Հայկական Կարիտասի «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի համագաղափարակիրները հերթական անգամ միասին հավաքվեցին, աշխատեցին եւ առաջընթաց գրանցեցին՝ այս անգամ ֆորում թատրոնի շրջանակներում:

Ֆորում թատրոնի նպատակն էր՝ ցույց տալ, թե ինչպես անհատը կարղ է պայքարել և հասարակության հետ միասին հասնել իր երազանքին։ Ֆորում թատրոնում հանդիսատեսը ցանկացած ժամանակ կարող է կանգնեցնել ներկայացումը և փոխարինել դերակատարներից յուրաքանչյուրին, բացի՝ “ճնշողից” եւ ներկայացնել տվյալ իրավիճակից ելքի ուղիները:

Սցենարի հեղինակն էր Գյումրու Մտորումների թատրոնի տնօրեն, դերասան, ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանը: Վերջինս նաև բեմադրության հեղինակն էր, իսկ դերերում ոչ թե արհեստավարժ դերասաններ էին, այլ՝ ծրագրի համագաղափարակիր երիտասարդները: Սա հնարավորություն էր ևս մեկ անգամ արվեստի և անհատական մոտեցումների տեսանկյունից խոսելու ներառական կրթության հիմնական խնդիրների և դրանց հնարավոր լուծումների մասին՝ ներառելով նաև հանդիսականներին և հրավիրելով նրանց իրենց հույզերով և մտահղացումներով ազդելու ներկայացման վրա: