Նպատակ՝ բարձրացնել անհատական և համայնքային դիմակայունությունն աղետների հանդեպ պատրաստվածության, արագ արձագանքման և վերականգնման միջոցով:
Այս ռազմավարական ծրագրերի ընդհանուր նպատակն է բարձրացնել ՀԿ-ի աշխատակազմի, շահառուների և այլ շահագրգիռ կողմերի պատրաստվածությունը գիտելիքների շարունակական տրամադրման, կարողությունների զարգացման ու ռեսուրսների հարստացման միջոցով: Առաջնային է համարվում նաև հնարավոր արտակարգ իրավիճակների ժամանակ բնակչության մեջ անհրաժեշտ գիտելիքների ու վարքագծային հմտությունների ձևավորումը:
Ծրագիրը նպատակաուղղված է գործողությունների ու միջոցառումների իրականացմանը երեք մակարդակներում՝ հնարավոր արտակարգ իրավիճակներից ու աղետներից առաջ, ընթացքում և հետո:
Նախաձեռնություններ կիրականացվեն համայնքներում բնակչության կայունության և նրանց հանրային իրազեկման մակարդակների բարձրացման, արտակարգ իրավիճակների ժամանակ ճիշտ կողմնորոշվելու հմտությունների, անհրաժեշտ տեխնիկական միջոցների ու հարմարանքների ձեռքբերման, հնարավոր վնասների կանխարգելման ուղղություններով: Այս բոլորը պետք է իրականացվեն շահագրգիռ այլ կողմերի հետ համագործակցությամբ և գործողությունների համակարգմամբ:
Արդյունք 4.1. Համայնքներում ու բնակչության շրջանում բարձրացված են աղետներին դիմակայունությունն ու պատրաստվածությունը:
Բոլոր համայնքներն ու անհատներն այս կամ այն կերպ խոցելի են աղետների ռիսկի նկատմամբ: Անցյալում ունեցած փորձը ցույց է տվել աղետներից հետո դրանց արձագանքելու անարդյունավետությունը: Մոտեցումը պետք է վերափոխվի՝ արձագանքումից դեպի կանխարգելիչ: Համայնքներին և անհատներին սպառնացող հնարավոր վտանգների գիտակցումը ռիսկի կառավարման գործընթացում առաջին արդյունավետ քայլն է: ՀԿ-ի աղետների ռիսկի կառավարման ռազմավարությունը նպատակ ունի բացահայտելու աղետների ռիսկերը, բարձրացնելու ռիսկային գոտիներում գտնվող համայնքների բնակչության իրազեկվածության մակարդակը և նպաստելու աղետների ռիսկի կառավարման համար պատասխանատու կառավարական մարմինների կարողությունների ու հմտությունների ձեռքբերմանը: Հատուկ ուշադրություն է հատկացվելու ռիսկի վնասների հնարավորինս կրճատմանը, այլ ոչ թե աղետների հետևանքների վերացմանը հետաղետյան շրջանում: Առավել դիմակայուն համայնքներ ունենալու համար տրամաբանական բոլոր միջամտությունները պետք է համակցվեն ՀԿ-ի այլ ծրագրերի:
Արդյունք 4.2. Աջակցել արձագանքմանը և վերականգնմանը, տրամադրել մարդասիրական օգնություն աղետներից ու ճգնաժամային այլ իրավիճակներից տուժած համայնքներին:
ՀԿ-ն նպատակ ունի նվազեցնելու ամենակարիքավորների տառապանքը և օգնելու աղետներից վնասված համայնքներին: Օգնությունը կսկսվի արագ արձագանքից և կշարունակվի աղետներից տուժած համայնքների հիմնական գործառույթների վերականգնումով: Աջակցությունը կլինի ժամանակին և համապատասխանաբար: Աղետների ռիսկի նվազեցման ռազմավարությունը սերտորեն պայմանավորված է ծրագրային այլ թիմերով, որպեսզի հնարավորություն ստեղծվի փոխհամագործակցություն ձևավորելու, օրինակ՝ համայնքային զարգացման և միգրացիայի ու ինտեգրացիայի թիմերով, նաև այն թիմերով, որոնք կարող են աջակցություն ցուցաբերել ճգնաժամի դեպքում:
Մարդասիրական օգնություն տրամադրելու համար ՀԿ-ն պատրաստ է համագործակցելու իր գործընկերների և հումանիտար առաքելություն ունեցող այլ կազմակերպությունների հետ՝ համաձայն Sphere (Մարդասիրական գործունեության կանոնադրություն և մարդասիրական օգնության նվազագույն չափորոշիչներ) ծրագրի չափորոշիչների: ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի աղետների կառավարման երկրի թիմի (UN OCHA DMCT) կլաստերները կգործեն որպես առաջնային օժանդակության կառավարման հիմնական կառույցներ: Միևնույն ժամանակ Արտակարգ իրավիճակների նախարարության և ռազմավարական գործընկերների հետ ուղղակի համագործակցությունը կբարձրացնի տրամադրված օգնության արդյունավետությունը:
Արդյունք 4.3. Զարգացել է ՀԿ-ի ունեցած կարողություններն աղետների ռիսկի կառավարման և մարդասիրական օգնության տրամադրման ոլորտներում:
Հաշվի առնելով ռազմավարական ուղղության կարևորությունը՝ ՀԿ-ն պետք է ապահովի կազմակեպության կարողության շարունակական աճը աղետների ռիսկի կառավարման և մարդասիրական օգնության տրամադրման ոլորտում: Դրան հասնելու համար վերը նշված ուղղություններում կստեղծենք ՀԿ-ի աշխատակազմի անդամների անհատական և ողջ ՀԿ-ի ինստիտուցիոնալ կարողությունների կուռ համակարգ, ակտիվորեն կմասնակցենք ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի աղետների կառավարման երկրի թիմի կլաստերների աշխատանքներին, կհաստատենք և կամրապնդենք համագործակցությունը մարդասիրական օգնության տրամադրման ոլորտում, ձեռք կբերենք մարդասիրական օգնության տրամադրման համար պահուստային պայմանագրեր, կձեռնարկենք յուրաքանչյուր միջոց՝ ուղղված ՀԿ-ի կարողությունների բարձրացմանը` աղետների և այլ ճգնաժամերի դեպքում ժամանակին արդյունավետ օգնություն ցուցաբերելու համար: