Փորձագիտական ծառայության ձեռքբերման համար՝ սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության հավաստագրման տեղեկատվական համակարգի տեխնիկական առաջադրանքի մշակման նպատակով

 

  1. Կազմակերպության նախապատմությունը և առաքելությունը

«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն Հայաստանում սոցիալական ծառայությունների մատուցման և համակարգային բարեփոխումների առանցքային դերակատարներից մեկն է, որի գործունեության հիմքում ընկած է խոցելի խմբերի արժանապատիվ կյանքի իրավունքի պաշտպանությունը։ Կազմակերպությունը սերտորեն համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ) հետ՝ հանդիսանալով պետության վստահելի գործընկերը սոցիալական պատվիրակման շրջանակում։

Երեխաների պաշտպանության ոլորտում այս գործընկերության հաջողված օրինակներն են.

  • «Սաբինե»» փոքր խմբային տունը. Հանդիսանալով ապաինստիտուցիոնալացման գործընթացի կարևորագույն մոդել, այս ծրագիրը տրամադրում է երեխաների շուրջօրյա խնամք ընտանեկանին առավելագույնս մոտ միջավայրում՝ ապահովելով լիարժեք զարգացում և համայնքային ներառում։
  • «Փոքրիկ Իշխան» երեխաների ցերեկային կենտրոնները. Ծրագրերն իրականացվում են պետական համաֆինանսավորմամբ՝ մատուցելով համակողմանի սոցիալ-հոգեբանական ծառայություններ դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և նրանց ընտանիքներին՝ կանխելով երեխաների մուտքը շուրջօրյա հաստատություններ։

 

Սոցիալական ծառայությունների հավաստագրման համակարգի թվայնացումը հանդիսանում է այս գործընթացի տրամաբանական շարունակությունը, որն իրականացվում է Կարիտաս Ավստրիայի միջնորդությամբ՝ Ավստրիայի Տիրոլի երկրամասի կառավարության կողմից ֆինանսավորվող «Հաստատությունների վերափոխում» ծրագրի շրջանակում:

 

  1. Նպատակը

Նպաստել ՀՀ կառավարության ապաինստիտուցիոնալացման ռազմավարությանը՝ հետևյալ ուղղություններով.

  1. Ծառայությունների որակի ստանդարտացում. Թվային համակարգը թույլ կտա կիրառել միասնական որակական պահանջներ բոլոր այն կազմակերպությունների համար, որոնք ցանկանում են մատուցել սոցիալական ծառայություն՝ համաձայն ՀՀ Կառավարության ծառայություն տրամադրելու հավաստագրման կարգի, պայմանների, հավաստագրի կասեցման, ինչպես նաեւ հավաստագրված անձանց ռեեստրի վարման կարգի որոշման։ Հայտատուների կողմից հավաստագրման հայտերի ներկայացման, անհրաժեշտ տվյալների լրացման, փաստաթղթերի ներբեռնման, էլեկտրոնային ստորագրման և տվյալների մշակման համաձայնության տրամադրման գործընթացի թվայնացում՝ N 195-Ն որոշման N 1 հավելվածի պահանջներին համապատասխան։
  2. Հավաստագրման հանձնաժողովների, նախարարության իրավասու աշխատողների, հայտատուների, հավաստագրված անձանց և տեսչական մարմնի համար անհրաժեշտ գործառույթների, կարգավիճակների, ծանուցումների և փաստաթղթաշրջանառության սահմանում՝ որոշմամբ նախատեսված ժամկետների և ընթացակարգերի պահպանման համար։
  3. Հավաստագրված անձանց ռեեստրի վարում տեղեկատվական համակարգի միջոցով՝ ներառելով հավաստագրված անձանց, հավաստագրերի, ընթացիկ գործունեության, ստուգումների, վարչական իրավախախտումների, ինչպես նաև հավաստագրի վերաձևակերպման, կասեցման և դադարեցման վերաբերյալ տվյալները։

 

  1. Ակնկալվող վերջնարդյունքներ

Փորձագետը պարտավորվում է ներկայացնել ապագա տեղեկատվական համակարգի ամբողջական տեխնիկական առաջադրանքը, որը պետք է առնվազն ներառի հետևյալ բաժինները և պահանջները.

