկայումս Հայաստանում աշխատատեղերի մեկ քառորդը ցածր վարձատրվող է, ուստի ավելի շատ պետք է ստեղծվեն միջին եկամուտով աշխատատեղեր:

Հայաստանում կանանց մոտ 70 տոկոսը գործազուրկ է, իսկ աշխատունակ տարիքի կանանց միայն 55 տոկոսն է զբաղված տնտեսությունում: Ակնհայտ է, որ միայնակ մայրերը շատ բնագավառներում ունեն զգալի տնտեսական և սոցիալական խնդիրներ:  «Հայկական Կարիտաս»-ը, հիմնվելով իր սոցիալական ծրագրերի իրագործման մեծ փորձի վրա, նպատակ ունի բարելավել Գյումրիում, Վանաձորում, Գավառում և Արտաշատում բնակվող առավել խոցելի վիճակում գտնվող 30 միայնակ մայրերի կենսապայմանները՝ նրանց տրամադրելով դեղորայք, վառելափայտ, սննդամթերք, հիգիենիկ պարագաներ և գրենական պիտույքներ:

Նպատակը՝

 Միայնակ մայրերի սոցիալական վիճակի բարելավում Գյումրիում, Գավառում, Վանաձորում, Տաշիրում և Արտաշատում (120 շահառու):

Խնդիրները՝

30 միայնակ մայրերին (90 երեխա) տրամադրել սննդամթերք, հիգիենիկ պարագաներ, գրենական պիտույքներ, դասագրքեր, վերմակներ / սպիտակեղեն / սրբիչներ, վառելիք, դեղորայք և այլն:

Գործընկերներ՝  Մերձավոր Արեւելքի Կաթողիկե Բարեգործական Ասոցիացիա

Բյուջե՝ 32,351.00  $

Ծրագրի ղեկավար՝ Գագիկ Տարասյան