  1. «Օգտատերերի դերեր և հասանելիություններ» մոդուլ՝ սահմանում է տեղեկատվական համակարգի բոլոր հիմնական դերակատարների շրջանակը, նրանց իրավասությունները, հասանելիության մակարդակները և գործողությունների սահմանները՝ ներառելով առնվազն հայտատուի, հավաստագրված կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ, նախարարության իրավասու աշխատողի, հավաստագրման հանձնաժողովի նախագահի, քարտուղարի և անդամների, ներգրավվող մասնագետի, նախարարի և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և առողջապահական տեսչական մարմնի դերերը։
  2. «Հայտի տվյալների և փաստաթղթերի կառուցվածք» մոդուլ՝ մանրամասնում է հայտում ներառվող և տեղեկատվական համակարգ ներբեռնվող տվյալների ու փաստաթղթերի կազմը՝ ըստ N 195-Ն որոշման N 1 հավելվածի 17-րդ կետի, ներառյալ ՀՎՀՀ-ով ինքնաշխատ ստացվող տվյալները, անշարժ գույքի տվյալները, հավաստագրման ենթակա գործունեության տեսակը, իրականացման վայրը կամ սպասարկման տարածքը, հաստիքները, մասնագետների որակավորումը, նախորդ փորձը, ծրագրի նկարագրությունը, անվտանգության և հակահրդեհային ազդարարման վերաբերյալ տվյալները, ինչպես նաև որոշմամբ պահանջվող այլ տվյալները։
  3. «Հայտատուի նույնականացում և հայտի ներկայացում» մոդուլ՝ ապահովում է հայտատուի անհատական օգտահաշվի ստեղծման, նույնականացման, հայտի առցանց լրացման, անհրաժեշտ փաստաթղթերի գունավոր լուսապատճենների ներբեռնման, տվյալների մշակման համաձայնության տրամադրման և հայտի էլեկտրոնային թվային ստորագրման գործընթացների նկարագրությունը՝ N 195-Ն որոշմամբ սահմանված կարգով։
  4. «Հայտերի ընդունում, կարգավիճակներ և նախնական ստուգում» մոդուլ՝ նկարագրում է հայտի մուտքագրման պահը, հայտի կարգավիճակների փոփոխությունը, «Ընդունված է ուսումնասիրության» կարգավիճակի տրամաբանությունը, ոչ էական թերությունների հայտնաբերման դեպքում հայտատուին ծանուցելու և թերությունները շտկելու գործընթացը, ինչպես նաև հայտի՝ հավաստագրման հանձնաժողովին փոխանցման նախադրյալները։
  5. «Հավաստագրման հանձնաժողովների աշխատանքների կազմակերպում» մոդուլ՝ ապահովում է հայտի հանձնարարումը համապատասխան հավաստագրման հանձնաժողովին, նիստերի և առցանց նիստերի կազմակերպումը, քվորումի ապահովումը, փոխկապակցված անձ չհանդիսանալու հայտարարության ստորագրումը, ինքնաբացարկի գործընթացը, անհրաժեշտության դեպքում մասնագետի ներգրավումը, գործունեության իրականացման վայր այցելության արձանագրության կազմումը, հանձնաժողովի եզրակացության ձևավորումը և էլեկտրոնային ստորագրումը։
  6. «Վարչական ակտեր, բողոքարկում և հավաստագրեր» մոդուլ՝ նկարագրում է նախարարի վարչական ակտերի ընդունման, տվյալների մուտքագրման և հայտատուին ուղարկման գործընթացը, հավաստագրումը կամ հավաստագրումը մերժելու մասին որոշումների արտացոլումը, բողոքարկման հնարավորությունը, հավաստագրի ինքնաշխատ գեներացումը, նախարարի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացումը, հավաստագրի ուժի մեջ մտնելը և հայտատուին ուղարկումը։
  7. «Հավաստագրված անձանց ռեեստրի վարում» մոդուլ՝ նկարագրում է հավաստագրված անձանց ռեեստրի վարումը տեղեկատվական համակարգի միջոցով՝ ներառելով հավաստագրված անձանց տվյալները, հավաստագրի տվյալները, հավաստագրված գործունեության ընթացիկ տեղեկությունները, ստուգումների և վարչական իրավախախտումների վերաբերյալ տվյալները, ինչպես նաև հավաստագրի վերաձևակերպման, կասեցման և դադարեցման վերաբերյալ տեղեկությունները։
  8. «Հավաստագրի վերաձևակերպում, պայմանով հավաստագրում, կասեցում և դադարեցում» մոդուլ՝ նկարագրում է հավաստագրի վերաձևակերպման, պայմանով հավաստագրման, հավաստագրի գործողության կասեցման և դադարեցման հիմքերը, ժամկետները, ծանուցումները, հանձնաժողովի եզրակացության պահանջվող կամ չպահանջվող դեպքերը, տեսչական մարմնի միջնորդությունների կամ տվյալների ներգրավումը և նախարարի վարչական ակտերի հետ կապը։
  9. «Ժամկետների վերահսկում և ծանուցումներ» մոդուլ՝ ապահովում է N 195-Ն որոշմամբ նախատեսված ժամկետների հաշվառումը, ավտոմատ հիշեցումները, հայտատուներին, հավաստագրված անձանց և համապատասխան դերակատարներին տեղեկատվական համակարգի միջոցով ծանուցումների ուղարկումը, ինչպես նաև հավաստագրի ժամկետի ավարտի և վերահավաստագրման անհրաժեշտության վերաբերյալ ծանուցումները։
  10. «Պետական շտեմարանների հետ փոխգործելիություն և ծրագրային ապահովման մշակման տեխնիկական ուղեցույց» մոդուլ՝ նկարագրում է պետական և այլ տեղեկատվական համակարգերից տվյալների ինքնաշխատ ստացման, ստուգման, մուտքագրման կամ փոխանակման պահանջները, ներառյալ՝ Բնակչության պետական ռեգիստրի, ազգային նույնականացման հարթակի, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, ՊԵԿ-ի, Կադաստրի կոմիտեի, e-work.am հարթակի, բուժաշխատողների ռեգիստրի, «112» գրասենյակի, ՔԿԱԳ տվյալների շտեմարանի և տեսչական մարմնի հետ փոխգործելիությունը։ Մոդուլը պետք է ներառի նաև ծրագրային ապահովում մշակող կազմակերպության համար տեխնիկական ուղեցույցը՝ տվյալների դաշտերի, կարգավիճակների, փաստաթղթերի, ծանուցումների, էլեկտրոնային ստորագրությունների, վարչական ակտերի, հավաստագրերի և ռեեստրի տվյալների կառուցվածքային նկարագրությամբ։

 

  1. Մասնագիտական որակավորման պահանջներ
  • Բարձրագույն կրթություն ՏՏ կամ համակարգային վերլուծության ոլորտում։
  • Պետական կամ միջազգային կառույցների համար տեղեկատվական համակարգերի մշակման առնվազն 5 տարվա փորձ։
  • ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտի, էլեկտրոնային կառավարման գործիքակազմի և պետական տեղեկատվական համակարգերի փոխգործելիության սկզբունքների իմացություն։
  • Իրավական ակտերի պահանջները տեղեկատվական համակարգի գործառութային, տվյալային, դերային և փոխգործելիության պահանջների վերածելու փորձ և հմտություն։

 

  1. ժամկետները և դիմելու կարգը

Համաձայն «Հայկական Կարիտասի» գնումների ընթացակարգի՝ թեկնածուները պետք է ներկայացնեն.

  • Ինքնակենսագրություն (CV), որտեղ հստակ նշված է նմանատիպ աշխատանքների փորձը,
  • Տեխնիկական առաջարկ (աշխատանքային մեթոդաբանություն և գործողությունների պլան),
  • Ֆինանսական առաջարկ (ներառյալ բոլոր հարկերը):

 

Դիմումները պետք է ուղարկվեն procurement@caritas.am եւ a.gevorgyan@caritas.am էլ. Հասցեներին՝ վերնագրում նշելով «Հավաստագրման համակարգի ՏԱ փորձագետ»` մինչեւ օգոստոսի 3՝ ժամը 17։00:

Հայկական Կարիտասը իրավունք է վերապահում հարցազրույցի հրավիրել միայն նախնական ընտրությունն անցած թեկնածուներին: